Հայերեն   English   Русский  

Ադրբեջանն Արցախի պատճառով արգելափակել է ԱլԳ հոբելյանական հռչակագիրը. փաստաթղթի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Մոգերինին


  
դիտումներ: 259

Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի առաջին օրը:

Առաջարկվել է հանդիպման արդյունքում ստորագրել հոբելյանական հռչակագիր, ինչը չի հաջողվել անել. փաստաթուղթն արգելափակել է Ադրբեջանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցի չներառման պատճառով, հայտնում է Tert.am-ը:

Ուկրաինան ու Վրաստանն էլ պահանջներ են ներկայացրել ԱլԳ անդամ առանձին երկրների կողմից եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայության առնչությամբ:

Իրավիճակին անդրադարձել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Մոգերինին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Խոսքն այստեղ տարեդարձի, տոնի մասին է, որի ընթացքում մենք ընդգծում ենք վերջին տարիներին գրանցած ամբողջ առաջընթացը: Այդ իսկ պատճառով մենք կենտրոնացել ենք նրա վրա, ինչի հասել ենք, գործընկերության նշանակության, ապագա հեռանկարների վրա»:

«Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեք պետությունները Եվրամիությանն անդամակցելն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություն են անվանել: Ինչ վերաբերում է եվրաինտեգրման ձգտման հղումների բացակայությանը, ապա Մոգերինին ասել է, որ ծրագրի անդամ երկրներից երեքը կապված են ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրերով, իսկ մյուս երեքը չունեն նման համաձայնագիր:

«Պետք էր մոտեցում ընտրել, որը կհարգեր բոլորին»,- նշել է Մոգերինին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: