Հայերեն   English   Русский  

​ԿԳՆ-ն առաջարկում է մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներին մեկ ժամ շուտ թողնել աշխատանքից


  
դիտումներ: 2757

Կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ մի օրինագիծ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական համակարգում հրապարակված օրինագծում ասվում է, որ դրա ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատար ծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

«Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն)»,-ասված է նախագծում։

«Անկախ»-ի հետ զրույցում Սեդա Վարդանյանը, որը նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երկու երեխաների մայր է, նշեց, որ հետաքրքրվելով տարբեր աշխատատեղերով, ի վերջո հրաժարվել է աշխատանքից, քանի որ աշխատանքային ռեժիմի ներկա պայմանները թույլ չէին տալիս երեխային ժամանակին վերցնել մանկապարտեզից:

՛՛Շատ ուրախ եմ նման նախագծի ներդրման համար: Կարծում եմ աշխատանքային ժամերի փոփոխությունը ինձ և ինձ նման հազարավոր մայրիկների հնարավորություն կտա երեխայի նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելուն զուգընթաց նաև աշխատել՛՛,- ոգևորությամբ նշեց Սեդա Վարդանյանը:

Ակնկալվող արդյունքը բաժնում նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

«Բացի այդ, հարկ է նշել, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքը, քանի որ հիշյալ հաստատությունների աշխատակիցների աշխատանքի կազմակերպումը կլինի առավել պատշաճ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների համար առավել կանխատեսելի կլինի իրենց աշխատանքի ավարտի ժամը»,-ասված է նախագծում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: