Հայերեն   English   Русский  

ԱԱԾ տնօրենի առաջարկով կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասին հարցը


  
դիտումներ: 895

ՀՀ կառավարության նիստի օրակարգից հանվեց Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 10-ի նիստում այս հարցը հանելու առաջարկ ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս որոշումը չի ուղարկվել մեզ ուսումնասիրելու և կարծիք ստանալու, բայց նախնական ուսումնասիրության արդյունքում երևում է, որ այս որոշման ընդունման դեպքում մի սերվերում կուտակվելու են տվյալներ, որոնք շատ գաղտնի են, և պարունակելու են մեր երկրի գետնի վրա և գետնի տակ եղած ողջ ինֆրաստրուկտուրան, ընդերքը, ինչպես նաև ամենակարևոր կոորդինատները, և պարզ չէ, թե այդ տեղեկությունները մենք ինչպես ենք պաշտպանելու, ինչպես նաև պարզ չէ այս տվյալներից օգտվողների ցանկը: Առաջարկում եմ հարցը հանել կառավարության նիստի օրակարգից, խորը քննարկումներից հետո նորից ընդգրկել»,- ասաց Վանեցյանը:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ հարցով ոչ թե համակարգի ստեղծումն է քննարկվում, այլ հայեցակարգը:

«Մինչև համակարգի ստեղծելը նվազագույնը մեկ տարի ժամանակ ունենք, և ձեզ հետ միասին կփորձենք բոլոր ռիսկերը նվազեցնել»,- նշեց Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկշաբաթյա ժամկետ սահմանեց, որի ընթացքում կարգադրեց պարզաբանել բաց մնացած բոլոր հարցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: