Հայերեն   English   Русский  

​Ավանդականն ու ժամանակակիցը միշտ հանգուցվում են մեր թանգարանում...


  
դիտումներ: 1363

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է:

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանի հետ անդրադարձել ենք օրվա խորհրդին և թանգարանի առանձնահատկություններին:

-Ո՞րն է Ձեր թանգարանի առաքելությունը, և ի՞նչ հիմնական ուղղություններով է այն ծավալում իր գործունեությունը:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

-Թանգարան երևույթի առաքելությունը տվյալ ստեղծագործողի մասունքները, նրա հետ կապված նյութերն ուսումնասիրելն ու հանրահռչակելն է: Թանգարանը պիտի օգնի մարդկանց ճանաչել ու սիրել ազգային մշակույթը: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նպաստում է, որ այցելուները ոչ միայն հերթական անգամ լսեն Իսահակյան մարդու, բանաստեղծի մասին, այլև՝ հայտնաբերեն նորովի:

Մեր թանգարանը շատ գեղեցիկ է, միայն, ափսոս, որ չի գտնվում բանուկ փողոցի վրա: Մեր ջանքերով փոքրիկ ցուցանակներ ու սլաքներ ենք փակցրել, որ այցելուներն ավելի հեշտ կողմնորոշվեն թանգարան գալու ճանապարհին: Կա նաև ցուցատախտակ՝ մեր հայտարարություններով: Բայց վառ ու արտահայտիչ ցուցանակի կարիք շատ ունենք:

Վերջին տարիներին մեր այցելուների քանակը կրկնապատկվել է տարաբնույթ նախագծերի ու կրթական ծրագրերի իրագործման շնորհիվ: Իսահակյանը մի քիչ բարդ հեղինակ է դպրոցականների համար: Դրա համար ծավալուն աշխատանքներ կատարեցինք՝ ուսումնասիրելով, թե ի՞նչ ստեղծագործություններ են ընդգրկված դպրոցական դասագրքերում, և հասկացանք՝ եթե ուզում ենք բոլոր տարիքի երեխաներին բերել թանգարան, պիտի մշակվեն կրթական ծրագրեր: Այժմ կան 11 կրթական ծրագրեր, որ հրաշալի աշխատում են և հասցրել են ճանաչվել ու սիրվել դպրոցներում: Օրինակ՝ ունենք կրթական բնույթի համակարգչային մրցույթ, որ կոչվում է՝ «Դե, անիմացրու»: Այս ծրագիրն օգնում է ժամանակակից կյանքն ու ժամանակակից երեխայի հոգեբանությունը զուգակցել գրողի ստեղծագործությանը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Նրանք Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա անիմացիոն մուլտֆիլմեր են նկարահանում՝ նախապես ընթերցելով և ավելի խորությամբ ծանոթանալով հեղինակին: Մասնակցում են երեխաներ Հայաստանի տարբեր անկյուններից: Այս տարի նաև Արցախից կունենանք մասնակիցներ:

Այժմ հրատարակման ենք պատրաստում Իսահակյանի հեքիաթները, որ նախատեսում ենք ընթերցողի դատին հանձնել երկլեզու՝ հայերեն-անգլերեն տարբերակով:

-Առանձնատունը Իսահակյանին տրամադրվել է 1945-ին: Արդյոք այսօր շենքի պայմանները բավարա՞ր են՝ հավուր պատշաճի թանգարանային գործունեություն ծավալելու համար:

-Իսահակյանն այստեղ է տեղափոխվել 1946-ի վերջին և ապրել մինչ կյանքի ավարտը: Նրա մահից հետո՝ արդեն 1958-ին, որոշում է ընդունվել առանձնատունը վերածել թանգարանի: 1963-ին հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել թանգարանի բացումը:

Շենքը երեք անգամ հիմնանորոգվել է, վերջինը՝ 2008-ին: Հիմա կրկին կարիքը զգացվում է, մանավանդ, որ այցելուները շատ են և հիմնականում՝ դպրոցականներ: Հուսանք՝ գոնե Իսահակյանի 150-ամյակի հետ կապված կկատարվեն վերանորոգման, շենքի թարմացման աշխատանքներ:

-Ինչպիսի՞ ծրագրով է թանգարանը ներկայանում իր սովորական այցելուին:

-Ընդհանրապես թանգարան հասկացությունը մի բացառիկ հատկություն ունի: Փողոցում լրիվ ուրիշ ժամանակ է, բայց երբ մտնում ես թանգարան, հայտնվում ես այլ ժամանակի, այլ հարթության մեջ: Մի՞թե ներշնչող չէ տեսնել այն տունը, որտեղ ապրել է Իսահակյանը, տեսնել այն գրասեղանը, որի առջև աշխատել է բանաստեղծը, տեսնել այն բաժակը, որով սուրճ է խմել, հողաթափերը, հագուստները և այլն: Այսինքն՝ այցելուն հայտնվում է հենց այն պահի մեջ, որում ապրել է Իսահակյանը: Թանգարանի մյուս հատվածն արդեն ներկայացնում է բանաստեղծի ապրած կյանքն ու գրական ստեղծագործությունները: Նաև թանգարան գալով՝ մարդիկ կարող են հաճախ մասնակից դառնալ տարբեր միջոցառումների, որ ապացուցում են՝ թանգարանն անշարժ առարկաների հավաքատեղի չէ: Գրքերի շնորհանդեսների, քննարկումների, հետաքրքիր թեմատիկ միջոցառումների ու դասախոսությունների ընթացքում այցելուն կարողանում է և´ վերցնել, և´ տալ:

-Ինչպե՞ս եք թանգարանը գրավիչ դարձնում ներկայիս սերնդին:

-Թանգարանները վերջին տարիներին դարձել են առավել աշխույժ: Ընդ որում կարիք կա գրավիչ լինել բոլոր տարիքի այցելուների համար, որովհետև կյանքի ընդհանուր ռիթմն արագացել է, հետաքրքրություններն ու պահանջները՝ շատացել: Եվ հիմա, երբ մեզ այցելում են դպրոցականներ, ամբողջ ցուցասրահը դիտելուց հետո, հանկարծ լույսերն անջատվում են, և նրանք տեսնում են երիտասարդ Իսահակյանին Ռիալտոյի կամուրջի վրա և այն աղջկան, ում նվիրվել է «Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը: Նրանց հայացքներն ուղղակի փայլում են այդ ժամանակ:

Ես նաև երազում եմ, որ մեր ցուցափեղկերի մի մասը կենդանանան: Հուսով եմ՝ մինչև տարվա վերջ կկարողանանք իրագործել նախագիծը: Օրինակ՝ երբ կխոսենք Իսահակյանի մանկության գյուղի ՝ Ղազարապատի մասին, էքսկուրսավարը կմիացնի կտավը, և երեխաները կտեսնեն շարժվող գյուղի պատկերներ:

Ասեմ նաև, որ մենք շատ նպատակային ենք օգտագործում համացանցը, որը բավական նպաստում է թե´ այցելուների թվի ավելացմանը, թե´ Իսահակյանի ժամանակակից մատուցմանը: Մեր թանգարանի ՖԲ էջը միշտ լի է Վարպետի կյանքն ու գործը ներկայացնող հետաքրքիր պատմություններով:

Ընդհանրապես գաղափարները շատ են, ուղղակի մեր թանգարանի և´ տարածքն է փոքր հետաքրքիր ծրագրերի իրագործման համար, և´ ֆինանսական հնարավորությունները չեն ներում:

-Որքանո՞վ են երիտասարդները մասնակից դառնում Ձեր թանգարանի առօրյային:

-Միշտ ասում եմ՝ Իսահակյանը երիտասարդների բանաստեղծ է, սիրո ամենամեծ երգիչներից է Սայաթ-նովայից հետո, և էլ ո՞վ, եթե ոչ Իսահակյանը պիտի դեպի իրեն կանչի երիտասարդներին: Ամեն տարի Ս. Սարգսի օրերին, սիրո գեղեցիկ տոն ենք կազմակերպում՝ դեպի թանգարան բերելով շատ երիտասարդների:

Այս առումով մեզ համար շատ թանկ է համագործակցությունը ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի հետ, որի երիտասարդ անդամները թանգարանի աշխատակիցների հետ համատեղ հաճախ են միջոցառումներ կազմակերպում:

Մեր միջոցառումների մի մասն էլ անցկացվում են այգում: Ասեմ, որ այն ևս նպաստում է երիտասարդ այցելուների ներգրավմանը: Միշտ ժպիտով եմ հիշում մի զույգի, որ պարբերաբար այցելում էր մեր թանգարան, նստում այգում, և որոշ ժամանակ անց հենց այդտեղ էլ տղան ամուսնության առաջարկություն արեց սիրած աղջկան:

Այս տարի ամռանը նախատեսում ենք կիթառի երեկոներ ու կինոդիտումներ կազմակերպել այգում: Մենք միշտ շատ նպատակներ ենք դնում մեր առջև, երբեմն անհնարին թվացող, բայց իրականացնում ենք:

-Վարպետի ներկայությունը զգացվու՞մ է թանգարանում:

-Իսահակյանի ներկայությունը մենք զգում ենք ամեն օր, բայց առավել ուրախալի է, երբ դա խոստովանում են այցելուները: Բանաստեղծին նվիրված միջոցառումներն էլ առավել շոշափելի են դարձնում նրա ներկայությունը: Իսահակյանի գործերը մոգական ազդեցություն ունեն: Մեր միջոցառումներից հետո մարդիկ ուղղակի չեն ուզում տուն գնալ:

-Գյումրիում ևս կա Ավետիք Իսահակայնի տուն-թանգարան: Համագործակցու՞մ եք միմյանց հետ:

-Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Մշտապես խորհրդակցում ենք տարբեր նախագծերի իրականացման շուրջ: Ուրախալի է, որ Գյումրու թանգարանը բարվոք վիճակում է, և ղեկավարությունն էլ միշտ շատ հետաքրքիր գաղափարներ ունի: Ի դեպ, անցյալ տարի՝ թանգարանի հիմնադրման 60-ամյակին, մենք Գյումրու թանգարանից բերեցինք Իսահակյանի ընտանեկան իրեր՝ ցուցադրելու մեր թանգարանում: Հաջորդ տարի էլ՝ Իսահակյանի 145- ամյակին, արդեն այստեղից որոշ ցուցանմուշներ կտանենք Գյումրի:

-Մեր հասարակությունը միշտ սրտի թրթիռով է վերաբերում մեծերի ժառանգներին: Ի՞նչ մասնակցություն ունի բանաստեղծի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, թանգարանի աշխատանքներին:

-Ամեն անգամ, երբ էքսկուրսիաների ժամանակ նա թանգարանում է լինում, բոլորը միանգամից պայծառանում են, և ոչ մի այցելու չի հեռանում առանց Ավիկի հետ լուսանկարվելու: Նա ոչ միայն կենդանի հիշողություն է, այլև մեծ խորհրդատու, որի հետ մշտապես քննարկում ենք մեր նախագծերը: Ի վերջո, նա նաև մեր աշխատակիցն է: Ավիկը մեզ շատ նրբություններ է հուշում: Եվ հենց սենյակները կահավորելիս շատ ենք օգտվել ոչ միայն լուսանկարներից, այլև հարազատների խորհուրդներից: Ինչպես նաև նրանց ընտանիքը բանաստեղծին պատկանող շատ իրեր է նվիրել թանգարանին:

-Թանգարանների գիշեր, Թանգարանների միջազգային օր: Ի՞նչ յուրահատուկ միջոցառումներ ունեք այս տարի, որ մայիսի 18-ին կառաջարկեք Ձեր այցելուներին:

-Շատ հագեցած ծրագիր ունենք, բայց երևի ամենահետաքրքիրն այն մտահղացումն է, որ թանգարանում ներկա կլինեն Վարպետի կյանքում նշանակալի դեր ունեցած կանայք՝ իրենց ժամանակաշրջանի հագուստներով: Նրանք այցելուներին կպատմեն Վարպետի մասին առաջին դեմքով, կխոսեն նրա կյանքում իրենց ունեցած դերի մասին:

Այդ օրը թանգարանում կլինի նաև Էդվարդ Իսաբեկյանի «Իսահակյանը Սևանա կղզում» մեծադիր կտավի շնորհանդեսը: Կտավն, այսպես ասած, կկենդանանա և հետաքրքիր զգացողություններ կպարգևի դիտողին:

Այս տարի Թանգարանների միջազգային օրն ունի հետևյալ խորագիրը՝ «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան», ինչը խորհրդանշում է, որ մենք թանգարաններում ոչ միայն պահպանում ենք դարերի փորձությունները հաղթահարած մեր ազգային հարստությունները, այլև զուգահեռում ենք դրանք ժամանակի պահանջներին: Պայմանավորված հենց այս խորագրով և այն փաստով, որ Ավետիք Իսահակյանի համար մեր ազգային արժեքները կենսական նշանակություն են ունեցել, այդ օրը թանգարանում կլինի նաև ազգագրական պարի ուսուցման դաս: Մենք մշտապես աշխատում ենք պահպանել ազգային բանաստեղծի թանգարանի դիմագիծը, դրա համար ավանդականն ու ժամանակակիցը միշտ են հանգուցվում մեր թանգարանում:

Կունենանք նաև կամերային համերգ «Կտոր մը երկինք» դուետի և «Խարույկ» բենդի երաժիշտների մասնակցությամբ:

Երեխաների համար էլ հեքիաթներ կբեմադրվեն: Այնպես որ, արել ենք ամեն բան, որ ցանկացած այցելու, թանգարան գալով, որևէ հետաքրքիր դետալ գտնի իր համար, և զգա օրվա տոնական շունչը: Մայիսի 18-ը պատասխանատու է նաև նրանով, որ շատերը թանգարան են գալիս առաջին անգամ: Բայց անկախ օրվանից, մեր կարևոր նպատակը մշակութային արժեքը մարդկանց հասու դարձնելն է, նրանց թանգարան բերելը:

-Ինչպիսի՞ն է, ի վերջո, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

-Այն ժամանակակից, ներկայանալի և ապագա ունեցող թանգարան է: Երբեք տեղում կանգ չի առնում, ձգտում է կատարելագործել իր ծրագրերը, ներգրավել նոր այցելուների: Ի դեպ, յուրաքանչյուր թանգարան պիտի մի քիչ թատրոն լինի:

Ժամանակին մտածում էինք՝ ինչպես թանգարանը գրավիչ դարձնել արտասահմանցի այցելուների համար, բայց հետո հասկացանք՝ առաջնային պիտի լինի տեղի այցելուին թանգարանի հետ կապելը, որովհետև Իսահակյանը դեռ մեր երկրում մասսայականացնելու կարիք ունի: Դրա համար հիմա շատ եմ ուրախանում, երբ այցելուներ ենք ունենում ոչ միայն մայրաքաղաքից և հարակից շրջաններից, այլև հեռավոր մարզերից:

-Ձեր մաղթանքը Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

-Թանգարանների բոլոր աշխատակիցներին ցանկանում եմ առողջություն, ստեղծագործական նորանոր լիցքեր, անսպառ էներգիա, որ երբեք չհոգնեն ու չբավարարվեն ձեռք բերածով: Թող նրանք երջանիկ լինեն և գնահատեն իրենց ունեցածը, որ ամենաթանկարժեքն է՝ հայի ինքնությունը:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: