Հայերեն   English   Русский  

Մի բանը ստիպված մի քանի անգամ ենք ասում, որովհետև կան մարդիկ, որոնց մոտ 15 անգամից է հասնում. Քոչարյանը պատասխանեց դատավորի դիտարկմանը


  
դիտումներ: 344

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Այսօր ավելի քան 2 ժամ տևած ելույթում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատարանին ներկայացրեց բոլոր այն փաստարկները, որոնց հիման վրա ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը պետք է փոխվի: Դատավոր Դավիթ Գրիգորյանն Օրբելյանի ելույթի ժամանակ մի քանի անգամ զգուշացրեց, որ ներկայացվում են այնպիսի առարկություններ, որոնք արդեն իսկ ներկայացվել են:

«Հարգելի դատարան մենք ստիպված ենք նման բան անում, քանի որ կան մարդիկ, որոնց 15 անգամ պիտի ասես, որ մտնի, բայց մեկ է, չի մտնում»,-Դատավորի նկատողությանն ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Օրբելյանն իր ելույթում ասաց, որ դատարանը ոչ մի հիմք չունի Քոչարյանին կալանքի տակ պահելու համար:

«Քոչարյանին կալանվորելու հիմքեր չկան, և այն բոլոր հիմքերը, որոնք դատախազությունը ներկայացնում է Քոչարյանի դեմ, միջազգային պրակտիկան կիրառում է մեղադրյալի օգտին, քանի որ անձի սոցիալական կապիտալը, դա նրա պատշաճ վարքագծի էլեմենտն է»,-ասաց Օրբելյանը:

Օրբելյանը նաև նշեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից ազատ արձակվելուց հետո, Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող էր լքել երկիրը, ինչը սակայն չի արել։

«Պարոն Քոչարյանը կարող էր հանգիստ նստել ինքնաթիռ ու հեռանալ, սակայն մենք դիմեցինք նախաքննական մարմնին, ասացինք հարգենք պետական մարմնին, մարդիկ էլ հաջորդ օրը խափանման միջոց ընտրեցին չհեռանալու մասին ստորագրությունը, թույլ չտվեցին, որ Քոչարյանը բուժման նպատակով գնա և վերադառնա»,–նշեց Օրբելյանը։

Օրբելյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եթե փոխվի, ապա վերջինս մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

«Ցանկացած փուլում, երբ պարոն Քոչարյանը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, փորձի խոչընդոտել գործի քննությանը, կարող են կալանքի հարցը դարձյալ բարձրացնել, որևէ մեկը չի արգելում, որ դատաքննության ցանկացած փուլում Քոչարյանի կալանքի հարցը քննարկվի, եթե տեղի ունենա քննությունից խուսափելու կամ քննությանը խաչընդոտելու դեպք»,–ասաց նա։

Դատավարության ընթացքում Արամ Օրբելյանը դիմեց դատավորին՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազ Պետրոսյանին:

«Խոսում եմ, նայում են ինձ, ձեռ են առնում: Հարգելի դատարան խնդրում եմ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատախազին, հակառակ դեպքում ես միջնորդությամբ հանդես կգամ»,-ասաց Օրբելյանը:

Դատախազ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց ելույթների ժամանակ էլ Քոչարյանի պաշտպաններն են տարբեր ժեստերով վիրավորում իրենց:

Դատավորը հանդարտության կոչ արեց կողմերին: Այժմ շարունակվում է դատական նիստը:

Այսօր նախատեսվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որպեսզի հաստատեն դատարանին ուղղված իրենց անձնական միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ:






Մեկնաբանություններ - 1

agob.k     17.05.2019 artyok sa tadaran a qam manqabardez ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: