Հայերեն   English   Русский  

«Մարտի 1»-ի գործով մյուս մեղադրյալների պաշտպանները այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցում չեն ստացել


  
դիտումներ: 116

Այսօր՝ մարտի 13-ին, Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում քննարկվելու է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց գործով մյուս մեղադրյալների պաշտպանների հետ՝ ճշտելու՝ արդյո՞ք նրանք ծանուցում ստացել են նիստի վերաբերյալ եւ մասնակցելու են նիստին թե ոչ։

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ իրենք ծանուցում չեն ստացել եւ չեն մասնակցելու նիստին. «Ըստ ՍԴ որոշման՝ դա առանձին հրավիրվող դատական նիստ է, եւ մեր ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր չէ. եթե անձը գտնվում է կալանավորման մեջ, գործը դատարան ուղարկելուց հետո առանձին նիստով քննարկվում է այդ անձի կալանավորման մեջ լինելու հարցը, իհարկե, մյուս անձանց խափանման միջոցներին դատարանը եւս անդրադառնում է, բայց դա քննարկում է միանձնյա, ոչ թե նրանց մասնակցությամբ»,-ասաց Ալեքսանյանը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծում է, որ իրենց ներկայությունը՝ որպես կողմ, պարտադիր է. «Թեեւ մենք ծանուցում չենք ստացել, բայց ես կարծում եմ, որ մեր ներկայությունը պարտադիր է, դեռ կորոշենք՝ մասնակցելու ենք այսօրվա նիստին թե ոչ»,-ասաց նա։

Իսկ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով էլ՝ իրենք լրատվամիջոցներին են իմացել նիստի մասին. «Կարծում եմ՝ եթե դատարանը անհրաժեշտ գտնի եւ ծանուցի, գուցե մասնակցենք, բայց այս պահին ոչ ծանուցում ունենք, ոչ էլ «Դատալեքս»-ում է նշված, որ նիստ կա»,-հայտնեց Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու համար, ինչպես նաեւ այն բանի, որ նա, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք եւ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Ըստ մյուս մեղադրանքի՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ <<Թի Էս Էս Սի Արմենիա>> ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: