Հայերեն   English   Русский  

​Շուշի


  
դիտումներ: 2294

Շուշին իրավամբ կարելի է համարել հայոց մշակութային մայրաքաղաքը, չնայած, այն երբևէ չի եղել հայկական պետության մայրաքաղաք:

Շուշին գտնվում է պատմական Հայաստանի նահանգներից Արցախ աշխարհի Վարանդա գավառում, անմատչելի բարձրադիր հրվանդանի վրա, որ բարձր է ծովի մակերևույթից շուրջ 1500 մետր:

Հնագիտական պեղումները վկայում են, որ Շուշիի տարածքում ամրոց-բնակավայր է եղել դեռևս IX դարում: Շուշին ենթադրաբար նույնացվում է միջնադարյան Շիկաքար բերդի հետ: Համաձայն Մովսես Կաղանկատվացու պատումի` Կողմանք Արևելից Հայոց (կամ` Հայկական Աղվանք) պետության գահերեց իշխան Առանշահիկների տոհմից Սահլ Սմբատյանը հենց Շուշի-Շիկաքարն է դարձրել հակաարաբական պայքարի իր հենակետը: Իսկ ավելի վաղ` դեռևս մ.թ.ա. III հազարամյակում այս տարածքում մարդկային բնակավայր է եղել: XIII դարում Շուշին արդեն Կարկառ անունով հիշատակում է Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատության մեջ: Շուշին որպես Կարկառ հիշատակվում է նաև միջնադարյան այլ պատմիչների աշխատություններում:

Բնակավայրը հայտնի է նաև Շոշ, Շուշվա սղնախ, Փանաբերդ, Քարագլուխ և այլ անվանումներով: Միջնադարում նրա մասին հիշատակություններ են թողել նաև արաբ մատենագիրներ Իբն ալ-Ասիրը, Յակուտը, այլք:

Արցախը Հայաստանի ամենամիատարր շրջաններից էր, և հայոց թագավորության անկումից հետո էլ տեղում պահպանվեց հայոց իշխանապետությունը: Պարսից Շահ-Աբաս Առաջինը ճանաչեց Արցախի մելիքների իշխանությունը, և տեղում կազմվեց հայկական իշխանությունների միություն, որ պատմությանը հայտնի է Խամսայի մելիքություններ անվամբ: Խամսան արաբերեն բառ է, որ նշանակում է հինգ` խորհրդանշելով Արցախի հինգ իշխանությունները: Իսկ մելիք դարձյալ արաբերեն նշանակում է թագավոր:

Շուշին Արցախի մելիքների հզոր պատվարներից էր: 1720-ական թթ. Արցախի զորքերի ընդհանուր հրամանատար Ավան Յուզբաշին այստեղ հաստատեց իր սղնախը` հզոր հենակետը: 1726 թ. նա այստեղ հաղթական ճակատամարտ տվեց Օսմանյան 40000-ոց զորքերին:

Միայն XVIII դարի երկրորդ կեսին Մելիք-Շահնազար Երկրորդը, դավաճանելով Խամսայի մելիքությունների միասնությանը, բնակավայրը հանձնեց քոչվոր ջևանշեր ցեղի առաջնորդ Փանահ Ալիին: Վերջինս, հաստատվելով տեղում, բերդաքաղաքը ամրացրեց և դարձրեց իր նորաստեղծ խանության կենտրոնը: Խամսայի մելիքները, չհաշտվելով իրավիճակի հետ, պատերազմի ելան նվաճողի դեմ, սակայն չկարողացան ընկճել ստահակին: Փանահ խանին հաջորդած Իբրահիմ խանը ավելի ամրապնդեց իր իշխանությունը Արցախում: Այդ ժամանակներից սկսած` Շուշիում հաստատվեց նաև հոծ թուրք բնակչություն:

1795 թ. Վրաստան արշավող պարսից Աղա Մուհամմեդ խանը պաշարեց Շուշին, բայց չկարողացավ գրավել այն: Միայն երկու տարի անց խանը կարողացավ գրավել Շուշին, սակայն օրեր անց սպանվեց այստեղ իր իսկ ծառաների ձեռքով:

1805 թ. Շուշին գրավեց ռուսական բանակը: Այս հաղթանակը ամրագրվեց տարիներ անց Գյուլիստանի պայմանագրով:

1813 թ. Գյուլիստանի պայմանագրից հետո Շուշին և Արցախը միացան Ռուսաստանին: Հայերը, որ աջակցել էին ռուսական զենքի հաղթանակին, հույս ունեին թոթափել թուրքական իշխանությունը: Սակայն ի հիասթափություն հայ մելիքների` ռուսական կաբինետը որոշ ժամանակ պահպանեց Փանահի սերունդների իշխանությունը Շուշիում:

Այսուհանդերձ Ռուսաստանին միանալուց հետո քաղաքը ծաղկում ապրեց, արագ շենացավ: Առհասարակ XIX դարում Շուշին Թիֆլիսից ու Բաքվից հետո Կովկասի երրորդ քաղաքն էր: Բնակչությունը հասնում էր մոտ 50 հազարի: Շուշիի առաջին հատակագիծը կազմել են ռուս զինվորական ինժեներները 1820-ական թթ.:

XIX դարում Շուշին մշակութային աննախադեպ վերելք ապրեց: Լինելով Հայաստանի ամենամեծ քաղաքը` Շուշին նաև մշակութային մեծ կենտրոն էր: Այստեղ շուրջ երկու տասնյակ դպրոցներ էին գործում: Նշանավոր էին Թեմական դպրոցը, Ռեալական դպրոցը, Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցը… Քաղաքում գործում էին նաև բարձր կարգի ուսումնարան, թատրոն, լույս էին տեսնում երկու տասնյակից ավելի թերթեր: Հռչակված էր հատկապես Շուշիի թատրոնը, որտեղ շատ նշանավոր դերասաններ են հանդես եկել:

1885 թ. Շուշին ուներ շուրջ 28000 բնակիչ, որից հայեր էին ավելի քան 16000-ը: 1920 թ. Շուշիի բնակչությունը հասնում էր 43000-ի, որից հայեր` ավելի քան 25000:

Շուշիի տները ուրույն դիմագիծ ունեն, բաղկացած են 2-3 հարկերից, փողոցները սալահատակ են, ուղիղ: Քաղաքն ինքնին թանգարան է բաց երկնքի տակ: Իսկ պսակը Ղազանչեցոնց եկեղեցին է, որ կառուցվել է 1868 թ.: Ճարտարապետական արժեք ունեն նաև 1847 թ. կառուցված Կանաչ Ժամը, Վերին մզկիթը, ամրոցը, քաղաքացիական շատ շինություններ:

1905-1906 թթ. Շուշին հայ-թուրքական ընդհարումների թատերաբեմ էր: Սակայն հայերը կարողացան ուժեղ հակահարվածով զսպել թուրքական ոտնձգությունները:

1918-ից Շուշին դարձյալ պայքարի կիզակետում էր: Արցախին տիրելու համար չհայտարարված պատերազմ էր ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանին աջակցում էին Կովկասում բրիտանական զորքերի հրամանատարությունը, 1920 թ. ապրիլից` Խորհրդային Ռուսաստանը:

1920 թ. Շուշին ավերվեց և հայաթափվեց: Մարտի 22-ին գիշերային հարձակումով թուրք-ադրբեջանական հրոսակները գրավեցին Շուշին, հայերի կոտորած կազմակերպեց, որին զոհ գնացին քաղաքի բնակիչներից 20 հազարը, իսպառ ավերեց քաղաքը: Դրանից հետո Շուշին այդպես էլ ուշքի չեկավ:

Շուտով խորհրդային Ռուսաստանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, և Շուշին դարձավ ադրբեջանական իշխանությունների պատվարը հայկական Արցախում:

1923 թ. ձևավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մայրաքաղաք հռչակվեց Ստեփանակերտը (Վարարակն): Իսկ Շուշին դարձավ բացառապես ադրբեջանցիներով բնակեցված քաղաք: Շնորհիվ մարտավարական հաջողակ դիրքի` 1988-1992 թթ. Շուշին դարձավ ադրբեջանական բանակի կարևորագույն հենակետը Արցախում: Այնտեղից տարբեր տրամաչափի զենքերով շարունակ կրակ էր թափվում Ստեփանակերտի վրա:

1992 թ. մայիսի 9-ին Շուշին ազատագրվեց և հնամենի հայաքաղաքի համար նոր հորիզոններ բացվեցին: Շուշիի գրոհը հայոց ռազմարվեստի պատմության ամենափայլուն էջերից է: Առհասարակ, նման փոքրածավալ ուժերով գրոհել Շուշին և գրավել այն` զուրկ է ամեն մի տրամաբանությունից: Գրոհն սկսվեց մայիսի 8-ի գիշերը չորս ուղղություններով և 25 կմ ընդհանուր ճակատով: Ի վերջո, թշնամին չդիմացավ 1200 հայ զինվորների հուժկու գրոհին և մայիսի 9-ի առավոտյան անձնատուր եղավ: Շուշիի գրոհի ժամանակ հայկական բանակը տվեց 57 զոհ, հակառակորդը` 300 զոհ և մոտ 1000 վիրավոր, տասնյակ գերիներ:

Շուշիի հաղթանակը կարելի է մեկնաբանել միայն մեկ փաստարկով. հայի անկոտրում կամքով և ուժով: Շուշիի գրոհը նախագծվեց և իրականացվեց լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ղեկավարությամբ: Մանրամասն մշակված գործողությունը կոչվում էր «Հարսանիք լեռներում»: Եվ… Շուշիի գրոհից հետո հարսանիք եղավ Արցախի լեռներում: Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ պատերազմի ընթացքում և արդյունքում ծնվեց հայոց երկրորդ պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Շուշիից հետո հայ մարտիկները ազատագրեցին Լաչինը, ցամաքային կապ հաստատեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև, ինչն էլ գրավականն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության ապահովման:

Շուշին, լինելով մշակութային մեծ կենտրոն, շատ անվանի հայորդիների ծննդավայր է համարվում: Նշանավոր շուշեցիներ են Արամ Մանուկյանը, Իվան Լազարյանը, Թորգոմը, Վաղարշ Վաղարշյանը, Ռաֆայել Իսրայելյանը, Նելսոն Ստեփանյանը, Հակոբ Գյուրջյանը, Լեոն, Մուրացանը…

Շուշիում ներկայումս բնակվում է մոտ 4500 մարդ, որոնք հիմնականում փախստականներ են Բաքվից: Քաղաքը վեր է հառնում ավերակներից: Մշակութային, կրթական և հոգևոր կյանքը աստիճանաբար մուտք է գործում քաղաք:

Վահե Անթանեսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: