Հայերեն   English   Русский  

​«Քաղաքականությունից հեռանալս միջոց էր այս երկրում նախադեպ ստեղծելու, որ քաղաքականությունից հետո կյանք կա». Գիորգի Մարգվելաշվիլի


  
դիտումներ: 521

Նախկին նախագահները սովորաբար պաշտոնից հեռանալուց հետո կամ դասախոսություններ են կարդում, որոնց համար լավ գումար են վաստակում,

կամ խոշոր կորպորացիաների տնօրենների խորհրդի կազմում են ընդգրկվում, կամ սեփական հիմնադրամներն են հիմնում: Սակայն Վրաստանի նախկին նախագահն այլ ճանապարհով է գնացել՝ նա բնության գրկում գտնվող անշարժ գույքը վարձակալության է տալիս ցանկացողներին:

Հինգ տարի Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Գիորգի Մարգվելաշվիլին վերադարձել է նաև իր նախկին կյանքին՝ մանկավարժական գործունեությանը, գրում է Reuters գործակալությունը:

49-ամյա գործիչն ու նրա ընտանիքն այժմ բնակվում են Դուշեթի քաղաքում՝ մայրաքաղաք Թբիլիսիից 60 կմ հյուսիս-արևմուտք:

«Սա հոգեպես հարստացնող փորձ է»,-գործակալության հետ զրույցում ասել է Մարգվելաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը պետական թոշակ չունի, որի վրա կարող է հույս դնել, զբաղվում է ատաղձագործությամբ՝ ստեղծելով կահույքի ու այլ պարագաներ, որոնցից շատերը նա օգտագործում է գյուղական տարածքում վարձակալությամբ տրվող անշարժ գույքը կահավորելու համար:

Նախկին նախագահը սկսել է քոթեջը զբոսաշրջիկներին վարձակալության տալ մոտ 2 ամիս առաջվանից:

Նա պատմել է, որ այցելուներից ոմանք, հիմնականում՝ վրացիները, ճանաչում են իրեն, մյուսների՝ եվրոպական կամ նախկին խորհրդային պետություններից զբոսաշրջիկների համար դա անակնկալ է լինում:

Այս կյանքը կտրուկ տարբերվում է իր՝ որպես արևմտամետ անկուսակցական քաղաքական գործչի կյանքից, որի նախագահական լիազորությունները սահմանափակ էին, ու որը հաճախ էր լարված հարաբերություններ և տարաձայնություններ ունենում ինչպես երկրի իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության հետ, գրում է լրատվամիջոցը:

Նա, իր կինն ու երկու երեխաներն ապրում են վարձով տրվող անշարժ գույքից ոչ հեռու՝ երկհարկանի ոչ շքեղ տանը: Իր սեփական տունը նույնպես զարդարված է իր իսկ ստեղծած աշխատանքներով, ինչպես նաև իր կնոջ՝ Մակա Չիչուայի նկարած նկարներով:

«Քաղաքականությունից հեռանալս միջոց էր այս երկրում նախադեպ ստեղծելու, որ քաղաքականությունից հետո կյանք կա»,- ասել է նա:

Բակով զբոսնելով, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակա բնությունը՝ նա ասել է, որ դիտարկում է իր փոքրիկ կալվածքում ձիաբուծարան ու գինեգործարան հիմնելու գաղափարը:

«Ինձ համար նախագահության 5 տարիները բավականին լարված տարիներ էին: Այժմ ես պարզապես վայելում եմ թեթև և խաղաղ կյանքը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Գիորգի Մարգվելաշվիլի վրացի քաղաքական գործիչ է, Բիձինա Իվանիշվիլու հիմնադրած «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ և Վրաստանի 4-րդ նախագահ։

Մասնագիտությամբ փիլիսոփա է, եղել է Վրաստանի հասարակական գործերի համալսարանի ռեկտոր (2000-2006 թթ., 2010-2012 թթ.), Վրաստանի կրթության և գիտության նախարար (2012-2013 թթ.)։

2013 թվականի հոկտեմբերի 27-ին Վրաստանում անկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային ճակատ» կուսակցության առաջադրած Դավիթ Բաքրաձեի նկատմամբ և դարձել Վրաստանի 4-րդ նախագահ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: