Հայերեն   English   Русский  

Իրանի հետ հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի Հայաստանի համար․ իրանագետ


  
դիտումներ: 1119

Միջուկային համաձայնագրի երկու դրույթներ այսօրվանից դադարում են գործել։ Այս մասին օրեր առաջ հայտարարել էր Իրանը՝ համաձայնագրի անդամ մյուս երկրներին 60 օր ժամանակ տալով, որպեսզի կատարեն փաստաթղթով սահմանված իրենց պարտավորությունները։

Պարզելու, թե արդյոք այսպիսով դադարում է գոյություն ունենալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագիրը, որից դեռ 1 տարի առաջ միակողմանիորեն դուրս էր եկել ԱՄՆ-ն, «Անկախը» զրուցել է իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

Նրա խոսքով՝ միանշանակ դժվար է ասել, որ համաձայնագիրն այլևս գոյություն չունի․ Իրանը մեկ տարի սպասել է և նոր միայն համաձայնագրի անդամ մյուս երկրներին վերջնագիր ներկայացրել՝ պահանջելով իրագործել իրենց պարտավորությունները։ Իսկ եթե այնուամենայնիվ դիտարկենք, որ համաձայնագրի գոյությունը դադարեցվել է, ապա դա տեղի է ունեցել դեռ նախորդ տարի մայիսին, երբ ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից։ Այս մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը փորձել են փրկել համաձայնագիրը։

«Երբ ԱՄՆ-ն լքում էր համաձայնագիրը, Իրանը հայտարարեց՝ եթե մնացյալ անդամները կարողանան ապահովել համաձայնագրի լիակատար գործունեությունը, ապա Իրանը կմնա համաձայնագրի շրջանակում։ Բայց փաստորեն այս մի տարվա ընթացքում այն այդպես էլ լիակատար կյանքի չկոչվեց․ Իրանը հայտնվեց բավականին բարդ ֆինանսավարկային և նավթային պատժամիջոցների տակ։ Արդյունքում Իրանը 60 օր է տվել իր միջազգային գործընկերներին Միջուկային համաձայնագրով սահմանված պարտավորությունները կատարելու համար, քանի որ այդ համաձայնագրով միայն իրանական կողմը չէ, որ ունի պարտավորություններ։ Այդ պարտավորությունները վերաբերում են ֆինանսաբանկային և նավթային գործարքներին»,- ասում է Վարդանյանը։

Նա շեշտում է, որ համաձայնագրի կողմերը տարբեր առիթներով հայտարարել են, որ Իրանը կատարում է այդ փաստաթղթով ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Գնդակն այժմ Եվրոպայի դաշտում է։ Եվրոպան պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ից անկախ խաղացող է, և կարողանա պահպանել համաձայնագիրը։ Բայց փաստերը ցույց տվեցին, որ դա անելը բարդ է։ Աշխարհում անկախ ֆինանսական համակարգ գրեթե գոյություն չունի։ Ֆրանսիայի ֆինանսների նախարարը մի քանի անգամ նշել է, որ ԵՄ երկրները պետք է անկախ ֆինանսական համակարգ ստեղծեն, որպեսզի այսպիսով կարողանան հասնել նրան, որ ԱՄՆ-ն աշխարհի ֆինանսական ոստիկանի դերակատարում չունենա»,- ասում է Իրանագետը։

Հարցին, թե որքանով է իրատեսական, որ մեկ տարվա անհաջող ջանքերից հետո այժմ համաձայնագրի անդամ երկրները կարողանան շրջանցել ամերիկյան պատժամիջոցները և համագործակցեն Իրանի հետ, Վարդանյանն ասում է․ «Պետք է որ կարողանան ինչ-որ ճանապարհ գտնել, որ նավթային շուկայում առկա իրավիճակը կարգավորվի։ Եթե դադարեցվի իրանական նավթի արտահանումը, ապա Իրանը մի քանի անգամ ասել է, որ կարգելի Հորմուզի նեղուցից ցանկացած նավթի արտահանումը։ Դա իրատեսական է Իրանի պարագայում, որովհետև կարող է շատ հեշտությամբ փակել Հորմուզի նեղուցը։ Այդ դեպքում մենք նավթի համաշխարհային շուկայում կոլափս կունենանք։ Դա շահեկան չէ ոչ մեկին, ուստի փորձելու են ինչ-որ քայլեր ձեռնարկել»։

Վարդանյանը ներկայացնում է նաև համաձայնագրի դադարեցման մյուս վտանգը․ այդ պարագայում Իրանը կարող է կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծել։ «Այդ դեպքում մենք բոլորովին այլ Իրան կունենանք, երկիր, որն ունի միջուկային զենք և որը գտնվում է Մերձավոր Արևելքում, մի տարածաշրջանում, որը նման է եռացող կաթսայի»,- ասում է նա։

Իրանագետը նաև շեշտում է, որ Իրանի դեմ պատժամիջոցներն այս անգամ միջազգային չէին, այլ միակողմանի՝ սահմանված մեկ երկրի կողմից, սակայն դրանց ազդեցությունից խուսափել այդ երկիրը չկարողացավ․ արձանագրվեց 85 տոկոս գնաճ, ազգային արժույթի կտրուկ անկում։

«Բայց իրանական հասարակությունը սովոր է այդ ամենին»,- ասում է Վարդանյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ ամերիկյան ճնշումները նպատակին չեն ծառայել։

«Ըստ իս՝ ամերիկյան պատժամիջոցների վերջնական նպատակն այն է, որ Իրանում հասարակական դժգոհությունների մեծ ալիք հասունանա, ինչը պետք է բերի այդ երկրում ներկա իշխող վարչակարգի փոփոխության։ Սակայն, հետևելով Իրանում զարգացումներին և իրադարձություններին, կարող եմ ասել, որ ներկայում իրանական հասարակությունը բավականին հանգիստ վիճակում է։ Ավելին, Իրանում նույնիսկ աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել մոտ 500 հազար թումանով, ինչը բավականին շատ է այս երկրի համար»,- ասում է նա։

Հարցին, թե հնարավոր է ի վերջո երկու երկրների միջև լարվածությունն ավարտվի ռազմական բախումով, իրանագետն ասում է, որ քիչ հավանական է համարում։ Նա նշում է, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը հայտարարել է, որ անմիջականորեն ռազմական բախում չեն ցանկանում։

«Երկու կողմն էլ չեն ուզում պատերազմ, քանի որ հասկանում են դրա լրջությունն ու չափը, թե ինչի դա կարող է հանգեցնել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում,- ասում է Վարդանյանը։- Այս կտրուկ հայտարարությունները նրա համար են, որ հող նախապատրաստվի հետագա բանակցությունների համար, կամ բանակցությունների ընթացքում հնարավոր զիջումների համար։ Դա ընդունված տեխնոլոգիա է, երբ կողմերը բարձր հռետորաբանությունից են սկսում՝ հետագայում զիջումների տեղ ունենալու համար»։

Անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում ինչպիսին պետք է լինի Հայաստանի վարքագիծը, Վարդանյանն ասում է, որ մեր երկիրը պետք է ուշադիր հետևի իրադարձությունների ընթացքին ու կարողանա ճիշտ և ժամանակին կողմնորոշվել։

«Իրանը մեկ անգամ չէ, որ պատժամիջոցների տակ է եղել, և Հայաստանը միշտ կարողացել է լուծում գտնել՝ պահպանելով ջերմ հարաբերություններ և Իրանի, և ԱՄՆ-ի հետ։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Իրանն այնպիսի երկիր է, որի հետ հարաբերությունների զարգացումն այլընտրանք չունի մեզ համար, իսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններ ունենալն էլ ցանկալի է»,- ասում է Վարդանյանը։

Հարցին, թե իրատեսական է արդյոք համարում վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը, Վարդանյանը դրական է պատասխանում։

«Հայ-իրանական գազամուղը կառուցվել է այն ժամանակ, երբ Իրանը գտնվում էր միջազգային, ոչ թե միակողմանի պատժամիջոցների տակ։ Եթե այն ժամանակ գազատար է կառուցվել, ապա այժմ հնարավոր է։ Իրանցիների հետ հետևողական աշխատանքի պարագայում ցանկացած պայմանավորվածություն կարելի է կյանքի կոչել։ Բայց ինքս տեղյակ չեմ թե այս առումով ինչ է արվում»,- ասում է Վարդանյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: