Հայերեն   English   Русский  

Վրաստանում ոստիկանությունը յոթ մարդ է ձերբակալել, որոնք համացանցով թմրանյութեր էին վաճառում


Նրանցից չորսը մեկ ընտանիքի անդամներ են՝ ծնողներ ու երեխաներ


  
դիտումներ: 339

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը համացանցի միջոցով թմրանյութերի իրացման մասշտաբային սխեմա է բացահայտել։ Ոստիկանությունը յոթ մարդ է ձերբակալել, որոնցից չորսը մի ընտանիքի անդամներ են՝ մայր, հայր և երկու երեխա։

Թմրանյութեր՝ համացանցով

«Յոթ անձից բաղկացած հանցավոր խումբը գործում էր նախապես մշակված պլանով։ Մասնավորապես, նրանք զբաղվում էին համացանցով թմրանյութերի ապօրինի իրացմամբ։ Անցկացված մասշտաբային գործողության արդյունքում կազմակերպված խմբից առգրավվել են թմրանյութեր, որոնք 2125 փաթեթների էին բաժանվել», – հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն։

ՆԳՆ տվյալներով՝ այդ գործի հետաքննությունը մի քանի ամիս է տևել։ Հայտնի է դարձել, որ մեղադրյալները Մատանգա պլատֆորմում MEGASHOP անվամբ խանութ են գրանցել, դրա միջոցով էլ վաճառել են թմրանյութերը։

Նրանք թմրանյութերը փոքրիկ տուփերի մեջ են լցրել, դրանք տեղադրում էին Թբիլիսիի տարբեր վայրերի գաղտնարաններում, լուսանկարում և համապատասխան ցուցումներով և կոորդինատներով ուղարկում հաճախորդներին, գումարը փոխանցվում էր Մատանգա կայքի նրանց հաշվին։

Մեղադրյալների, ինչպես նաև նրանց բնակարանների և ավտոմեքենայի խուզարկության արդյունքում առգրավվել է տարբեր թմրանյութերի 2125 փաթեեթ, որոնք սպասում էին իրացման։

Մասնավորապես, առգրավվել է MDMA, մետամֆետամին, ամֆետամին և կոկաին։ Խուզարկության արդյունքում առգրավվել են մեքենաներ, խոշոր գումար, բջջային հեռախոսներ և համակարգչային տեխնիկա․ այդ ամենը մեղադրյալներն օգտագործել են թմրանյութերի իրացման համար։

Հետաքննություն է սկսվել կազմամկերպված խմբի կողմից առավել խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման հոդվածով։ Հոդվածը 8-20 տարվա ազատազրկում է նախատեսում։

Դատարանը որպես ձերբակալվածների հանդեպ խափանման միջոց ընտրել է նախնական կալանքը։

ՆԳՆ վիճակագրությունը

Փոխնախարարի տեղեկության համաձայն՝ 2019 թ-ի հունվարի մեկից մինչ այսօր ոստիկանությունն առգրավել է 13 կգ հերոին, 1530 կոճակ սուբոտեքս և սուբոքսին, 2400 կոճակ էքստազի, մինչև հինգ կիլոգրամ նոր հոգեմետ նյութ, մեկ կիլոգրամ և 400 գրամ կոկաին և 350 գրամ հոգեմետ դեղ։

Բորցվաձեի տեղեկության համաձայն՝ 2019 թ-ի հունվարի 1-ից մինչև այսօր ՆԳՆ-ն թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար 676 մարդու է պատասխանատվության ենթարկել, նրանցից 55-ը թմրանյութեր իրացնողներ են։

Ձերբակալվածները չեն ընդունում իրենց մեղքը

Համացանցով թմրանյութի իրացման համար ձերբակալված ընտանիքի անդամներից մեկը չի ընդունում իր մեղքն ու ասում է, որ թմրանյութերն իր գրպանն են գցել։ Ինչպես Ինտերպրեսնյուս գործակալությանը հայտարարել է մեղադրյալ Նիկա Աբրամիձեի փաստաբան Գիորգի Լալիաշվիլին, իր վստահորդն ի սկզբանե խոստովանել է մեղքն ու ցուցմունք տվել քննությանը, սակայն ավելի ուշ, որպես մեղադրյալ հարցաքննվելիս հայտարարել է, որ անմեղ է։

Եվս մեկ ձերբակալված Աննա Աբրամաձեն օգտվել է լռելու իրավունքից և չի ճանաչում իր մեղքը։

«Նրա ողջ ընտանիքը ձերբակալված է՝ ամուսինն ու երկու որդիները։ Նա շատ է անհանգստանում այդ առիթով և լալիս է։ Ասում է, որ թմրանյութերի փոքր քանակ իրոք եղել է, սակայն ոչ այնքան, որքան առգրավվել է տնից», – հայտարարել է նրա փաստաբան Մարիամ Պապոշվիլին։

Փաստաբանի տեղեկություններով՝ իր վստահորդը համագործակցում է հետաքննության հետ և ԴՆԹ նմուշ է տրամադրել։

Որքա՞նով է հեշտ Վրաստանում թմրանյութ գնելը

2018թ-ի մայիսին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն է անցկացրել։ Լրագրողը գրանցվել է ռուսալեզու կայքում, գտել համապատասխան հայտարարությունն ու վճարել բիթքոյիններով։ 15 րոպե անց հաղորդագրություն է ստացել այն մասին, որ պատվերը պատրաստ է, ինչպես նաև այն վայրի GPS կոորդինատները, որտեղ իրացնողը տեղադրել է մեֆեդրոն նյութը։

Նշված վայրում կոնֆետի պես դեղին թղթով փաթաթված իրը գտնելուն պես լրագրողը պարեկների է կանչել և փոխանցել գտածը։ Լրագրողներն այդ հետաքննությունն անցկացրել են այն բանից հետո, երբ Թբիլիսիում 5 մարդ էր մահացել և մինչև 10-ը՝ ծանր թունավորվել անհայտ թմրանյութ ընդունելուց հետո։

Ոստիկանությունն այն ժամանակ երկու մարդ էր ձերբակալել և հայտարարել, որ համացանցով թմրանյութերի իրացման սխեմա է բացահայտել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: