Հայերեն   English   Русский  

Գյումրիում գործազրկությունը երիտասարդանում է


  
դիտումներ: 349

- Եթե մարդն ունի կրթություն և համապատասխան հնարավորություն, նա, անպայման, կձգտի աշխատանքի և ոչ թե նպաստ ստանալու: Նպաստով ընտանիք հնարավոր չէ պահել, չնայած շատերը մտածում են նպաստն ավելի լավ է, քան շատ ցածր վարձատրվող աշխատանքը:

Այս տեսակետը ներկայացրեց Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչը Գյումրու ՛Երկխոսության մեդիա կենտրոնում՛՛ ՛՛Գործազրկության պատկերը Շիրակի մարզում՛՛ թեմայով քննարկման ժամանակ:

Պարզվում է Գյումրիում մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղեր կան՝ խոհարարների, բարմենների, ծրագրավորողների, մատուցողների, վաճառողների համար: Ինչու չեն դիմում գործազուրկները, պատճառը նաև գործատուի կամային պահանջներն են, օրինակ՝ տարիքային կամ սեռային սահմանափակումը: Փաստաբան Արամայիս Հայրապետյանը նշում է՝ աշխատանքային օրենսգիրքը դա չի արգելում, հետևաբար՝ գործատուին ազատ գործելու հնարավորություն է տալիս.

- Օրենսդրությամբ չկան երաշխիքներ, որոնք կբացառեն խտրական մոտեցումը: Օրինակ՝ գովազդում են՝ աշխատանքի են հրավիրվում բարետես աղջիկներ մինչև 25 տարեկան: Ինքը օրենքի խախտում չէ, որովհետև արգելված չէ օրենքով: Երբ աշխատանքային օրենսգրքում կլինեն այնպիսի իրավակարգավորումներ, որով նման դեպքերը կհամարվեն խտրական ու պատասխանատվություն կսահմանվի նման վերաբերմունքի համար, կարծում եմ, միայն այդ ժամանակ վիճակը լավ կլինի: Երկրորդ, մենք ունենք նաև իրավագիտակցության խնդիր. այդ խտրական վերաբերմունքը կա մեր թե գործատուների, թե աշխատողների հոգեբանության մեջ:
Գուցե հենց սրանով էլ պայմանավորված Գյումրիում աճել է գործազուրկ երիտասարդների թիվը: Թեև կայուն և ժամանակավոր զբաղվածության շուրջ 13 պետական ծրագիր է իրականացվում, այնուամենայնիվ երիտասարդները աշխատաշուկայում ինչ-ինչ պատճառներով նաև խոցելի են:

- Վերջին 3-4 տարիների ընթացքում աճել է գործազուրկ երիտասարդների թիվը՝ մինչև 29 տարեկան, 2134 երիտասարդ 25-29 տարեկան են, բայց 1214-ը մինչև 25 տարեկան: Շուրջ 3500-ն այս պահին երիտասարդներ են: Նախկինում թվային կշիռ ունեին միջին և բարձր տարիքի գորազուրկները, - վիճակագրական տվյալներ է ներկայացնում Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Աշխատանքի տեղավորվելիս երիտասարդները հաճախ բախվում են մեկ այլ պատի ևս՝ պարտադիր աշխատանքային փորձ ունենալու պահանջին:

Այս բացը քիչ թե շատ լրացնելու համար պետական ծրագիր է մշակվել. եթե կրթություն ստանալուց հետո առնվազն 5 տարի չի հասցրել մասնագիտությամբ աշխատել, պետությունը հնարավորություն է տալիս իրենց մասնագիտությամբ հենց գործատուի մոտ ձեռք բերել աշխատանքային պրակտիկա.

- Նա 3 ամիս աշխատում է գործատուի մոտ իր մասնագիտությամբ և շատ դեպքերում, նույնիսկ, գործատուն թափուր տեղ էլ չի ունեցել, սակայն տեսել է, տվյալ մարդը կարողացել է իրեն դրսևել և անպայման պահել է աշխատանքի, - ասում է Ամալյա Ադամյանը:

Այս և շատ խոչընդոտներ հաղթահարելով մարդը տեղավորվում է աշխատանքի և այստեղ էլ գործատուի կամայականություններին է ենթարկվում: Որպես կանոն իրենց ոտնահարված աշխատանքային, երբեմն նաև մարդու իրավունքների խախտումների մասին այդպես էլ չեն բարձրաձայնում:

- Աշխատողները կանոն դիմում են իրավունքի պաշտպանության միայն այն դեպքում, երբ գործը հասել է աշխատանքից հեռացման: Գրեթե հայցեր չկան տրված նկատողությունը առ ոչինչ ճանաչելու կամ իրավունքի խախտումով: Պատճառը նախ մտածելակերպն է, երկրորդ՝ այլընտրանքի բացակայությունը: Այսինքն, աշխատողը պատրաստ է չարաշահվել՝ չունենալով այլ աշխատանքի հեռանկար, և չի բարձրաձայնում աշխատանքային իրավունքների խախտման մասին: Աշխատանքային օրենսգիրքը հստակորեն սահմանում է, թե աշխատանքային ինչպիսի պայմաններում ինչպես պետք է լինի, որն է աշխատանքի ծավալը, բայց այս ամենով հանդերձ, աշխատանքի ծավալի ավելացում է լինում, իսկ աշխատավարձը մնում է նույնը: Սա աշխատանքային իրավունքի խախտում է, բայց ոչ մեկը դրա համար չի դիմում իրավունքի պաշտպանության: Վախենում են կորցնել աշխատանքը, - ասում է Արամայիս Հայրապետյանը:

Գործազրկության ցուցիչով Շիրակի մարզը Հանրապետությունում առաջին հորիզոնականում է, աշխատատեղերի միջին աշխատավարձն էլ նվազագույնին մոտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: