Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 831

Շաբաթվա առաջին օրերին Ռուսաստանի հանրության ուշադրության կիզակետում կիրակի օրը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռի հրդեհման պատճառների հետաքննությունն էր,

որը 41 մարդու կյանք խլեց: Հիմնական վարկածը օդաչուների ոչ արհեստավարժ գործելակերպն էր:

Մինչ կընթանար այդ հետաքննությունը, աշխարհում տեղի ունեցան ուրիշ ավիավթարներ: Կանադայում երեք մարդ զոհվեց թեթևշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով, իսկ Լաս Վեգասից Մեքսիկայի Մոնտերեյ քաղաք չվերթն իրականացնող Bombardier Challenger 601 մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով 14 մարդ զոհվեց, Մյանմարի օդանավակայանում էլ կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռ կործանվեց, որի բոլոր ուղևորները վնասվածքներ են ստացել:

Շարունակվեցին մարդկային զոհերը ռազմական բախումների և պայթյունների հետևանքով: Լիբիայում մարտական գործողությունների զոհերի թիվը հասավ 432-ի, Գազայի հատվածում 27 պաղեստինցի զոհվեց Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով, Նիգերիայում առնվազն 56 մարդ զոհվեց բենզատարի պայթյունից, Աֆղանստանում առնվազն 150 թալիբների ոչնչացրին, ֆուգասի պայթյունի հետևանքով նույնիսկ երեխաներ զոհվեցին, Պակիստանի Լահոր քաղաքում էլ 10 մարդ զոհվեց պայթյունից:

Զուգահեռ շարունակվեցին սպառազինությունը և նոր կատարալագործված զենքերի փորձարկումները: Միացյալ Նահանգները B-52H ռազմավարական ռմբակոծիչներ ուղարկեց Պարսից ծոց, պետդեպարտամենտն էլ հավանություն տվեց Կատարին 3 միլիարդ դոլարի Apache ուղղաթիռներ վաճառելուն:

Դարձյալ գաղթականների զոհեր եղան Միջերկրական ծովում, առնվազն 70 մարդ խեղդվեց Թունիսի ափերի մոտ:

Եղան նաև տարերային աղետներ՝ երկրաշարժ Ճապոնիայում, Պերուի ափերի մոտ, հրաբխի նոր ժայթքում Սումատրայում, Կանադայի արևմուտքում անտառային հրդեհների պատճառով սկսեցին տարհանել բնակչությանը, տեղատարափ անձրևներ և ջրհեղեղներ եղան Միացյալ Նահանգների հարավում:

Էլ ավելի սրվեցին ԱՄՆ-Իրան հակասությունները ԱՄՆ-ի ուղղակի սպառնալիքներով և Իրանի համարժեք պատասխաններով, իսկ Վենեսուելայի ընդդիմությունը դեռ սպասում է Միացյալ Նահանգների զորքերին:

Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը մնաց, անշուշտ, Ստամբուլի ընտրությունների չեղարկումը, որը հարուցեց Եվրամիության վրդովմունքը: Վերջինս պահանջեց Անկարայի մեկնաբանությունը, մինչդեռ Էրդողանը հայտարարեց, որ դա ընդամենը ժողովրդավարության դրսևորում է: Ստաբուլում էլ, իհարկե, ծայր առան այդ չեղարկման դեմ հանրության ընդվզումները:

Մինչ միջազգային հանրությունը սպասում էր ԱՄՆ-Չինաստան հերթական բանակցություններին, Թրամփը բարձրացրեց չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքը 25 տոկոսով, իսկ բանակցությունների արդյունքում ավելի շաը հետընթաց արձանագրվեց, քան առաջընթաց:

Վերջապես Ֆինլանդիայում կայացավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հուսադրող հանդիպումը, որին հաջորդեց նաև Լավրովի և Իրանի արտգործնախարար Զարիֆի հանդիպումը:

Աշխարհի երկրներում ընդունվեցին ուշագրավ օրենքներ: Ճապոնիայում, օրինակ, այսուհետ անվճար կլինի նախադպրոցական կրթությունը, Գերմանիայում արգելելու են այսուհետև պայուսակում կամ գրպանում դանակ ունենալը, Լեհաստանում որոշել են ամսական 130 դոլար նպաստ հատկացնել յուրաքանչյուր երեխայի համար՝ անկախ երեխաների թվից, բացի այդ, խստացնում են մանկապղծության պատիժը մինչև 30 տարվա ազատազրկում:

Մանկապղծության կապակցությամբ ուշագրավ էր Մեծ Բրիտանիայում արձանագրված մի փաստ: Երկրի Մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության գծով նախկին աշխատակից, 77-ամյա Պիտեր Նյուելլը, որ երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել երեխաների իրավունքները պաշտպանող օրենքների ընդունման գործում, նույնիսկ ձեռնարկ է գրել և հայեցակարգ է մշակել երեխաներին բռնությունից պաշտպանելու վեաբերյալ, օրերս դատապարտվեց 6 տարի և ութ ամիս ազատազրկման մանկապղծության մեղադրանքով:

Ուշագրավ նորություններ եղան գիտության և այլ ասպարեզներում: Հունաստանում, օրինակ, հնագետները մի մբողջ քաղաք հայտնաբերեցին, որը հողի տակ էր մնացել երեք հազար տարի, Մեծ քսանյակի երկրները արհեստական ինտելեկտ են ներդնում գյուղատնտեսության ոլորտում, իսկ Ֆինլանդիայի արտգործնախարարը խոստացավ քաղաքականությունից հեռանալուց հետո գիրք գրել պոպուլիզմի մասին:

Վերջապես, հայտնի դարձավ, որ Սիցիլիայում տներ են վաճառում 1 եվրոյով, պայմանով, սակայն, որ գնորդը հիմնովին վերանորոգի ձեռք բերած տունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: