Հայերեն   English   Русский  

​«Երեխան սեռական դաստիարակության կարիք չունի»․ բժիշկ-սեքսոլոգ


  
դիտումներ: 14932

«Հայկական ավանդական ասելիս, չգիտես ինչու, այսօր փորձում են հասկանալ այն ընտանիքը, որտեղ տիրում են խավարամտություն և վայրագ բարքեր,

որտեղ տղամարդը գերիշխում է կնոջը, անգամ բռնության ենթարկում նրան։ Սա լրիվ ԹԱՐՍ պատկերացում է, ՇԻՏԱԿՆ այն է, որ ավանդական ընտանիքում տիրում է սեր և հանդուրժողություն, ամուսինների միջև կա փոխադարձ խնամք և հոգատարություն,-ասում է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը։

Նրա համոզմամբ՝ ավանդական է այն ընտանիքը, որտեղ զույգին միավորում է հոգևորը, որտեղ մարմնական կապը բխում է հոգևոր միասնությունից և որտեղ գնալով ավելի շատ են սիրում իրար՝ մոտենալով բացարձակ սիրո գաղափարին։

Մասնագետն անհարկի ուռճացված է համարում երեխաների սեռական դաստիարակության շուրջ առաջ քաշվող պարտադիր պահանջն ու աղմուկը։

«Երեխան սեռական դաստիարակության կարիք չունի,-ասում է նա-բավական է, որ երեխան առողջ միջավայրում գտնվի, և նա կմեծանա առողջ։ Մեր խնդիրն առողջ միջավայր ստեղծելն է»։

Իսկ ինչպե՞ս ապահովել այդ առողջ միջավայրը։

«Քանի որ երեխայի հետ շփվող անմիջական մարդը ծնողն է, նախևառաջ երեխան պետք է ունենա առողջ ծնողներ։ Եթե սեռական տեսակետից ենք նայում, առողջ միջավայրը ենթադրում է սեռական խնդիրներից ազատ, սեռական բարդույթներ ու խանգարումներ չունեցող ծնող։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ սեռական դաստիարակությունն ավելի շատ ծնողին է վերաբերում, քան նրա երեխային»։

Նրա խոսքով՝ կան որոշակի հարցեր, որոնք երեխայի հետ անշուշտ պետք է քննարկել, բայց հատուկ ուշադրություն սևեռել սեռական թեմայի, մարմնիառանձին մասերի վրա, մտքեր հուշել, պատկերներ տպավորել, ճիշտ չէ։

«Այդ ամենը ավելորդ ինֆորմացիոն բեռ է, որը կարող է տպավորվող երեխայի հիշողության մեջ հետք թողնել՝ հետագայում դառնալով սնունդ երևակայության համար, որն էլ ի վերջո իրականություն է ստեղծում,-ասում է բժիշկ-սեքսոլոգը,- շատ թեմաներ վաղ տարիքում երեխային հետաքրքիր էլ չեն, իսկ եթե երեխան հետաքրքրվում է և դա առողջ հետաքրքրություն է, ապա կարելի է նուրբ ձևով, շեշտը հոգևոր իմաստների վրա դնելով՝ իրազեկել տվյալ երևույթը»։

Ինչ վերաբերում է սեռական բռնությունից երեխային պաշտպանելուն, Նարինե Ներսիսյանը կարծում է, որ այս հարցում նույնպես պետք է խիստ զգույշ լինել։ Օրինակ՝ պետք չէ երեխային մանրակրկիտ ներկայացնել բռնության տեսարաններ և նկարագրել բռնի գործողություններ, չարաշահման մանրամասներ։

«Իհարկե բռնարարներ կան,որն ընդհանուր առմամբ ես կոչում եմ Չար։ Երեխան շատ լավ հասկանում է չարի և բարու տարբերությունը։ Վտանգավորն այն է, երբ երեխային ասում են, թե աշխարհը միայն բարի է ու բոլորը բարի են։ Ոչ, չարը նույնպես կա, և երեխան պետք է զգուշանա ոչ միայն սեռական բռնությունից, որը չարի մասնավոր դրսևորում է, այլ ընդհանրապես ամեն տեսակ չարից։ Երեխային պետք է բացատրել, որ ցանկացած դեպքում, երբ նա դիմացինի գործողությունների մեջ տարօրինակ բան է նկատում, պետք է հեռու մնա այդ մարդու հետ շփումից»։

Անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ Նարինե Ներսիսյանն ասաց, որ այդ գիրքն ավելի շուտ մանկական պոռնոգրաֆիայի ինդուստրիայի զոհեր է պատրաստում, քան ինչ-որ խնդիրներ է լուծում։

Հարցին, թե արդյոք ճիշտ չէ՞ սեռական գրագիտությունը ներառել հանրակրթական ծրագրերում, բժիշկ-սեքսոլոգն ասաց, որ այդ դեպքում պետք է ներառել միայն ավագ դպրոցում՝ որպես առանձին առարկա, որը կվերաբերի առհասարակ փոխհարաբերությունների կրթությանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան, որտեղ սեռական գրագիտությունը դրված է ուսումնական ծրագրերի մեջ ամենակրտսեր տարիքից, արդեն հետ է կանգնում այդ ճանապարհից։ «Վերլուծելով իրենց արդյունքները՝ նրանք եկել են այն համոզման, որ այդ ծրագրեում կան բազում սխալներ, և հիմա մշակում են սեռական գրագիտության նոր մոդել, որն ավելի համալիր մոտեցում է ենթադրում»։

Նարինե Ներսիսյանը կարծում է, որ փոխհարաբերությունները պետք է դիտարկել եռամիասնության մեջ՝ հաշվի առնելով հոգեկան, հոգևոր ու մարմնական բաղադրիչները։ «Եթե շեշտը դնում ես միայն մարմնականի վրա, այլասերում է ստացվում»։

Բժիշկ-սեքսոլոգի համոզմամբ, մեր արժեհամակարգն առավել մոտ է հոգևորին, բայց մենք արհեստականորեն վերցնում ենք արևմտյան արժեքները, որոնք արդեն արդիական չեն Եվրոպայում։






Մեկնաբանություններ - 1

Աննա     11.07.2019 Շատ շնորհակալություն նման ճիշտ համար, առաջին անգամ էր , որ կարդացի սեռական դաստիարակության ճիշտ մոտեցում, այո և ամեն ինչ գալիս է ճիշտ հոգևոր դաստիարակումից և երեխային օրինակ ծառայելուց
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: