Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ 9-րդ դասարանի հայոց լեզվի քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննասենյակից չի հանվելու


  
դիտումներ: 2225

Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվելու է կենտրոնացված կարգով՝

միասնական քննությունների սկզբուքնով: Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ: Նրանք քննություն կհանձնեն 250 և գուցե ավելի քննական կենտրոններում: Դրանց ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն»-ը պարզաբանել է հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննության հետ կապված իրավական դրույթը, որի համաձայն՝ 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական կենտրոնացված քննությունից հետո պատասխանի ձևաթղթի պատճենը քննություն հանձնողն իր հետ քննասենյակից չի կարող տանել:

«Ըստ կառավարության 12.04.2012թ. թիվ 597-Ն որոշման, միասնական քննություններ հանձնողները՝ 12-րդ դասարանն ավարտողները, քոլեջների շրջանավարտները, նախորդ տարիների շրջանավարտները և այլն, այսինքն՝ բուհերի դիմորդները, քննության պատասխանի ձևաթղթերը պատճենահանում և քննասենյակից դուրս գալիս վերցնում են իրենց հետ: 9-րդ դասարանի հայոց լեզվի կենտրոնացված ավարտական քննությունները կարգավորող՝ կրթության և գիտության նախարարի հրամաններից ոչ մեկը նման գործառույթ չի նախատեսում՝ ոչ 388-Ն-ը, ոչ էլ 152 Ա/2-ը:

Նշենք, որ կենտրոնացված քննության թեստում կա շարադրության տարրեր պարունակող առաջադրանք, որը, անգամ քննասենյակից դուրս գալիս ձևաթուղթը պատճենելու դեպքում, ստուգված չի լինելու:

Քննության ավարտից անմիջապես հետո քննական կենտրոնում այն ստուգելու են հատուկ այդ գործառույթն իրականացնելու համար վերապատրաստված ստուգողները:

Հետևաբար, անիմաստ է պատճենել չստուգված շարադրությամբ ձևաթուղթը: Աշակերտներն իրենց ձևաթղթերի ՝շարադրության ստուգված մասով սքանին կկարողանան ծանոթանալ արդյունքների հրապարակումից հետո քննության յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին, իրենց դպրոցներին տրամադրված կոդերով, իսկ քննության արդյունքի բողոքարկումը կարող են անել քննության արդյունքի հրապարակման հաջորդ օրը՝ հունիսի 3-ին:

Հիշեցնենք, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության վերջնական oրը հայտնի է. հայոց լեզու առարկայից աշակերտների գիտելիքները կստուգվեն մայիսի 26-ին՝ կիրակի: Այս մասին տեղեկացրել էր Գնահատման եւ թեստավորման կենտրոնը:

Թե ինչու են կիրակի օրը քննություն նշանակել, ԿԳՆ վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել էր, որ հաշվի են առել մի շարք հանգամանքներ, նախ այն, որ երթեւեկության ծանրաբեռնվածության եւ խցանումների խնդիր չլինի եւ կարողանան ապահովել երեխաների տեղափոխությունը։ Կիրակի օրը քննություն կազմակերպելիս շատ ծնողներ կկարողանան ներկա գտնվել ցանկության դեպքում։ Երրորդ, խնդիր կար նաեւ քննությունների ժամանակացույցի մեջ տեղավորվելու։

9-րդ դասարանում քննության ընթացքում, եթե նախորդ տարիներին հանձնարարվում էր փոխադրություն, ապա այս անգամ լինելու է թեստային աշխատանք:

Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու:

Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները: Շարադրանքը լինելու է 50-70 բառի սահմաններում, 5-10 նախադասության շրջանակում:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: