Հայերեն   English   Русский  

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատական ակտը կարող է բողոքարկվել 10-օրյա ժամկետում. դատախազություն


  
դիտումներ: 357

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից Անկախին տրամադրված հաղորդագրության մեջ նշված է.

«Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում: Ելնելով վերոգրյալից՝ պարոն Ալումյանը նշել է, որ բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ.»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը (…)։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածը սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

(...)
4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, (…)մասին որոշումները.

(...)»։

ՀՀ վճռաբեկ դատարանը Նարեկ Հարությունյանի վերաբերյալ գործով որոշմամբ սահմանել է, որ «[Մ]եղադրողը քրեական գործի դատական քննության փուլում լիազորված է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ դատարանի այլ որոշումները` այն դեպքում, երբ դրանց բողոքարկման հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

(...)Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ Այլ խոսքով` մեղադրողն իրավասու է վերաքննիչ դատարան բողոքարկել նաև առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշումները, քանի որ այդ հնարավորությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ և 376.1-րդ հոդվածներով։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը բխում է նաև դատախազի` մեղադրանքի պաշտպանության սահմանադրական իրավունքի բովանդակությունից, ինչպես նաև համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։

Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է։ (...)» (տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14-15-րդ կետերը)։

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ դատարանն իր այսօրվա որոշման եզրափակիչ մասում ևս հստակ նշել է, որ դատական ակտը կարող է բողոքարկվել հրապարակման պահից 10-օրյա ժամկետում:

Ելնելով վերոգրյալից՝ ակնհայտ է դառնում, որ իրականությանը չի համապատասխանում դատավարության ներկայիս փուլում կայացված դատական ակտերը բողոքարկման ոչ ենթակա լինելու վերաբերյալ պնդումը, իսկ տվյալ դեպքում դատարանի վերոնշյալ որոշումը դատախազության կողմից բողոքարկելու հնարավորության մասին հայտարարությունը լիովին իրավաչափ է:

Ուստի կրկին անգամ դիմում ենք պաշտպանության կողմին՝ ձեռնպահ մնալ ավելորդ որակումներից և Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ թյուրընկալումներ առաջացնելու փորձերից»:






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.05.2019 ahavasik ays tadahaazner vorochel yn yhbaraqan baderazm hortorel u yrgir kavusi danil ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: