Հայերեն   English   Русский  

Սպիտակում վերանորոգվել և վերակահավորվել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակ է կառուցվել


  
դիտումներ: 176

Այսօր Սպիտակում վերաբացվեց վերանորոգված և վերակահավորված, վերականգնողական նոր ծառայություններով համալրված Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը:

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը, Կրթության և գիտության նախարարությունը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը համատեղել են իրենց ջանքերը՝ այս կենտրոնին նոր շունչ հաղորդելու և ավելի բազմազան կրթական ու վերականգնողական ծառայություններ տրամադրելու Սպիտակում ու մոտակա համայնքներում ապրող թե՛ հաշմանդամություն ունեցող ու թե՛ չունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին:


Բացման արարողությանը ելույթ ունեցան Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Էդոյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Կենտրոնի բնականոն գործունեությունը ապահովելու համար հենց կենտրոնում փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև:

Ծրագիրը, որի հիմնական նպատակներից մեկը հաշմանադամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին իրենց համայնքում որակյալ ծառայությունները հասանելի դարձնելն է, կյանքի է կոչվել ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի և Արգենտինայի հայ համայնքի համատեղ ջանքերով:

2018թ-ի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան գրասենյակները կազմակերպել էին գալա ընթրիք, որին մասնակցել են Արգենտինայի կառավարության, մասնավոր հատվածի և հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հայտնի անձիք և մտավորականներ: Հանգանակված ողջ գումարն ուղղվել է Սպիտակ՝ չորս հիմնական ուղղություններով:

Այսօր արդեն հպարտությամբ հայտնում ենք, որ չորս ուղղություններից երկուսն այլևս իրականություն են՝ նոր ծառայություններով համալրված մանկավարժահոգեբանական կենտրոնը և նոր ներառական խաղահրապարակն այսօրվանից գործում են: Նպատակը մեկն է՝ հաշմանդամություն ունեցող ու չունեցող երեխաներին միասին զարգանալու հնարավորություն տալ՝ համապատասխան ծառայությունների ու խաղի շնորհիվ: Համատեղ խաղը կազմակերպելու համար Լոռու մարզպետարանի և Սպիտակի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստեղծվեց այս ուրախ ու համապատասխան սարքավորումներով հագեցած խաղահրապարակը, և երիտասարդների համար տեղադրվեցին ֆիզիկական վարժություններ կատարելու սարքավորումներ: Սա հնարավորություն կտա երիտասարդներին լինել ֆիզիկապես ակտիվ և հաճախակի մարզվել:

Ի դեպ, մայիսի 15-ը պատահական չի ընտրվել: Ընտանիքի միջազգային օրվա խորհրդով, կարևորելով ընտանիքի դերը ողջ հասարակության զարգացման մեջ, մենք լիահույս ենք, որ ներդրված ծառայություններն իսկապես կաջակցեն Սպիտակում ապրող ընտանիքներին ու կնպաստեն ողջ համայնքի զարգացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: