Հայերեն   English   Русский  

Ես կոչ եմ անում անել ամեն ինչ, որ այս հավաքը տեղի չունենա. Հայկ Ալումյանը դիմել է նախագահին ու վարչապետին


  
դիտումներ: 261

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այսօր առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել ժամը 13:00-ից հավաքվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ,

որպեսզի թույլ չտան փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, քանի որ իրենք տեղեկություններ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:

Պատգամավորի գրառումից շատ չանցած հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա կոչ է արել պատկան մարմիններին թույլ չտալ, որ այսօր դատարանի դիմաց նախանշված հավաքը կայանա:

Հայկ Ալումյանը նշել է, որ Հայկ Սարգսյանը իր գրառմամբ կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

«Անգամ ՀՔԾ-ն Քոչարյանին չի վերագրում 10 մարդկանց, անգամ մեկ մարդու կյանքը խլելը: Պարոն Սարգսյանը լինելով իշխող կուսակցության խմբակցության պատգամավոր, նման կոչերով ու հայտարարություններով է հանդես գալիս: Սա ի՞նչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում: Սրանից հետո մեզ պետք է ասեն, որ Հայաստանում այլևս բացառված են դատարանների նկատմամբ ճնշումներ: Այդ թեզը հեքիաթ է, Հայաստանում դատարանների նկատմամբ ճնշումները ահագնացել են վերջին մեկ տարվա մեջ: Հայկ Սարգսյանը կարծես արդեն վերևում նախանշել է, թե արդար որոշումը որն է դատավորի համար՝ պարոն Քոչարյանին շարունակել պահել կալանքի տակ: Սա ուղղակի կոչ է տապալել սահմանադրական կարգը, զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի նկատմամբ»,-ասել է Ալումյանը:

Վերջինս կոչով դիմեց ՀՀ նախագահին, վարչապետին և այլ պատկան մարմինների՝ ապահովել սահմանադրական կարգը:

«Մեծարգո պարոն Սարգսյան, կոչ եմ անում կատարել Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտականությունը, այն է՝ ապահովել սահմանադրական կարգը: Իսկ այն, ինչ Հայկ Սարգսյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, եւ որը տարածվում է իրենց կողմնակիցների էջում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ: Այսինքն հավաքված ժողովրդի կողմից դատավորի նկատմամբ ճնշում գործադրել, որ դատավորը պարոն Քոչարյանին շարունակի պահել կալանքի տակ:

Երկրորդ, ես դիմում եմ իրավապահ համակարգին՝ հարգելի պարոն դատախազ, ես ձեզ կոչ եմ անում ընդունել այս հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին եւ քրգործ հարուցել այն փաստի առթիվ, որ ոմն անձ, փորձ է կատարում ճնշում գործադրել դատարանի նկատմամբ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով:

Ես կոչ եմ անում ՀՀ ոստիկանապետին և Հայաստանի ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս հավաքը տեղի չունենա, որովհետեւ այս հավաքի նպատակը խաղաղ չէ: Այս հավաքի նպատակ է հայտարարվել դատավորի նկատմամբ ճնշումը, ինչը իրավունք չունի տեղի ունենալու:

Ես կոչ եմ անում անել ամեն ինչ, որ այս հավաքը տեղի չունենա:

Ես կոչ եմ անում ՀՀ վարչապետին՝ մեծարգո պարոն վարչապետ, մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ նման հայտարարություն չեն անի, եթե դրա համար չլինի ձեր հավանությունը: Հարգելի պարոն վարչապետ, ես ձեզ կոչ եմ անում թույլ չտալ, թեկուզ վերջին պահին կանխել այս զարգացումները: Թույլ չտալ, որ ձեր կողմնակիցները, փաստորեն նաև ձեր անունից՝, առնվազն ձեր թույլտվությամբ կատարել այն, ինչ Հայկ Սարգսյանը նշել է իր կոչում:

Ես կոչ եմ անում ԲԴԽ-ին և նրա նախագահ Գագիկ Հարությունյանին՝ հարգելի պարոն Հարությունյան, գոնե մեկ անգամ կատարեք ի վերջո այն պարտականությունը, որը դրված է ԲԴԽ-ի վրա: Բացի այն, որ դատավորներին ենթարկել կարգապահական պատասխանատվության զանազան պատրվակներով, պատճառներով եւ հիմքերով, առաջին անգամ սատար կանգնեք դատական համակարգի անկախությանը: Արեք ձեզնից կախված ամեն ինչ, որ այս դրսեւորումը կյանքի չկոչվի, որ այս հայտարարւթյամբ հանդես եկող անձը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության եւ որ այսպիսի ոտնձգությունները այլեւս երբեւիցե Հայաստանում տեղի չունենան:

Ես կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին՝ բարձրացրեք ձեր ձայնը հոգուտ դատական համակարգի անկախության՝ անկախ ձեր հայացքներից, տեսակետներից:

Դատական համակարգի նկատմամբ ամբոխի կողմից ճնշում գործդրելու դրսևորում պետք է չլինի՝ անկախ որևէ նկատառումներից:

Ես կոչ եմ անում բոլոր միջազգային առաքելություններին, որոնք ՀՀ-ում աշխատում են, շատ ուշադիր հետեւեք այս զարգացումներինՁեր իրավասության շրջանակներում արեք ամեն ինչ, որպեսզի ՀՀ իշխանություններին հասցնեք այսպիսի դրսեւորումների անթույլատրելիությունը»,-նշել է Ալումյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: