Հայերեն   English   Русский  

Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Քոչարյանի գործով դատավարությանը


  
դիտումներ: 512

Այսօր հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Քոչարյանի գործով հնչեցված հայտարարությունների վերաբերյալ:

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող դատական վարույթի հետ կապված գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով այդ իրադարձությունների զարգացման ընթացքը՝ Պաշտպանը հարկ է համարում արձանագրել.

1. Երկրում պետք է երաշխավորված լինի պետական իշխանության իրականացումը Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ իշխանություններից յուրաքանչյուրը պետք է հարգանքով վերաբերվի մյուսին և առաջնորդվի միայն իրեն վերապահված կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:

2. Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:

Պետք է հստակ գիտակցել, որ դատավորի կողմից քննվող գործը կամ նրա քննությանը ներկայացված հարցը միշտ կոնկրետ է, որի լուծումը պետք է տա ինքը դատարանը՝ հիմք ընդունելով հենց այդ կոնկրետ գործի հանգամանքները։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքով նախատեսված իրավական պատշաճ ընթացակարգի շրջանակներում։

3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նպատակային դիտարկումը ցույց է տալիս, որ համացանցում ու հատկապես սոցիալական ցանցերում բարձր է անհանդուրժողականությունը, հնչում է ատելության խոսք, առկա են սպառնալիքներ ու անգամ բռնության կոչեր։

4. Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Խնդրում եմ բոլոր կողմերին ցուցաբերել հանդուրժողականություն՝ ելնելով դատական վարույթի բնականոն ընթացքի և համերաշխություն ապահովելու անհրաժեշտությունից»,-ասված է ՄԻՊ հայտարարությունում։






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.05.2019 nikolin hulqanner voj orenk kiden voj al q harken irenk pogoj q vorochen ov betk a jmah tadvi ? aysbesov haydaraq anelov bedutyun ? artyok skajum junin qam al abuchner yn yte mi pan badahi hanjavor nikol a ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: