Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց դատախազի Քոչարյանի գործով նիստը դռնփակ անցկացնելու դատախազի միջնորդությունը


  
դիտումներ: 182

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Գրիգորյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի

և մյուս նախկին պաշտոնյաների գործով արդեն երրորդ օրն ընթացող դատական նիստում մերժեց նիստը դռնփակ անցկացնելու դատախազի միջնորդությունը՝ թույլատրելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին դռնբաց դատական նիստում հատվածներ հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքներից։

Արշակ Կարապետյանն իր ցուցմունքում պատմել էր 2008թ. փետրվարի 23-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության մասին։ Արշակ Կարապետյանը 0038 գաղտնի հրամանով Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից էր՝ վարչակազմի պետի ՝ հատուկ հանձնարարությունների գծով տեղակալի պաշտոնում։ Քոչարյանի պաշտպանները նշում են, որ երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված է հենց Արշակ Կարապետյանի ցուցմունքը։

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը: Մայիսի 15-ին ընթացող դատական նիստի ժամանակ դատախազն առարկեց հարցաքննված անձի ցուցմունքից մի հատվածի հրապարակմանը և առաջարկեց դռնփակ նիստ անել: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ եթե դատախազությունը միջնորդություն է ներկայացնում նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, ապա դրա առնչությամբ հիմնավորումները ևս պետք է ներկայացվեն դռնփակ: Դատարանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի ապահովվի դատախազության միջնորդության դռնփակ քննարկումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: