Հայերեն   English   Русский  

​«Ես հասկանում էի, որ ժամանակավոր առաջին տիկին եմ և ձգտում էի այդ ընթացքում լավ օգտագործել ունեցածս հնարավորությունները, հնարավորինս օգուտ տալ, մնացածը ինձ չէր հետաքրքրում». Ռիտա Սարգսյան


  
դիտումներ: 1214

Մի զրույցի ժամանակ նախկին բարձրաստիճան պաշտոնյա կանանցից մեկն այսպիսի միտք հայտնեց. «Ահավոր է, երբ մարդուն զարդարում է պաշտոնը և ոչ հակառակը»:

Այս միտքն ակամա մտաբերեցի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն այցելությունից հետո, որտեղ զբաղվում են ատուիզմ ունեցող երեխաներով:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Սկզբից ևեթ ասեմ, որ տպավորությունը շլացուցիչ էր, երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այս մակարդակի կենտրոններ էլ կան, իսկ տվյալ այցելության պատճառը նախկին առաջին տիկնոջ գործունեությամբ հետաքրքրությունն էր, որ սկիզբ էր առել դեռ տարվա սկզբին, երբ Թբիլիսում պատահաբար իմացա, որ նա կարևոր դեր է խաղացել Հովհաննես Թումանյանի տան պատշաճ կահավորման հարցում:

Գալով Երևան՝ զարմանքով տեղեկացա, որ բացի «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինելուց, որի գործունեության շնորհիվ բուժում է ստացել մոտ 500 երեխա, վերակառուցվել և վերազինվել է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը»՝ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքով և ցողունային բջիջների լաբորատորիայով, բացի բազմաթիվ երաժշտական և այլ մշակութային միջազգային մրցույթներ ու փառատոներ կազմակերպելուց, տիկին Սարգսյանը միաժամանակ ղեկավարել է սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման հնարավորություն ընձեռող «Արագիլ» հիմնադրամը («Անկախն» արդեն անդրադարձել է դրան): Այսքան բազմակողմանի ու ջանքեր քամող գործերից հետո մարդ ի՜նչ քաջություն և նվիրում, պատասխանտվության ինչ մեծ զգացում պիտի ունենա, որ ստանձնի երկրում աուտիզմ ունեցող երեխաների հոգածության գործը պետական մակարդակի հասցնելու դժվարին խնդրի լուծումը:

«Աուտիզմ» հիմնադրամը և «Իմ ուղին» կենտրոնը

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Աուտիզմը մեր դարի ամենաբարդ խնդիրներից է, քանի որ աուտիզմ ունեցող ծնունդների թիվը կատաղի արագությամբ աճում է (այսօր արդեն արձանագրում են, որ յուրաքանչյուր 68 ծնունդից մեկը աուտիզմով է ծնվում), և գիտությունը դեռևս չի կարողանում պատասխան տալ, թե ինչու: Փաստորեն, մեր մոլորակում օրի օրի մեծանում է աուտիկների մոլորակը, որի բնակիչները կարծես մեզ հետ են, բայց ուրիշ են և անհաղորդ մեզ: Գիտությունը դեռ չունի այս երևույթը կանխելու բանալին, սակայն բավական առաջ է գնացել այն հարցում, թե ինչպես աուտիզմ ունեցող անձանց մի զգալին մասին բերել մեր աշխարհը և հասարակության լիարժեք անդամ դարձնել, մյուս մասի վիճակն էլ թեթևացնել: Իսկ դա բավական դժվարին, տքնաջան, սեր ու նվիրում և մանավանդ մասնագիտական գիտելիքներ պահանջող աշխատանք է, որ վեր է տվյալ խնդիրն ունեցող ընտանիքի ուժերից: Բավական է ասել, որ ընտանիքի կյանքի որակը կտրուկ ընկնում է, երբ ատուտիզմով երեխա է ծնվում, քանի որ նրան խնամելու համար հարկ է, որ ծնողներից մեկը հրաժարվի աշխատելու մտքից և ամբողջ օրվա ընթացքում այդ երեխայի հետ լինի: Բայց դա էլ երաշխիք չէ, որ երեխայի զարգացման ընթացքի որևէ բարելավում կլինի, քանի որ նրա հետ զբաղվելու, նրա վիճակը թեթևացնելու համար որոշակի մասնագիտական գիտելիքներ պիտի ունենաս և առավել նպատակահարմար մեթոդներ ընտրես:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

2000-ակաների սկզբին աուտիզմ ունեցող ծնողներից մեկը հասել է մինչև Միացյալ Նահանգներ, ծանոթացել այնտեղ բավական մեծ հեղինակություն վայելող մասնագետներից մեկի՝ Այրա Հեյվելի հետ, սովորել նրանից վարքային թերապիայի մեթոդները, վերադարձել Հայաստան և կապ հաստատել ուրիշ բախտակից ծնողների հետ, որպեսզի հաղորդի նրանց իր փորձը:

Եվ մի օր այդ կանայք հարց են տվել իրենց. լավ, մենք հնարավորություն ունեինք և ինչ-որ կերպ մեր խնդիրը լուծում ենք, իսկ ի՞նչ են անում ուրիշները, որոնք այս հնարավորությունները չունեն: Սեփական ուժերով տարածք են վարձում, որպեսզի կարողանան ևս մի քանի երեխաների օգնել: Բայց տեսնում են, որ դա հարցի լուծում չի, անհարժեշտ է այդ գործը ուրիշ հիմքերի վրա դնել: Եվ 2004 թ. հիմնադրում են «Աուտիզմ-հաղթահարում» հասարակական կազմակերպությունը, որպեսզի որպես այդպիսին կարողանան համապատասխան ատյանների դիմել և իրենց ձայնը լսելի դարձնել:

Ահավասիկ քաղաքացիության և պետական մտածողության ցայտուն օրինակ, երբ մարդ մտածում է ոչ միայն իր խնդիրը լուծելու, այլև ուրիշներին ձեռք մեկնելու մասին:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Կազմակերպության անդամներ Հասմիկ Մարգարյանը և Սոնա Պետրոսյանը, «Իմ ուղին» կենտրոնի աշխատակիցները կարող են ժամերով ոգևորությամբ խոսել իրենց աշխատանքների, ունեցած ձեռքբերումների մասին և հրճվանք ապրել՝ տեսնելով այցելուի զարմանքն ու հիացմունքը: Սրանք մարդիկ են, որոնք երազանք են ունեցել և հասել են դրա իրականացմանը: «Աչքերիս չեմ հավատում»,- ի վերջո չզսպեցի ինձ: «Ճիշտն ասած, մեկ-մեկ մենք էլ չենք հավատում, երբ հիշում ենք մեր անցած դժվարությունները»,- ծիծաղեց Սոնա Պետրոսյանը:

Պարզվեց, որ տարիներ շարունակ նրանք ծեծել են բոլոր հնարավոր ու անհնարին դռները՝ ամեն անգամ հանդիպելով անհաղորդ անտարբերության, լավագույն դեպքում՝ խնդրի ընկալման, բայց և ափսոսանքի, որ ոչնչով չեն կարող օգնել: Ինչպես չեն հուսահատվել՝ իրենք էլ չեն կարող բացատրել, ինչ-որ ներքին հավատ նրանց շարունակ ստիպել է հետ չկանգնել: Եվ բաղձալի օրը ի վերջո հասել է, երբ վերջապես հանդիպել են Ռիտա Սարգսյանի հետ: Դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Բավական է ասել, որ 2012 թ. ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը՝ մեծ լիազորություններով, ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդը, «Իմ ուղին» կենտրոնին տրամադրվել է Գյուրջյան 13 հասցեում գտնվող թիվ 163 դպրոցի պարապ մնացած մասնաշենքերից մեկը, և ծայր են առել վերանորոգման աշխատանքները: Այժմ կենտրոնի բարեկեցիկ դասարաններում բարձր որակավորում ունեցող և պարբերաբար վերապատրաստվող մասնագետներն ամեն օր ցերեկային ժամերին անհատապես զբաղվում են շուրջ 150 երեխաների զարգացման և մեր հասարակությունում նրանց հետագա լիարժեք կենսագործունեությունը ապահովելու խնդրի լուծման գործով: Շուտով շահագործման է հանձնվելու կենտրոնի երկրորդ մասնաշենքը, որտեղ արդեն հասունության հասած երեխաները հմտանալու են տարբեր արհեստների ու մասնագիտությունների ուղղությամբ:

Այդ մեկ-երկու ժամվա դիտարկումներից, ի դեպ, ակնհայտ դարձավ, որ հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանն այստեղ գալիս է ինչպես իր աշխատավայրը, ոչ որպես սոսկ նախագահ: Նա բավական մոտիկից գիտեր գրեթե բոլոր երեխաներին, նրանց հետ շփվում էր անկեղծ սիրով, ինչպես իր կրտսեր ընկերների հետ, շփվում էր որպես մեկն այդ կենտրոնի աշխատակիցներից:

Առաջին տիկինը

Առաջին տիկինը (First Lady) երկրի ընտրված նախագահի կինն է: Այս տիտղոսը տարածում է գտել ամերիկյան մշակույթից, քանի որ սկզբում շնորհվել է Միացյալ Նահանգների նախագահների կանանց: Հետագայում անցել է մյուս երկրներին և գործածվում է ցանկացած պետության ղեկավարի կնոջ դեպքում, եթե այդ ղեկավարը միապետ չէ:

Իհարկե, առաջին տիկինը ընտրվում է միայն մի մարդու՝ նրա ամուսնու կողմից, սակայն այդ տիկինը եզակի իշխանություն է ձեռք բերում, որի առնչությամբ ամերիկյան պատմաբան Կառլ Սֆերացցա Էնթոնին արդարացիորեն նկատել է. «Միայն առաջին տիկինը և նախագահն են որոշում տիկնոջ իշխանության սահմանները, սակայն շատ հաճախ տիկինը գործում է առանց թույլտվության»:

Միացյալ Նահանգներում, օրինակ, առաջին տիկինն ընկալվում է ոչ միայն սոսկ որպես նախագահի տիկին, այլև նրա քաղաքական գործընկեր, որ անմիջականորեն ազդում է ընտրությունների արդյունքների վրա: Ըստ որոշ հաշվարկների՝ համակրանքը կնոջ նկատմամբ նախագահի թեկնածուին հավելյալ 7 տոկոս ձայներ է բերում:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Ամերիկյան հասարակության համար առաջին տիկնոջ ինստիտուտի նշանակության ուրույն ընկալում կարելի է համարել 1995 թ. աշխարհում առաջին և եզակի Առաջին տիկինների ազգային գրադարանի հիմնադրումը (The National First Ladies' Library (NFLL), որը նպատակ ունի համախմբել Ամերիկայի առաջին տիկինների՝ ազդեցիկ ամերիկուհիների կյանքի մասին տեղեկատվական աղբյուրները: Գրադարանը տարին երկու անգամ գիտաժողով է կազմակերպում նախագահների կանանց պատմական դերի վերաբերյալ, իսկ գրադարանի շարունակ համալրվող պահոցներում արդեն մոտ 7 հազար գիրք ու ավելի քան 500 տեսագրություն և տեղեկատվության այլ կրիչներ են հաշվում:

Առաջին տիկինների գործունեության մասին ընդունված է կարծել, որ նրանք դիվանագիտական հարաբերություններ են հաստատում ուրիշ պետությունների ղեկավարների կանանց և ընտանիքների հետ, ուղեկցում են ամուսիններին պաշտոնական այցելությունների ժամանակ, զբաղվում են մարդասիրական գործունեությամբ և այսպես կոչված «կանանց ծրագրեր» են նախաձեռնում: Սակայն որոշ առաջին տիկիններ բավական ակտիվ խառնվում են երկրի քաղաքական գործերին, և այս առումով առավել վառ օրինակ է Էլեոնորա Ռուզվելտը, որին իր լայնածավալ քաղաքական գործունեության շնորհիվ համարում էին առհասարակ աշխարհի առաջին տիկին: Իսկ երկու առաջին տիկին՝ Իսաբել Մարտինես դե Պերոնը և Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, նույնիսկ փոխարինել են իրենց ամուսիններին Արգենտինայի նախագահի պաշտոնում: Ընդ որում, Իսաբել Պերոնը առաջին կին նախագահն է դարձել աշխարհում:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Ահա առկա փաստերը թելադրում են քաղաքագետներին պնդել, որ առաջին տիկնոջ ինստիտուտի երևան գալը պայմանավորված է սոցիալական և հասարակական-քաղաքական պահանջմունքով, և այս պնդումը հիմնավորելու համար նրանք մատնանշում են նաև բազմաթիվ սոցիալական հարցումների արդյունքներ:

Քաղաքագետ Ն. Շվեդովան, օրինակ, համոզված է, որ առաջին տիկնոջ ինստիտուտը կոչված է ամրապնդելու նախագահական իշխանության հեղինակությունը, նախագահական իշխանության կայունությունը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության և պետության հարաբերությունների ներդաշնակեցումը: Միաժամանակ նշվում է, որ այս ինստիտուտը բավական յուրահատուկ է, քանի որ իր ազդեցությունը թողնում է նուրբ հոգեբանական մեթոդներով, որոնք խոր ներգործություն են ունենում հասարակական կարծիքի և աշխարհընկալման վրա:

Այսպես թե այնպես, հնարավոր չէ առարկել, որ նախագահների կամ վարչապետների կանայք տարբեր կերպ են ազդում իրենց ամուսինների և երկրի քաղաքականության վրա: Եվ թեպետ այս տեսանկյունից բազմաթիվ գործոններ են դեր խաղում, վճռորոշը, այնուամենայնիվ, նրանց անհատականությունն է (կրթական մակարդակը, դաստիարակությունը, արժեհամակարգը), նրանց հեղինակությունը երկրի ներսում, ինչպես նաև նրանց խառնվածքը, նախասիրությունների ու հետաքրքրությունների շրջանակը:

«Իմ ուղին» կենտրոն այցի ավարտին, երբ թեյի սեղանի շուրջը շնորհավորում էինք սաներից մեկի ծննդյան տարեդարձը, տնօրենը, դիմելով տիկին Ռիտա Սարգսյանին, ասաց.

- Գիտեմ, որ նորից զայրանալու եք, բայց չեմ կարող չասել՝ այս ամենը չէր լինի, եթե չլիներ ձեր միջամտությունը:

- Ես նեղվում եմ, որովհետև դուք չեք ուզում հասկանալ՝ այդ ամենն իմ կարգավիճակն է արել, ոչ թե ես:

«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն

Այցի ավարտին կարողացա ընդամենը մի հարց տալ տիկին Ռիտային. ես, որ լրագրող լինելով՝ այսքան անտեղյակ էի այս ամենին, ուրեմն ի՞նչ կարող ենք ասել բնակչության լայն շերտերի առնչությամբ ինչո՞ւ ժամանակին պատշաճ չի լուսաբանվել այս ամենը, ինչո՞ւ համապատասխան հասարակական կարծիք չի ստեղծվել: «Ես հասկանում էի, որ ժամանակավոր առաջին տիկին եմ և ձգտում էի այդ ընթացքում լավ օգտագործել ունեցածս հնարավորությունները և հնարավորինս շատ օգուտ տալ, մնացածը ինձ չէր հետաքրքրում»,- պատասխանեց նա:

Ի վերջո, նկատենք, որ գիտական և հրապարակախոսական գրականության մեջ անխտիր շեշտվում է առաջին տիկնոջ ազդեցությունը երկրի և պետության ղեկավարի վարկանիշի վրա, սակայն անուշադրության է մատնվում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարն էլ իր ազդեցությունն է թողնում առաջին տիկնոջ մասին հասարակական կարծիքի վրա: Եթե մանավանդ հանրության վերաբերմունքն այնքան էլ դրական չէ իշխանությունների նկատմամբ (իսկ իշխանություններից երբեք հանրությունը գոհ չի լինում, եթե հատկապես ապրում է տնտեսապես թույլ զարգացած երկրում, իսկ ընդդիմադիր ուժերն էլ ջանք չեն խնայում սև փիառի համար): Թերևս այս հանգամանքով պետք է բացատրել, որ ժամանակին մեծ մասամբ ստվերի տակ է մնացել և ըստ արժանվույն չի լուսաբանվել տվյալ դեպքում հանրապետության երրորդ նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի գործունեությունը: Լրագրողներս էլ, խոստովանենք, խուսափում ենք իշխանությունների այս կամ այն ներկայացուցչի հասցեին «քաղցր» խոսքեր ասելուց իշխանամետ չերևալու մտավախությամբ:

Հետևաբար ժամանակն է, որ մենք էլ փորձենք անդրադառնալ մեր նախկին նախագահների տիկնանց գործունեությանը՝ անաչառ գնահատական տալու՝ առաջին տիկնոջ տիտղո՞սն է զարդարել նրանց, թե՞ իրենք են զարդարել այդ տիտղոսը:

Ինչ վերաբերում է Ռիտա Սարգսյանին, ապա հարկ է նշել, որ քաղցկեղով հիվանդացած երեխաների հարյուրավոր ծնողներ, արհեստական բեղմնավորման շնորհիվ ծնող դարձած հարյուրավոր անձինք, աուտիզմ ունեցող հարյուրավոր ընտանիքներ հիշելու են նրա մասին որպես մի անձնավորության, որ ճակատագրական դեր է ունեցել իրենց կյանքում: Այդ մարդկանց երախտագիտությունը մի հետք է, որ հնարավոր չէ ջնջել, և մի գնահատական, որից ավելի մեծ պարգև հնարավոր չէ պատկերացնել:

Անահիտ Հարությունյան






Մեկնաբանություններ - 1

agob.k     10.05.2019 ahavasik di.sarksyan haydni a ir pari u markayin korjerov isk aha annan ir anjnaqan chahin hamar tram ner a krbanum mi pan asem 1.dari araj inj vijaqi uner ? isk nerqayis ? anqasqaj lav kidek
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: