Հայերեն   English   Русский  

Մեղադրանք է առաջադրվել մարդու առևանգման, ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու համար


  
դիտումներ: 557

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 26-ամյա բնակչին առևանգելու,

նրա նկատմամբ ավազակային հարձակում և կողոպուտի փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը:


Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ 1992թ. ծնված բնակիչը, տեղեկանալով, որ համաքաղաքացու՝ 26-ամյա երիտասարդի մոտ առկա է բանկից որպես վարկ ստացված 300.000 ՀՀ դրամ գումար, այն հափշտակելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր ընկերների հետ, նրան հրավիրել սրճարան ու պահանջել տալ իր մոտ առկա գումարը: Մերժում ստանալուց հետո, խաբեությամբ և բռնություն գործադրելով, ընկերների հետ նրան առևանգել և տեղափոխել է Լոռու մարզի «Թեժ լեռ» կոչվող տեղանք, որտեղ դարձյալ բռնություն են գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, գումարը վերջինիս բնակության վայրից հայտնաբերելու նպատակով, նրան տեղափոխել Վանաձոր քաղաքի՝ իր բնակարան, սպանության սպառնալիքով պահանջել գումարը, հարկադրաբար հանել են նրա հագուստները և կոշիկի միջից հայտնաբերել ու հափշտակել զգալի չափի՝ հիշյալ 300.000 ՀՀ դրամ գումարը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն՝ 27-ամյա երիտասարդը, տեղեկանալով, որ տուժողը կրկին բանկից վարկ է ստանալու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, գումարը բացահայտ հափշտակելու նպատակով, 2017 թվականի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հետապնդել և սպասել է բանկից՝ նրա դուրս գալուն:

Բանկից դուրս գալուց հետո, անմիջապես բանկի դիմաց դանակով սպառնալով՝ փորձել են վերցնել վերջինիս ձեռքի պայուսակը: Սակայն 26-ամյա վանաձորցին ինքնապաշտպանության նպատակով իր մոտ պահվող կենցաղային փոքր կացնի գործադրմամբ կարողացել է ինքնապաշտպանվել և վանել իր նկատմամբ հարձակում կատարած անձանց, իսկ վերջիններս դիմել են փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև՝ 34-176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ 27-ամյա երիտասարդի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Նշենք, որ նշված քրեական գործով ևս 5 անձի մեղադրանք է առաջադրվել ավելի վաղ, որոնցից չորսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ մասերը քրեական գործից անջատվել են առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: