Հայերեն   English   Русский  

​«Թանգարանները որպես մշակութային հանգույցներ.Ավանդույթի ապագան». վաղը թանգարանների միջազգային օրնէ


  
դիտումներ: 1003

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 18-ին,Թանգարանների միջազգային օրվա շրջանակում:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն էբարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից`Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

Մայիսի 18–ին ժամը 11–ից Հայաստանի 100–ից ավել թանգարանների դռները մինչև կեսգիշեր բաց կլինեն բոլոր այցելուների համար. այս տարի Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանային գիշեր» միջոցառումները նույն օրը` մայիսի 18–ին են։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

«Ստացվում է`վաղը կրկնակի տոն է արվեստասերների համար։ Յուրաքանչյուր թանգարանի վաղվա ծրագրին կարող են ծանոթանալ մեր պաշտոնական էջում ` Mincult.am–ում։ Ի դեպ,ոչ մի թանգարանի ծրագիր չի կրկնելու նախորդ տարիների ծրագրերը»,–ասաց նա։

Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. Ավանդույթի ապագան»:

Նրա խոսքով` վաղը թանգարաններ կայցելեն նաև պետական պաշտոնյաները։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հայտնեց, որ իրենց թանգարանն, օրինակ, վաղը ծրագիր է իրագործելու, որն անվանել են` «Թանգարան` իր պատերից դուրս»։

Վաղը Թումանյան–Նալբանդյան պուրակում համերգ կլինի, որի ժամանակ ելույթ կունենան Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները։Երեկոն կավարտվի ջազ համերգով։ «Մեր թանգարանը շատ փոքր է` 10-15 մարդ է այնտեղ տեղավորվում, և «Թանգարանային գիշերվա» օրը գալ մեզ մոտ ու ծանոթանալ նմուշներին, նոր հավաքածուն տեսնել` ուղղակի հնարավոր չէ։Չնայած մենք առաջին թանգարաններից մեկն էինք, որ միացավ «Թանգարանային գիշեր ծրագրին»,–ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը նաև նշեց, որ Հայաստանի պատմության թանգարանը մինչև մայիսի վերջ կկարողանա հյուրընկալել նաև հաշմանդամություն ունեցող անձանց. թանգարանը հարմարեցվում է։

«Այժմ վերանորոգման աշխատանքներ են կատարվում ու փորձում ենք վերելակ տեղադրել։ Բացի այդ, կլինեն նաև հատուկ հարմարեցված սանհանգույցներ։ Գիդերը նույնպես կվերապատրաստվեն»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` մշակույթի նախարարությունը ծրագրել է տարեցտարի բոլոր թանգարանները հարմարեցնե լ ու նախատեսում են 5 տարվա ընթացքում հասնել նրան, որ բոլոր թանգարանները մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Իսկ թե այս տարի քանի թանգարան կհարմարեցվի և որ թանգարանը կհաջորդի Հայաստանի պատմության թանգարանին` դեռ հստակ ծրագիր չկա։

Մշակույթի փոխնախարարի խոսքով, իրենք նախատեսում են նաև, որ թանգարաններն առաջիկայում 10 լեզվով աուդիոգիդերով ապահովված լինեն, ինչպես նաև QR կոդերով, ինչը նշանակում է, որ հեռախոսով հնարավոր կլինի տեսնել թանգարանների ցուցադրությունների մասին ողջ ինֆորմացիան։

Հիշեցնենք, որ վաղը Թանգարանների միջազգային օրն է, ինչպես նաև «Թանգարանային գիշերը»։

Իսկ թե որ թանգարանն ինչ է խոստանում վաղն իր այցելուին` կարող եք ծանոթանալ այցելելով մշակույթի նախարարության պաշտոնական` Mincult.am կայքէջ։

Նշենք, որՀայաստանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում է 2005 թվականից, այն ժամանակ ծրագրին միացել են 9 թանգարան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: