Հայերեն   English   Русский  

Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը


  
դիտումներ: 1095

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ,

ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Ներառական կրթությունն իրենից ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքնե ր ունեցող երեխաներին:

2001թ. «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՀՀ Կրթության և Գիտության համատեղ ջանքերով Հայաստանում մեկնարկեց ներառական կրթության առաջին փորձնական ծրագիրը:

Կրթության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ, ներառական կրթության հիմնադիրներից Անահիտ Բախշյանը 16 տարի առաջ հենց իր ղեկավարած դպրոցում է առաջինը ներդրել ներառական կրթության համակարգը: Նրա կարծիքով այս տարիների ընթացքում ներառականությունը հասկացությունից վերաճել է օրենքի:

Վերջին տարիներին հասարակության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել դեպի հաշմանդամություն ունեցող երեխայի կրթության իրավունքը:

2014թ.-ին «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ համընդհանուր ներառական կրթությունը ՀՀ-ում ամրագրվել է որպես պետական քաղաքականություն: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ներառական կրթությունն արդեն իսկ իրողություն է:

Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության որակի ապահովմանը:

Ներառական կրթությունն ամբողջովին չի կարող գործել, քանի դեռ մեր ընտանիքներում, հասարակությունում հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ կա խտրական վերաբերմունք:

Մինչդեռ ներառական կրթությունը ոչ միանշանակ է ընդունվում բոլորի կողմից:

Այսօր հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ շատ կարծրատիպեր կոտրվել են, սակայն երբ մարդիկ պետք է իրենց խոսքը գործով ապացուցեն այդտեղ նկատվում է որոշակի բաց: Շատերն են ասում, որ հաշմանդամություն ունեցող երեխան պետք է սովորի դպրոցում, բայց դեմ են, որ իրենց երեխայի հետ սովորի նույն դասարանում: Հաշմանդամություն չունեցող երեխաների ծնողները հաճախ ներառական դպրոց չհաճախելու պատճառ նշում են, որ իրենց երեխան կհուզվի մինչև անգամ սթրես կապրի խնդիրներ ունեցող երեխայի հետ նույն դասարանում սովորելով: Նման գաղափարի տեր ծնողները իրենց երեխաներին առանձնացնում են հաշմանդամություն ունեցող երեխաներից և ցույց տալիս իրենց խտրական վերաբերմունքը:

Երեխաները, անկախ հաշմանդամ լինելուց կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում:

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ունեն նույն իրավունքներն, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:

Այսօր` մայիսի 14-ին, «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու համապատասխան առաջարկներն այսօր ներկայացվել են հանրությանը:

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

«Համոզված եմ, որ ԿԳՆ-ի այն քաղաքականությունը, որի շրջանակում մշակվում, վերանայվում և կանխվում են հնարավոր բոլոր թերությունները, այս պահին մեզ համար միակ ճշմարիտ ճանապարհն է: Ներառականությունը երեխային զուտ հանրակրթական դպրոց ճանապարհելը չէ, այլ երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելը: Մեր որդեգրած քաղաքականությունն է՝ առերեսվել մեր սեփական բացթողումներին և դրանք ուղղել: Իհարկե, այդ ճանապարհը բարդ է, երկարատև և խոչընդոտներով լի, սակայն համոզված եմ, որ հաջողելու ենք գործընկերային մթնոլորտում, քանի որ մեր օրակարգում բացառապես պետք է լինի երեխայի շահը: Այս հետազոտությունը մեզ համար կարևոր է, որովհետև վստահ եմ, որ դրա միջոցով կվերհանվեն խնդիրներ, որոնք մեզ կօգնեն շտկել բացթողումները և հաջորդ մարզերում համընդհանուր ներառականության անցումն իրականացնել առավել անցնցում, գրագետ և պրոֆեսիոնալ»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր հասարակական կազմակերպութուններին, որոնք, ըստ փոխնախարարի, քննադատելուց բացի, առաջարկում են նաև լուծումներ: Լուսինե Առաքելյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի Երևանն անցնում է համընդհանուր ներառական կրթության, որը հնարավորինս անցնցում իրականացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և վերջինիս կից աշխատանքային խումբ:

«Եթե ժամանակին բոլոր խնդիրները լուծվեին, գուցե այսօր Երևանում չլինեին այն բարդությունները, որոնց բախվում ենք: Սակայն մենք չենք ընկրկում և վստահ եմ, որ մեր ինքնաքննադատական քաղաքականությունը մեզ միշտ աչալուրջ կպահի, և ցանկացած խնդիր կկարողանանք լուծել»,-նշել է նախարարի տեղակալը:

Նշենք, որ այս ծրագիրն իրականացվել է 2018-2019թթ. դեկտեմբերից մինչև մարտ ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ 3 թիրախային մարզերի ընտրանքային՝ 114 դպրոցներում և 11 տարածքային մանավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Հետազոտական թիմը եղել է Տավուշի, Լոռու և Սյունիքի 12 քաղաքային և 71 գյուղական համայնքներում:

Հետազոտության հիմնական արժեքը կայանում է նրանում, որ այն հիմնված է մասնակցային գնահատման մեթոդաբանության վրա, ինչը նշանակում է, որ ընտրանքը ծրագրի անմիջական շահառուների կողմից ներառում է համընդհանուր ներառական կրթության իրավիճակի ներկայացում և խնդիրների վերհանում, որոնք վերլուծվել են ՀՀ պետական, միջազգային և հասարակական կառուցների դիրքորոշումների և իրավական հիմքերի համատեքստում:

Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է, մարդկանց համատեղ ապրելու,աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա իրեն պետք է կարևորված զգա հանրակրթության պայմաններում: Պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձնահատուկ պայմանների կարիք ունի թե չունի, հասարակությունն էլ իր հերթին պետք է իր դրական վերաբերմունքով էլ ավելի խթանի ներառական կրթությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: