Հայերեն   English   Русский  

​Գյումրեցի ուսանողները բաց նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին


  
դիտումներ: 714

ՇՊՀ-ի «Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի» պատմության բաժնի առկա 2-րդ կուրսի ուսանողները քիչ առաջ բաց նամակով դիմել են երկրի վարչապետին՝ տեղեկացնելով, որ դասախոսների, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեության հետ կապված դժգոհությունների մասին:

Գյումրեցի ուսանողները բաց նամակով դիմել են վարչապետ Փաշինյանին

Մասնավորապես գրել են. «Առ այսօր մենք հաստատում ենք ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարին ուղղված մեր դիմումի ամեն բառն ու պահանջը: Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Վարդիթեր Աբրահամյանի և նրա ամուսնու հետ ունեն շատ ջերմ ընտանեկան հարաբերություններ, և պարոն Սերոբյանը պաշտպանում է իր մտերիմ դասախոսին ՝ Վ. Աբրահամյանին: Մարտի 27-ից մենք «Հայոց պատմություն» առարկայի դասերին չենք հաճախել և այս պահին մեզ սպառնում են , որ կրեդիտ պարտք կունենանք և զգալի գումարներ կրկնակի կմուծենք համալսարանի բյուջեին այն դեպքում, երբ վարձավճարները, ըստ մեր պայմանագրի, արդեն մուծել ենք, բայց կրթական ծառայություն մեզ չի մատուցվում: Փոխանակ պարոն Սերոբյանը հարցը ժամանակին լուծեր՝ զբաղված էր մեր պահանջի հետևում ինչ-որ ուղղորդողներ կամ մութ ուժեր փնտրելով:

Մենք ամբողջ կուրսով զարմացած ենք, որ 2018թ.-ի «Թավշյա հեղափոխությունից» հետո ուսանողների հետ կարող են խոսել վերջնագրերի լեզվով և առաջ մղել ծանոթ-մտերիմ հարաբերությունների առաջնահերթությունը որակյալ կրթության փոխարեն:
Մենք պահանջատեր ենք մեր որակյալ կրթության իրավունքի համար և խնդրում ենք Ձեզ արձագանքել մեր բաց նամակին
»:

Ուսանողները հրապարակել են նաև ռեկտորի պաշտոնակատարին դրած դիմումը, որում շարադրել են հետևյալը. «Մենք հրաժարվել ենք«Հայոց պատմություն»առարկայի առաջին միջանկյալ քննությունը հանձնելուց, քանի որ դասավանդման որակը մեզ չի բավարարում: Մենք վարձավճար ենք մուծում որակյալ կրթության, ստեղծագործական հմտությունների և վերլուծական կարողությունների զարգացման համար, ոչ թե հայոց պատմության ծավալուն հարցաշարերն անգիր անելու և մեխանիկորեն վերարտադրելու համար: Մենք պարզապես զարմացած ենք, որ դասախոսը շարունակում է դասապրոցեսը կառուցել իր անձի շուրջ, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ուսանողակենտրոն ուսուցումը որակյալ կրթության ժամանակակից պահանջն է....»: Իրենց դիմում ուսանողները նշել են նաև, որ պատրաստ են հանձնել քննությունները միայն այն դեպքում, երբ հանձնաժողովը կազմված կլինի ԵՊՀ և պետական մանկավաժական համալսարանների մասնագետներից:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: