Հայերեն   English   Русский  

Դատարանը պետք է անկախ լինի. Արա Զոհրաբյան


  
դիտումներ: 244

Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս կոչ է արել այսօր ժամը 13:00-ից հավաքվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ,

որպեսզի թույլ չտան փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, քանի որ իրենք տեղեկություններ ունեն, որ դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը, արձագանքել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով:

Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ:

Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»,-նշել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխել-չփոխելու որոշումը դատարանը այսօր է հրապարակելու: Այս պահին դատարանի բակում կրկին հավաքվել են Քոչարյանի կողմնակիցները և նրա դեմ պայքարողները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: