Հայերեն   English   Русский  

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ձեռնպահ մնալ երեխաներին բողոքի ակցիաների ներգրավելու փորձերից


  
դիտումներ: 127

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերը արդեն 4 օր է ուղեկցվում են բողոքի ակցիաներով՝ դատարանի բակում: Այդ ակցիաներին ներգրավված են նաև անչափահասներ: Փաստ անհանգստացրել է Մարդու իրավունքների պաշտպանին: Այսօր՝ մայիսի 16-ին ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով:Ակցիային մասնակցել են նաև երեխաներ: Նրանց մոտ առկա պաստառների վրա նույնպես եղել են վիրավորանքի, անհանդուրժողականության ու ատելության խոսքի տարրեր պարունակող գրառումներ։

Լրատվամիջոցներում տարածված տեսանյութերում երեխաներն իրենք են նշել, որ մասնակցում են ակցիային առանց ծնողների իմացության և չեն կարողացել հստակ բացատրել՝ իրենց մասնակացության նպատակը, ինչպես նաև չեն կարողացել բացատրել իրենց պարզած պաստառների վրայի գրառումները:

Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը, այդ թվում՝ հավաքների կամ այլ զանգվածային միջոցառումների մասնակցության իրավունքը։ Այսքանով հանդերձ, սկզբունքային է այն, որ երեխայի նշված իրավունքների իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները:

Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել։ Այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք և գիտակցված այնպիսի ներգրավվածության ապահովմանը, որը ծառայում է երեխայի լավագույն շահին:

Հաշվի առնելով վերը նշվածը, կոնկրետ իրավիճակում երեխաների մասնակցությունը նշված բողոքի ակցիային ու նաև հետագայում նմանատիպ ակցիաներին համարում ենք անթույլատրելի և հորդորում ենք բոլոր կողմերին ձեռնպահ մնալ երեխաներին այդպիսի ակցիաների ներգրավելու փորձերից»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: