Հայերեն   English   Русский  

Թուրքիայի ԱԳՆ-ն քննդատել է Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ կասկածվողներին ազատ արձակելու Հունաստանի որոշումը


  
դիտումներ: 168

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Թուրքիայում ահաբեկչական համարվող, ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) 9 անդամի ազատ արձակման որոշմանը:

Նրանք կալանավորվել էին Հունաստանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով:

Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարություն է արել, որտեղ նշվում է. «Անհանգստությամբ ենք արձանագրում, որ Հունաստանը անվտանգ ապաստանի է վերածվել այնպիսի ահաբեկչական կառույցների համար, ինչպիսիք են` DHKP-C-ն, Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Ֆեթուլլահական կազմակերպությունը»:

Աքսոյը ընդգծել է, որ Թուրքիայի համար անընդունելի է, որ երկրում ահաբեկչական համարվող վերոհիշյալ կառույցներին Հունաստանում օգնում են, համակրում, հանդուրժում, ինչը դեմ է ահաբեկչության դեմ պայքարի պարտավորություններին:

Հայտարարության մեջ հիշեցվում է, որ DHKP-C-ն ԵՄ-ում նույնպես ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է դասվում և հունական դատարանի ընդունած որոշումը բնութագրվում է որպես խոչընդոտ Եվրոպայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ջանքերին:

Հիշեցնենք, որ Հունաստանի ոստիկանության կողմից բացահայտվել էր, որ հիշյալ անձինք Էրդողանի՝ Հունաստան կատարած այցին ընդառաջ ծրագրել էին նրա դեմ մահափորձ իրականացնել` օգտագործելով նռնակներ, նռնականետեր և մոլոտովյան կոկտեյլներ:

Նշվում է, որ «մահափորձի» ծրագրում Էրդողանին տրվել էր «կարիճ» (Akrep) ծածկանունը:
Ոստիկանության ստացած տվյալների համաձայն` Թուրքիայի նախագահի ուղղությամբ պետք է երկու կողմից գործի դրվեին նռնականետեր, այդ ընթացքում էլ DHKP-C-ի մի խումբ անդամներ հարձակվեին Էրդողանին ուղեկցող ավտոշարասյան վրա:

Հավելենք, որ DHKP-C-ի անդամները ձերբակալվել էին 2017թ. նոյեմբերին Աթենքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: