Հայերեն   English   Русский  

Ինչո՞ւ «կարմիր խնձորի» ավանդույթն այլևս արդիական չէ


  
դիտումներ: 718

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը կարծում է՝ այսօր ամուսնալուծությունների թիվն ավելանում է, քանի որ շատերին թվում է, թե երջանկությունը «դրսում է», ու եթե իրենք բաժանվեն, անպայման կգտնեն այն։

«Երբ մարդիկ հասկանան, որ երջանկությունը մարդու ներսում է, ոչ թե դրսում, ամուսնալուծությունների թիվն էլ կկրճատվի,-ասում է նա,-մարդու երջանկությունը ինքնահաղթահարման մեջ է։ Շատ դեպքում մարդն իրեն լավ չի զգում հենց ի՛ր պատճառով, ոչ թե ամուսնու կամ կնոջ, այսինքն ինքն իր խնդիրների զոհն է։ Իհարկե կան բացառություններ, որտեղ ակնհայտ բռնություն է, անլուծելի խնդիրներ և այլն»։

Մասնագետը նկատում է՝ երկարատև հարաբերությունների մեջ գտնվող զույգերը հոգնում են իրարից, դա բնական է, դա մի խնդիր է, որը պետք է լուծել։

«Արևմուտքում, օրինակ, շատ հեշտ է լուծվում․ ամուսնալուծվում են ու վերջ,-ասում է նա ու պատմում,- մի անգամ ինձ Եվրոպայից դիմել էր մի հայ զույգ։ Սեռական խնդիրներ ունեին ու մինչ ինձ դիմելը Եվրոպայում դիմել էին սեքսոլոգի։ Վերջինս միանգամից խորհուրդ էր տվել բաժանվել։ Բայց նրանք ասել էին, թե սիրում են իրար, չեն ուզում բաժանվել։ Ասել էր՝ չէ, ձեր սերն անցել է, իզուր իրար մի տանջեք, մի կյանք եք ապրում։ Մի խոսքով, մեր հայ զույգը այս պատասխանից շատ էր վիրավորվել։ Երբ դիմեցին ինձ, ասացին, որ իրար շատ են սիրում, չեն ուզում բաժանվել, ուղղակի ուզում են լուծել սեռական խնդիրները։ Որոշակի թերապիայից հետո խնդիրը լուծվեց»։

Այս պատմությունը պատմելով՝ Նարինե Ներսիսյանն ընդգծում է, որ միգուցե արևմուտքում բժիշկ-սեքսոլոգի խորհուրդը ճիշտ էր, քանի որ նրանք այդ արժեհամակարգի կրողն են, մեզ համար դա ճիշտ ճանապարհ չէ։

Անդրադառնալով ամուսնական հարաբերություններին, որոնք երբեմն վատ ավարտ են ունենում սեռական խնդիրների պատճառով՝ բժիշկ-սեքսոլոգն ասում է, որ սեռական խնդիրները լուծելու համար պետք է նախևառաջ հասկանալ դրանց խորքային պատճառները։ Այո, կին-տղամարդ հարաբերությունները բարդ են, առավել բարդ են սեռական հարաբերությունները։ Մասնագետը դա համեմատում է կրակի հետ, որն անընդհատ վառելանյութի ավելացման ու կայծի կարիք ունի։ «Ցանկացած հարաբերությունների մեջ պետք է աշխատանք տարվի, պետք է մարդիկ փորձեն հաղթահարել դրանք ինքնուրույն»։

Բայց եթե կան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չէ ինքնուրույն լուծել, նա խորհուրդ է տալիս հաղթահարել ամոթն ու դիմել մասնագետի։

Խոսելով այսօրվա հասարակության մեջ կանանց ու տղամարդկանց, ավելի ճիշտ աղջիկների ու տղաների փոխհարաբերությունների մասին՝ նա մի վատ միտում է նկատում։ «Շատերն իրենց որպես ապրանք են դիտարկում և կարծես վաճառվում են։ Նախկինում, երբ կանայք չեն աշխատել, ինքնուրույն չեն եղել, նյութապես կախված են եղել ամուսնուց, միգուցե բնական է եղել, որ ընտրություն կատարեն՝ հաշվի առնելով տղամարդու նյութական վիճակն ու հասարակական դիրքը։ Բայց այսօր, երբ կինն ինքնուրույն վաստակում է, ֆինանսական խնդիր չունի, կարող է իրեն ապահովել, այլևս կարիք չունի ընտրելու մեկի, ով իրեն կպահի։ Պետք է ընտրի մեկին, որի հետ իր կյանքն ավելի կարժևորվի, ինքն ավելի սիրված կլինի, ավելի կսիրի»։

Բժիշկ-սեքսոլոգն ընդգծում է՝ հարաբերությունները մարմնով չեն սկսվում, սկսվում են հոգով, մարմնով ավարտվում են։ Մարդկանց իրար կապողը նախևառաջ ընդհանուր մտածելակերպն ու արժեքները պետք է լինեն։

Խոսելով կին-տղամարդ հարաբերությունների ավանդական պատկերացումների և այսօրվա իրականության մեջ դրանց անհամատեղելիության մասին՝ Նարինե Ներսիսյանը նշում է, որ օրինակ՝ «կարմիր խնձորի» հետ կապված ավանդույթն այսօր այլևս արդիական չէ։

«Ամուսնության տարիքն այսօր բարձրացել է, ոչ ոք 15-16 տարեկանում չի ամուսնանում, կարմիր խնձորի ադաթը վերաբերում էր այն ժամանակներին, երբ կանայք շատ վաղ տարիքում էին ամուսնանում։ Այո, այդ ժամանակ դա միգուցե նորմալ էր։ Բայց եթե կանայք այսօր ամուսնանում են 30-ի մոտ, մեզ պետք են որոշակի վերափոխումներ։ Ես կարծում եմ, որ հասարակությունն այս հարցի նկատմամբ ավելի հանդուրժող պետք է դառնա»։

Նարինե Ներսիսյանը նշում է, որ մեր իրականության մեջ կան երկակի ստանդարտներ․ տղաներին ինչ-որ բաներ կարելի է, աղջիկներին՝ ոչ։ «Եթե մարդիկ իրար սիրում են, պատասխանատու են և հարաբերությունները հասել են արդեն ֆիզիկական կոնտակտի մակարդակի, ապա սեռական հարաբերությունները նորմալ են։ Ընդհակառակը, եթե իրենց զսպում են, դա լի է սեռական խանգարումներով ու վտանգներով»։

Մասնագետը ցավով նկատում է, որ առհասարակ այսօր ամբողջ աշխարհում միտում կա ամեն ինչ նյութականացնելու և մոտեցնելու մարմնականին, ինչը, նրա կարծիքով, սխալ ճանապարհ է։

«Պետք է առաջնային շեշտը դնել հոգևոր, բարոյական բաղադրիչի վրա։ Եթե դաստիարակությունն այդ ուղությամբ տարվի, մյուս հարցերն ինքնաբերաբար կլուծվեն»,-համոզված է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: