Հայերեն   English   Русский  

Անուշ Գրիգորյան. «Փորձում եմ միշտ բարձր պահել երկրիս պատիվը միջազգային հարթակներում»


  
դիտումներ: 976

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 2019 թվականի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոնուհի Անուշ Գրիգորյանը վերջերս Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում կրկին փայլուն հանդես եկավ:

51 կգ քաշային կարգում հայ մարզուհին տպավորիչ մենամարտեր անցկացրեց և, եզրափակչում հաղթելով Իռլանդիայի ներկայացուցիչ Կարլի Մկնաուլին, նվաճեց ոսկե մեդալ:
Անկախի հետ զրույցում Անուշ Գրիգորյանը կիսվում է տպավորություններով, խոսում հաղթանակներից հետո ձեռքբերված վստահության, սպորտում և, առհասարակ կյանքում, դժվարությունների հաղթահարման ու առաջիկա ծրագրերի մասին:

-Շնորհավորում ենք Ձեզ. անպարտելի մենամարտերի շարքը շարունակելով` այս անգամ արդեն իսկ հաջողության հասաք և չեմպիոնի տիտղոսը նվաճեցիք մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկությունում:

-Շնորհակալ եմ: Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում հաղթանակ տոնելուց հետո Գերմանիա մեկնեցինք ավելի ինքնավստահ, հավատով ներշնչված ու մարտական տրամադրված:
Նախապատրաստական փուլն անցել էի տեխնիկատակտիկական ուսումնամարզական հավաքի մասնակցելով Վահան Ադիլխանյանի, Ռուդիկ Մկրտչյանի և Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Մարզիչներս ավելի էին ոգևորում, որ հաղթանակներիս թիվն ավելացնեմ և բարձր պահեմ այն նվաճումը, որն ունեցել եմ:
Ես վստահ մեկնել էի մրցավայր. գիտեի, որ կարող եմ հաջող հանդես գալ ու հաղթել, քանի որ ունեմ բոլոր հնարավորությունները:
Ուրախ եմ, որ կարողացա իմ առջև դրված նպատակն իրագործել: Կարծում եմ, որ մարդը, եթե ծնվել է, ապրում է, ապա պետք է պայքարի հաջողության հասնելու, հաղթանակներ տոնելու, հանապազօրյա հաց վաստակելու համար: Կյանքն ինձ համար պայքար է. յուրաքանչյուր բնագավառ, ամեն ընտրած ճանապարհ ունի իր դժվարությունները:

Անուշ Գրիգորյան 2019

-Հետաքրքիր զուգադիպությամբ աշխարհի գավաթակիր դարձաք Ձեր տարեդարձից մեկ օր առաջ` ինքներդ Ձեզ անմոռանալի նվեր պարգևելով:

-Իսկապես, միշտ կհիշեմ այս հաղթանակը: Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ կյանքն այնպես դասավորվեց, որ կարողացա ինքս ինձ նվեր մատուցել: Յուրհատուկ զգացողություններ ունեի, քանի որ հաճախ չէ, որ նման համընկնումներ են լինում: Անհավատալի է, որ այդ ամենն ինձ հետ է կատարվել: Որքան էլ ժամանակ անցնի, այլ մրցաշարերն ու հաղթանակները, հնարավոր է, մոռանամ, բայց այս մեկը` երբեք:

-Անուշ, հունիսին մասնակցելու եք Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերին. հաղթանակներից հետո կա՞ պատասխանատվություն:

-Վերջին մրցաշարերից հետո վերականգնման մի փոքր խնդիր ունեմ: Հաղթանակներից հետո, երբ չեմ մարզվում, միայն ու միայն մտածում եմ պարապմունքները նորից վերսկսելու, ռեժիմով արթանանալու, մարզումային ռիթմով ապրելու մասին:
Առաջիկայում մասնակցելու եմ 2 ուսումնամարզական հավաքի` մեկը Ծաղկաձորում, մյուսը, հավանաբար, Օլիմպավանում: Այնուհետև, հունիսի 18-20-ն ընկած ժամանակահատվածում կմեկնենք Մինսկ, որտեղ և կկայանան Եվրոպական օլիմպիական 2-րդ խաղերը:

Հաղթանակները վստահություն են հաղորդում և տրամադրում են` ավելի մեծ եռանդով մարզվեմ, այն ձեռքբերումները, որոնք ունեցել եմ, կարողանամ պահել ու կրկնել հաջողությունները: Ռինգում պարտավոր եմ ավելի լավ ներկայանալ, որովհետև պատասխանատվությունն ավելի է մեծացել:

Մարզիկը, երբ մի քանի անգամ պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնում, ոսկե մեդալ է նվաճում, մարդիկ ակնկալում են միայն հաղթանակ: Դա արդեն իսկ մեծ պատասխանատվություն է առաջացնում, որպեսզի ավելի լավ մարզվեմ: Ֆիզիկական պատրաստությունից պակաս կարևոր չէ նաև հոգեբանական պատրաստությունը: Ես գիտեմ, որ մարզիչներս իրենց գործի գիտակներն են, և ինձ հետ, ինչպես միշտ, ճիշտ կաշխատեն: Չեմ ցանկանում առաջ ընկնել, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

-Բազմաթիվ մրցաշարերի եք մասնակցել` մշտապես բարձր պահելով Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում: Ի՞ նչ զգացողություններ եք ունենում հայոց եռագույնը ներկայացնելիս:


-Միշտ ասում եմ` ես մասնակցում եմ մրցումների ոչ թե որպես Անուշ Գրիգորյան, այլ որպես հայ մարզուհի, որը ներկայացնում է իր երկիրը և փորձում է ամեն կերպ բարձր պահել Հայաստանի անունը: Հաղթանակներ շնորհիվ ճանաչում են մեր երկիրը: Դա մարզիկի ամենամեծ առաքելությունն է: Մենք մեր եռագույնի համար ենք պատասխանատու:

Անուշ Գրիգորյան 2019

Երբ հաղթանակից հետո վեր է խոյանում հայոց եռագույնը, այդ պահին զգացողություններն անբացատրելի են: Մեծ հպարտություն եմ զգում, որ, լինելով Էջմիածնի Գայ գյուղից, կարողանում եմ բազմաթիվ իմ հաղթանակով կանգնեցնել ոտքի, որպեսզի նրանք ճանաչեն իմ երկիրը: Ինձ համար մեծ հպարտությունն է, որ կարողանում եմ երկրիս պատիվը բարձր պահել միջազգային ասպարեզում: Դա կարծես մեծ երազանք լինի:

-Հաղթանակներից հետո ուշադրությունը մարզիկի նկատմամբ մեծանում է, ավելի շատ մարդիկ են սկսում ճանաչել, հետևել և հետաքրքրվել: Չափից ավելի ուշադրությունը կարո՞ղ է խանգարել:

-Ամեն ինչ չափի մեջ է հաճելի: Յուրաքանչյուրն ինքն է սահմանում այդ չափը: Չեմ տրվում աստղայինին: Ամեն հաղթանակից հետո ավելի շատ եմ սկսում պարապել ու մարզվել: Ոչ թե ոգևորվում եմ, որ ամենաուժեղն եմ ու ամենալավը, այլ անընդհատ, անգամ հանգստի ժամանակ, երբ չեմ մարզվում, մտածում եմ միայն բռնցքամարտի մասին, թե ինչ չեմ արել, ինչը պետք է լրացնեմ: Երբ ֆիզիկապես չեմ մարզվում, մտքով եմ մարզվում, ուղեղս միշտ բռնցքամարտով է տարված:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: