Հայերեն   English   Русский  

Ախուրյան գետի ՓՀԵԿ-երն ահազանգում են կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների մասին


  
դիտումներ: 118

Ախուրյան գետի մի շարք փոքր հիդրոկայաններ՝ ի դեմս «Ֆենհալ» ՍՊԸ-ի, «Էրստեդ» ՍՊԸ-ի և «Լայթէկո» ՍՊԸ-ի, դիմել են Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիային՝ ահազանգելով հանրային նշանակության կարևորագույն խնդիրների մասին:

Խոսքը վերաբերում է Ամասիայի տարածաշրջանում «Անի» բաց բաժնետիրական ընկերության «Ջրաձոր» փհէկ-ի կառուցման և շահագործման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների և վերջինիս կողմից պետությանը հասցված հնարավոր առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Դիմումի մեջ, մասնավորապես, նշվում է.

««Աջափնյա» ջրանցքի հիդրոտեխնիկական հանգույցների բազայի վրա փհէկ-ի կառուցման նախագիծը արվել էր դեռևս 1992թ.-1994թթ.-ին: Ենթադրում ենք, որ այն չի իրականացվել ոռոգման համակարգը՝ Ամասիայի տարածաշրջանի ձմեռային պայմաններում (-35C 0 ), շահագործման համար պահանջվող տեխնիկական, բնապահպանական, խոշորածավալ վերակառուցումների և վերազինումների անհրաժեշտության, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում գործող համապատասխան օրենսդրական արգելքների պատճառով: Այդուհանդերձ, արդեն 2001թ., ի հայտ է գալիս նոր նախաձեռնողը՝ «Անի» ԲԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Գ.Մանուկյանի: Ըստ լրամշակող նախագծի, կենսաապահովման նշանակություն ունեցող, «Աջափնյա» ջրանցքը՝ գլխամաս (պատվար), թունել 2990 գմ (թունելի սնման բետոնյա ջրանցքով), դյուկեր (երկխողովակաշար, տրամագծերը 1220մմ) 1200գմ, բետոնյա մատակարար ջրանցք 1230գմ, ծառայելու էր նաև որպես փհէկ-ի հիդրոտեխնիկական համակարգի հիմնական՝ գերակշիռ մաս:

Այս առումով էլ նախատեսվում էր (նախագծով նաև փորձագիտական եզրակացությամբ) իրականացնել «Աջափնյա» ջրանցքի վերակառուցում և վերազինում որպես պարտադիր պայման` այն շահագործելու համար: Պայմանը ամրագրել է նաև փորձաքննությանը հրավիրված մասնագետը համապատասխան զեկուցագրով՝ նշելով վերակառուցման և վերազինման աշխատանքների ծավալային նկարագրերը: Վերոգրյալ շինմոնտաժային աշխատանքները բացարձակապես չեն արվել: «Անի» բաց բաժնետիրական ընկերության կողմից շահագործվող «Ջրաձոր» փհէկ-ի 2006 թվականի փորձաքննական եզրակացության մեջ նշված շինմոտաժային աշխատանքների ավելի քան 50 տոկոսը չեն իրականացվել, որոնք ևս վերոնշյալ եզրակացության պարտադիր պահանջներ են՝ ծավալային մասով: Այս ամենով հանդերձ «Նոր նախաձեռնողին» հաջողվել է անավարտ նախագիծը «կյանքի կոչել» և փհէկ-ը շահագործել 2009 թ.-ից: Նախաձեռնողը «ԱՆԻ» ԲԲԸ-ն ի սկզբանե ենթադրաբար որոշել էր կենսաապահովման կառույցը՝ թվով 18 համայնքների ոռոգումը ապահովող, շահագործել առանց ներդրումների՝ մինչ քայքայման հասցնելը: Չի իրականացրել շուրջ 400 մլն. դրամը գերազանցող ներդրումները, շահագործել է 10 տարի, դարձել է կառույցի սեփականատերը, (2017 թ.) ստանալով 3 մլրդ. դ. գերազանցող հասույթ: Ջրանցքի օտարումը իրականացվել է «ջրի գնով» (մոտ 20 մլն. դրամ, որը ճիշտ հավասար է ջրանցքով՝ միավոր ժամանակահատվածում՝ 1 ամսում, մատակարարվող ոռոգման ջրի վարձավճարին), պարտավորեցնելով նոր սեփականատիրոջը՝ «ԱՆԻ» ԲԲԸ-ին իրականացնել շուրջ 500 միլիոնի ներդրումներ: Ուշագրավ է, որ խոսքը վերաբերվում է այն ներդրումներին, առանց որի ջրանցքը այլևս չի կարող շահագործվել, հետևաբար նաև «Ջրաձոր» փհէկ-ը՝ կդադարի գերշահույթի ստացումը: Նոր «Բիզնես-Նորույթ» Գաղափար է: Առանց անհրածեշտ ներդրումների (նվազագույնը 400 մլն. դրամ) շահագործել, ստանալ գերշահույթ և երբ արդեն խիստ ռիսկային է շահագործումը սեփականաշնորհել: «Հայրենասեր գործարարի» խոստումները ուղղակի պայման են, արդեն իսկ սեփական ջրանցքը հիմնովին վերակառուցվելու, վերանորոգելու համար: Քանի որ անցյալ 10 երկար ու ձիգ տարիներին՝ առանց անհրաժեշտ վերակառուցումների, այն շահագործելով, ուղղակիորեն, վտանգվել է պիտանելիությունը, ռիսկի տակ դնելով շուրջ 2 տասնյակ համայնքների ոռոգման գործընթացները: Վստահ ենք, որ «Բիզնես-Նորույթ- Գաղափարակիր» գործարարը ներդրումները խոստացել է, որովհետև այսօր արդեն «Աջափնյակ» ջրանցքը՝ իր ենթակառուցվածքներով չվերակառուցելու դեպքում, կդադարի գործել «ոսկյա» «Ջրաձոր ՀԷԿ»-ը»:

Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան տեղեկացնում է, որ անկախ ոլորտից և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներից, ինչպես նաև ոլորտի լիազոր և վերահսկող մարմիններից և պատասխանատուներից, վեր է դասում օրենքի գերակայությունն ու պետության ու հանրային շահերը, ուստի հետամուտ է լինելու օր առաջ արձանագրված և հիմնավորված օրինախախտումների և հնարավոր այլ ապօրինությունների հանրայնացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջի բարձրացման և ապահովման գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: