Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 849

Շաբաթը հագեցած էր և՛ տոնական, և՛ սպասված ու անակնկալ իրադարձություններով:

Նախ նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով ինքնաբացարկ տվեց հերթական դատավորը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանի որոշումից հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների բողոքարկումը քննելիս սահմանադրական նորմերին չհամապատասխանող որոշում է կայացրել՝ գործը ուղարկելով նոր քննության: Դատարանը պարտավոր էր վերջանական դատական ակտ կայացնել, այդ իսկ պատճառով վճռաբեկ դատարանի որոշումը ենթակա է վերանայման:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմեցին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով: Սակայն դիմումն արդյունք չունեցավ, դատախազը պարզաբանեց, որ այդ խնդիրն այլևս իր իրավասությունից դուրս է:

Օրակարգում մնաց Գագիկ Ծառուկյանի՝ Ազգային ժողովի պատգամավոր լինելու-չլինելու օրինականության հարցը: Նա հանգամանալից պատասխան նամակ հղեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Նիկոլ Փաշինյան,Հանրային ռադիոյի դուռ

Նիկոլ Փաշինյանը Ռադիոյի օրն այցելեց Հանրային ռադիո և իր ձեռքով նորոգեց այնտեղ այն դուռը, որն անցյալ տարի ջարդել էին ցուցարարները: Սակայն անհայտ մնաց, թե ինչու էր այդ դուռը մի տարի ջարդված մնացել:

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի գրեթե բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այնուհետև ֆորումի մասնակիցները հռչակագիր հրապարակեցին:

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրին (#LRNIP) 13,4 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը, որով կվերակառուցվի 61 կմ երկարությամբ գյուղական ճանապարհ։

Մայիսի 8-ին՝ անցած տարի Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը, վարչապետը հանդես եկավ իր կառավարության ձեռքբերումների 100 փատերի ներկայացումով և աննախադեպ տևողությամբ ասուլիսով:

Նշվեց Եռատոնը՝ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազամավորման տարեդարձը: Սակայն եռատոնն ըստ էության և շուքով տոնվեց Ստեփանակերտում, իսկ Երևանում փաստացի նշվեց միայն Հայրենական պատերազմի հաղթանակի օրը, այն էլ, չգիտես ինչու, ցարական Ռուսաստանի ժապավեններով, նույնիսկ Ազգային ժողովում էին մոռացել Շուշիի ազատագրման մասին:

Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի ներկայացուցիչները կրկին մամուլի ասուլիս հրավիրեցին և անդրադարձան մասնավորապես վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:

Իտալիայի այգի Երևան

Բացվեց Իտալիայի փողոցին հարակից վերանորոգված այգին:

Ի՞նչ ուղերձ մնաց անցնող շաբաթից

Շաբաթի տոնականությունն ավարտվեց Արցախի և Հայաստանի միջև սահմանագիծ քաշելու և շփման գծում լարվածությունը սրվելու վերաբերյալ անակնկալ մեկնաբանությամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ չունենալու գաղափարի և այդ խնդրի լուծման պատասխանատվությունը ժողովրդին վերապահելու գաղափարի վերահաստատմամբ և հայկական բանակի մասին ջղաձիգ հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է է առաջնագծում իրավիճակը սրվել, այնպես, որ մի շաբաթվա ընթացքում երկու ծանր վիրավոր զինվոր ունեցանք, պատասխանեց, թե դեռ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է կատարվում: Կրկին վերահաստատեց, որ ժողովուրդը դեռ պետք է ասի, թե ինչպես ու ինչ պայմաններով է պատկերացնում կարգավորման հարցը, կարծես 90-ականներին կամավոր մարտի դաշտ գնալով ու իր կյանքը զոհելով, այնուհետև 2016-ին նորից համախմբվելով՝ ժողովուրդը դեռ չի հայտնել իր հայցեկարգը:

Վերջապես Արցախի գեներալներից մեկի մի թռուցիկ, ոտքի վրա արված համարձակ ակնարկի պատճառով հայտարարեց, որ «նրանք բարոյական իրավունք չունեն, ինչ մեդալ էլ դրոշներից կախված լինի, ինչ պագոն էլ ունենան, բանակ թալանածն ընդհանրապես իրավունք չունի խոսելու Արցախի հարցի մասին»: Այս հեռուն տանող հայտարարությամբ, փաստացի, երկրի ղեկավարը հավասարության նշան դրեց բանակի բոլոր հրամանատարների ու մարտական փառավոր ուղի անցած բոլոր զինվորների միջև:

Միտումնավո՞ր, թե՞ ոչ: Համենայն դեպս, Արցախից Հայաստան վերադառնալով՝ հայտարարեց, որ եթե ոմանք ուզում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, ապա ինքն այն կդարձնի հեղափոխության օջախ: Թե ինչ է նշանակում հեղափոխություն և հակահեղափոխություն ըստ վարչապետի, հայաստանցիներն արդեն լավ գիտեն: Սակայն պարզ չէ, թե ինչ նկատի ունի նա բուն Արցախի դեպքում: Ըստ երևույթին, դա ցույց կտա մոտ ապագան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: