Հայերեն   English   Русский  

​Շիրակի տնտեսական ռեսուրսներն ու դրանց օգտագործման մեխանիզմները


  
դիտումներ: 1037

Շիրակի մարզում սոցիալ-տնտեսական աշխուժություն բերելու համար ներդրողներին պետք է աշխատելու հնարավորություն տալ արտոնությունների և աջակցման այլ ձևերով: Մարզը քիչ-քիչ փորձում է նորից տեքստիլ արտադրության առաջատար դառնալ:

Արդեն մի քանի տարի է տարբեր կազմակերպություններ են գործում այս ոլորտում:

-Այս ամսվա վերջ, հավանաբար, կվերաբացվի Մարալիկի մանվածքային գործարանի տարածքում արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծել 60-80 աշխատատեղ և ունենալ Հայաստանում ոլորտի զարգացման համար բամբակի և կիսաբամբակային թելերի արտադրություն: Արտադրման ծավալներն այս փուլում նաև արտահանման ծավալներ են իրենց մեջ ներածում, կարծես թե, - ասում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Արդեն արտոնություններ են տրվել նաև հայկական ջինսերի արտադրության համար: Այլ ոլորտներում էլ ներդրողներ կան.

- Չինական մի ընկերություն արդեն Գյումրիում տարածք է վերցրել և հիմքեր է դնում պլաստիկ շշի արտադրության արտադրամասի գործարկման: Հիմա հետախուզական փուլի մեջ են, փոքր ծավալով են սկսում աշխատանքը, բայց գործընթացը աճելու միտում ունի, - ներդրումների մասին պատմում է Շիրակի մարզպետը:

Այս ամենից զատ մարզում նաև պետական սուբսիդավորում կլինի՝ համայնքներում ծրագրեր իրականացնելու համար: Տարածքային կառավարման նախարարություն Շիրակի մարզը ներկայացրել է 49 սուբվենցիոն ծրագրի հայտ, որի շրջանակներում ընդհանուր 1 մլրդ 90 մլն դրամի ներդրում է կատարվելու մարզում, 1 մլրդ 310 մլն դրամի ներդրումը՝ պետության կողմից: Ներկայացված ծրագրերի մեծ մասը՝ փողոցաշինության, ջրամատակարման, ոռոգման համակարգերի նորոգման, լուսավորության, վերականգնող էներգիայի, մեքենասարքավորումների ձեռքբերման և այլ աշխատանքների հետ են կապված:

- Մեքենասարքավորումների ձեռքբերումն, օրինակ, շատ կարևոր է, քանի որ այս կերպ մենք համայնքին տալիս ենք հնարավորություն նույն փողոցաշինության համար ունենալ սեփական տեխնիկան: Մարմաշեն համայնքում այսօր՛՛Գրեյդերի՛՛, բեռնատար մեքենայի հայտը հնարավորություն է տալիս փողոցներում իրականացնել աշխատանքեր մատչելի ձևով, - ասում է Շիրակի մարզպետը:

Տուրիզմը ևս հեռանկարային է մարզի համար, հավատացած է Շիրակի մարզպետը: Նաև որոշ փակագծեր է բացում՝ Եվրամիության հետ բանակցություններն են ընթանում, որի շրջանակներում մինչեւ տարեվերջ ՀՀ-ն հուշագիր կստորագրի, արդյունքում Շիրակի, Լոռու և Տաուշի մարզերը կստանան երեք բաղադրիչների համար դրամաշնորհներ՝ տուրիզմ, նորարարություն և կանաչ գյուղատնտեսություն:

- Փաթեթի արժեքը 10 մլն եվրո է: Ծրագրում օգտագործել Աշոցքի տարածաշրջանի ձմեռային տուրիզմի ֆանտաստիկ մեծ պոտենցյալը, երկրորդ, օգտագործել Արագած լեռան հնարավորությունները Արթիկի տարածաշրջանից: Այս երկու գոտիներում էլ առկա են զարգացման իրական հնարավորություններ: Ուղղակի պետք են առաջին թիրախային ներդրումները, որոնք էլ ապհովվելու են այս ծրագրի շրջանակներում: Աշոցք, Արթիկ, Անիի տարածաշրջան, որտեղ ևս հետևողական ենք աշխատում: Գյումրին էլ իր կոլորիտով և պատմամշակութային միջուկով:

Գյումրիում գեղեցիկ ու բարեկարգ մեկ վայր էլ կավելանա՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը նորոգելու է Բարեկամության այգին, որը շուրջ 30 տարի բնակեցված է եղել տնակներով: Տեղի բնակիչները ապահովվել են բնակարաններով, երբեմնի այգուց այսօր միայն ջրավազանի հետքերն են մնացել, բայց առատ բուսականությունը քողարկում էր ամեն ինչ: Հիմնադրամի նախաձեռնությամբ այս այգին կրկին իր նպատակին է ծառայելու և նորովի վերադարձվելու է գյումրեցիներին: Սա էլ առիթ է հանդիսանալու, որ մարդկանց տեղաշարժը Գյուրու կենտրոնից ուղղվի դեպի ծայրամասային հատվածներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: