Հայերեն   English   Русский  

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի ներկայացուցիչներին


  
դիտումներ: 237

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program - CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին:

Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, հյուրերը նշել են, որ CMEP գնահատման` պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների մասին համապարփակ վերլուծության արդյունքում կներկայացվի զեկույց, որում ներառված առաջարկությունները հնարավորություն կտան բարելավել համապատասխան իրավական շրջանակը, ոլորտային քաղաքականությունները, հստակեցնել պետական առանցքային շահագրգիռ կողմերի դերերն ու պարտականությունները, այդ թվում` ՀՀ ՊՆ և ԶՈՒ` աղետներին արձագանքելու կարողությունները:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել խմբի աշխատանքները քաղաքացիական պատրաստվածության կարողությունների զարգացման նպատակով, կարևորել այս ուղղությամբ երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները:

CMEP ծրագիրը, որը համակարգվում է Անվտանգության կառավարման ինստիտուտի կողմից, իրականացվում է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ԱՄՆ ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հետ համագործակցության շրջանակներում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: