Հայերեն   English   Русский  

​«Մեկ տարի անց. ինչպե՞ս են հայերը տեսնում իրենց հեղափոխությունը». Eurasianet


  
դիտումներ: 333

Eurasianet պարբերականն անդրադարձել է Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ուենցած «թավշյա» հեղափոխությանն ու դրա հետևանքներին:

«Մեկ տարի անց. ինչպե՞ս են հայերը տեսնում իրենց հեղափոխությունը» վերնագրով հոդվածում ասվում է, որ 2018թ. մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում: Հայաստանը, ինչպես նշում է պարբերականը, 27 դժվար տարիներ վերապրեց` Սովետական Միությունից անկախանալուց հետո։ Իսկ ըստ Նիկոլ Փաշինյանի, «թավշյա» հեղափոխությունը հայերին լավատեսության առիթ տվեց:

Պարբերականը նշում է, որ մեկ տարի անց հայերը գնահատում են Փաշինյանի կառավարությանը, ինչպես նաև հույսեր կապում «նոր Հայաստանի» հետ:

«Էյֆորիան անցել է, և այժմ մտավախություններ կան»,-գրում է պարբերականը:

«Մեկ տարի առաջ նա ակտիվիստ էր, իսկ այժմ կոստյումով և փողկապով տղա է»

1 տարի անց

Անցած տարի, երբ Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին, ֆրանսաբնակ Ռուդոլֆ Կալուսդյանը չմասնակցեց դրանց: «Ես չեզոք մարդ եմ: Ես իսկապես չեմ հավատում, որ լավ քաղաքական գործիչ գոյություն ունի: Սակայն երբ տեսա, որ մարդիկ իսկապես միասնական են, որոշեցի միանալ»,-ասում է Ռուդոլֆը:

36-ամյա Ռուդոլֆը, որը Երևանում բարեր ունի, նոր կառավարությանը նայում է փոքր բիզնես ունեցողի աչքերով: Նա դժգոհում է բարձր հարկերից:

«Կոռուպցիան, որը նախկինում խանգարում էր փոքր բիզնեսին, վերացել է: Լավ է, որ այժմ աշխատում ենք, ինչպես արևմտյան երկրներում, ամեն ինչ կարգին է: Առաջ կաշառք էին տալիս, սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Տեսնում եմ, թե ինչպես են իմ գործընկերները փոխում իրենց մտածելակերպը: Մարդիկ ցանկանում են փոխվել»,-ասում է Ռուդոլֆը:

«Դա պարզապես կուսակցություն չէր (ՀՀԿ,-խմբ.), դա մի խումբ էր, որը ցանկանում էր թալանել մարդկանց: Փաշինյանը հաղթեց, քանի որ մարդիկ հիասթափված էին: Այժմ նոր կառավարությունում շատ երիտասարդներ կան: Հեռացել են այն 55-ամյա փորով տղամարդիկ, որոնք ամբողջ օրը խորոված էին ուտում և նույնիսկ չգիտեին` ինչպես նամակ գրել»,-հավելում է Ռուդոլֆը:

«Այժմ նրանք պետք է գործեն, սակայն նրանք դանդաղ են գործում»

Գևորգ Կաասն անցած տարի 21 տարեկան էր, սովորում էր Երևանի թատերական ինստիտուտում: Նա հույսը կորցրել էր, որ կդառնա ռեժիսոր, սակայն երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո հույսերն արթնացան:

1 տարի անց

«Իմ նմանների համար որևէ հույս չկար, որ ինչ-որ դուռ կբացվի: Հեղափոխությունը հույսեր արթնացրեց, այն փոխեց իմ ծրագրերը»,-ասում է Գևորգը: Սակայն վերջին շրջանում, ինչպես նշում է պարբերականը, Գևորգը վատատես է դարձել, քանի որ կառավարությունը դանդաղ է գործում:

«Շատերն ասում են, որ ոչինչ չի փոխվել: Ես ասում եմ` փոխվում է, սակայն դանդաղ»,-նշում է Գևորգը` մտավախություն հայտնելով, որ մեկ կամ երկու տարի անց Փաշինյանն ու իր թիմն այդքան սեր չեն վայելի ժողովրդի կողմից, ինչպես մեկ տարի առաջ էր:

«Դուք կարող եք անվերջ ման գալ, և ամեն անգամ մի նոր խնդիր կգտնեք»

Մեկ տարի առաջ Արևիկ Անափիոսյանը 6-շաբաթյա ստաժավորում էր անցնում Վաշինգտոնում: Նա ղեկավարում էր կրթության ոլորտում քաղաքական հարցերով վերլուծական կենտրոնը և որևէ կապ չուներ քաղաքականության հետ:

Արևիկը Երևան վերադարձավ մայիսի 13-ին, և 2 ժամ անց առաջարկ ստացավ` աշխատելու կրթության նախարարի տեղակալի պաշտոնում: «Ինձ նույնիսկ մտածելու ժամանակ չտվեցին»,-ասում է Արևիկը:

Արևիկ Անափիոսյան

Նա ընդունվեց աշխատանքի` փորձելով իրականացնել նոր Հայաստանի լայն տեսլականն իր` կրթական ոլորտում:

«Կրթական ոլորտում համակարգային փոփոխություններ էին անհրաժեշտ, որակյալ կրթություն բոլորի համար: Դուք կարող եք անվերջ ման գալ, և ամեն անգամ մի նոր խնդիր կհայտնաբերեք: Չէի կարծում, որ այդ փոփոխություններն այդքան դանդաղ կընթանան»,-նշում է Արևիկը:

«Կարևորն այն է, որ նա մտածում է իր քաղաքացիների մասին»

Սովետական տարիներին Ալբերտ Մադաթյանը Բերքաբերում կոլխոզի նախագահ էր: Սովետական տարիներին, Ալբերտի խոսքով, Բերքաբերը գեղեցիկ գյուղ էր, բոլորը գիտեին իրենց այգիների մասին:

1 տարի անց

«Բոլորն աշխատանք ունեին, բոլորը զբաղված էին»,-ասում է Ալբերտը:

Այժմ նա72 տարեկան է, շփվում է մյուս թոշակառուների հետ` գյուղի կենտրոնական հրապարակում նստարանին նստած և ցավում, որ իր գյուղն ավերվեց Սովետական Միության փլուզումից և հարևան Ադրբեջանի հետ պատերազմից հետո, սակայն նոր կառավարության հետ հույսեր ունի:

«Հոգնել էինք հին կառավարությունից, որը խաբում և թալանում էր: Փաշինյանը, կարևորը, սիրում է իր քաղաքացիներին»,-ասում է Ալբերտ Մադաթյանը` նշելով կոնկրետ առավելություններ` ֆերմերները անասուն են գնում` օգտվելով կառավարության վարկերի սուբսիդավորման նոր ծրագրից: Ըստ Մադաթյանի` նոր իշխանություններն ուշադրություն են դարձնում գյուղատնտեսությանը:

«Մարդիկ աշխատանք չունեն»

1 տարի անց

49-ամյա շինարար Արա Ղազարյանը 2003 թվականից չի աշխատում իր մասնագիտությամբ: Դրա փոխարեն տաքսի է քշում իր հին սպիտակ վոլգայով: Տիրապետելով անգլերենին` այպես ասած մինի-տուրեր է առաջարկում զբոսաշրջիկներին` տանելով նրանց Գյումրի:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո կորցրել է իր տունը: Նա ասում է, որ կոռումպացված պաշտոնյաները կաշառք են պահանջել տան վերանորոգման համար, ապա հողը ձեռքից վերցրել: «Մենք այնտեղ կես դար ենք ապրել»,-ասում է Արան:

Նրա խոսքով` Գյումրու ամենամեծ խնդիրն աշխատանքի բացակայությունն է:

«Եթե դուք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեք, դուք պարտավոր եք դա անել»

Մեկ տարի առաջ Արսեն Կարապետյանը ճարտարապետ և ակտիվիստ էր: «Առաջ Հայաստանը կարծես Հյուսիսային Կորեան լիներ: Երկար ժամանակ չէի զգում, որ ինչ-որ բան փոխվել է: Սակայն հետո փոփոխությունները տարածվեցին Երևանի քաղաքային իշխանությունների վրա, և ինձ հրավիրեցին քաղաքային խորհուրդ»,-պատմում է Արսենը:

1 տարի անց

«Եթե դուք ինչ-որ բան անելու հնարավորություն ունեք, դուք պարտավոր եք դա անել»,-նշում է նա` պատմելով, թե ինչպես է փորձում արմատախիլ անել կոռուպցիան,-«Եթե ինչ-որ բան չկարողանամ անել, կհեռանամ: Բայց մինչ այդ ուզում եմ արդյունք տեսնել: Նոր Հայաստանում, չէի ասի, թե գտել եմ այն, ինչ փնտրում էի: Սակայն այժմ որևէ խնդիր չեմ տեսնում իրավիճակը փոխելու համար: Այժմ առավել հանգիստ է` առանց բողոքի, առանց ամբոխի, պարզապես կարելի է գնալ ընտրության և մեկ այլ վարչապետի ընտրել»,-եզրափակում է Արսենը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: