Հայերեն   English   Русский  

Վալոդյա Ֆրանգուլյան. «Միշտ ցանկանում եմ հաղթել այն մարզիկին, որին պարտվել եմ»


  
դիտումներ: 1120

Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը:

Ուրախալի է, որ հայ ըմբիշը հաջողության հասավ վնասվածքի ապաքինումից հետո:
Անկախի հետ զրույցում Եվրոպայի առաջնության մրցանակակիր, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վալոդյա Ֆրանգուլյանը կիսվում է տպավորություններով, նշում, որ վնասվածքից հետո հաջող մասնակցությունը ոգևորում է և ստիպում առաջ շարժվել` նորանոր հաղթանակներ տոնելու համար:

-7-ամսյա ընդմիջումից հետո վերադառնալով մրցագորգ` հաջող ընդգրկվեցիք պայքարի մեջ` մեդալ նվաճելով: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

- Վնասվածքից հետո առաջին մրցաշարն էր: Երկար ժամանակ չէի մասնակցել մրցումների: Հասկանում էի, որ դեռ ժամանակը չէ ու պետք չէ, որ ինչ-որ մրցաշարի պատճառով կրկին հետ ընկնեմ ու չկարողանամ մարզվել: Մարզիչներիս հետ որոշել էինք, որ հանդես կգամ այն ժամանակ, երբ ամբողջովին ապաքինված լինեմ: Պարապմունքների ընթացքում նկատում էինք, որ գոտեմարտելը ստացվում է: Որոշեցինք մրցաշարում ուժերս փորձարկել, որպեսզի կարողանամ մտնել մրցակցական տրամադրությունների մեջ, որովհետև երկար ժամանակ մրցման չէի մասնակցել, քաշ չէի գցել, չէի գոտեմարտել ու մրցակցությունը կարող է մոռացած լինեի: Ամենակարևոր մրցումների ժամանակ ցանկալի չէր ուժերս փորձարկել: Այս ստուգատեսում առաջին նպատակս հաղթելը չէր: Կարևորն ինձ համար, վնասվածք չստանալն էր: Նշեմ սակայն` եթե մասնակցում եմ մրցումների, անպայման ցանկանում եմ հաղթել և առաջինը լինել:

Այս մրցաշարից առաջ հավաքներ չէինք ունեցել: Ճիշտ է, ես հավաքականի հետ միշտ մասնակցել եմ հավաքների, բնական է լիարժեք չէի մարզվում, բայց ամեն անգամ ավելացնում էի բեռնվածությունը: Ֆիզիկապես մի փոքր հետ էի վարժվել, բայց կարողացա իմ փորձի հաշվին դուրս գալ եզրափակիչ և զգացի, որ վնասվածքիս խնդիրն արդեն անցյալում է, ինչը շատ կարևոր էր, քանի որ անկախ ամեն ինչից ներքին վախ ունեի, որ հնարավոր է ինչ-որ բան անցած չլինի: Այս մրցումը հենց նրա համար էր, որ ամեն ինչ մոռացվի ու առաջ շարժվենք:

-Տպավորիչ գոտեմարտեր անցկացրիք`Հայաստանի հավաքականի համար միակ մեդալը նվաճելով:

-Այս մրցաշարը գրեթե ամեն տարի կազմակերպվում է: Այն վարկանշային է FILA-ի օրացուցային պլանում: Ստուգատեսին մասնակցում են փորձառու ու տիտղոսակիր ըմբիշներ:
Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել մեր հավաքականի ու երկրի համար: Այս անգամ չստացվեց առաջինը լինել. եզրափակչում սխալվեցի 2 անգամ և միավորը չկարողացա հետ բերել: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել հենց առաջին մրցման ժամանակ, այժմ կփորձեմ աշխատել սխալներիս վրա և հավաքների ընթացքում ուղղել դրանք:
Հավաքականի տղաները նույնպես կարող էին և ունեին իրական հնարավորություններ մեդալներ նվաճելու,

Վալոդյա Ֆրանգուլյան 2019

սակայն ինչ-ինչ պատճառներով պարտվեցին:

Մեր խմբում բավական ուժեղ մազրիկներ էին ընդգրկված: Շատերին ծանոթ էի, լավ մարզիկներ կային: Եզրափակչում գոտեմարտեցի Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանի հետ: Նրան ծանոթ էի, մեկական հաղթանակ ունեինք միմյանց դեմ: Եզրափակչում դադարը զգացնել տվեց: Շատ ուրախ եմ, որ դա պատահեց այս մրցաշարի ժամանակ և ոչ թե ավելի կարևոր ստուգատեսում: Կփորձեմ ամեն ինչ անել հաղթելու և առաջինը դառնալու համար: Թեև կարևորն արդյունքն է և կապ չունի, թե ում կհաղթեմ, սակայն միշտ ցանկանում եմ հաղթել այն մարզիկին, ում պարտվել եմ:

-Տևական ժամանակ չէիք մասնակցել մրցումների: Ինչպե՞ս հաղթահարեցիք լարվածությունը:

-Մրցակցական վիճակներին, հուզմունքին, լարվածությանը կարոտել էի: Այդ ապրումները կյանքի մյուս

ոլորտներում ու բնագավառներում չես կարող ունենալ: Ամենադժվարը սպասելն էր: Երբ ընկերներիս ճանապարհում էի մրցումների, ցանակնում էի, որ ես էլ հանդես գամ, կապ չուներ, թե ինչ մրցաշար էր: Պատրաստ էի ցանկացած մրցաշարի մասնակցել, կարոտով սպասում էի, որովհետև դրանով եմ ապրում: Մարզիկի համար ցավալի է, երբ մարզվում է ու մրցումների չի մասնակցում:

7 ամսվա բացակայությունից հետո կարոտել էի ամեն-ամեն ինչ՝ քաշ գցելը, նախապատրաստվելը, հուզմունքը կառավարելը: Միակ անհանագստությունս վնասվածքն էր, որ նորից ինչ-որ խնդիր չառաջանա: Գոտեմարտերից հետո զգացի, որ լիովին ապաքինվել է: Ինձ ոգևորեց այն, որ գոտեմարտերից չհոգնեցի: Նոր կանոններով մրցումների չէի մասնակցել. առաջին օրը 3 գոտեմարտ անցկացրի` 6-ական րոպե գոտեմարտելով: Մարզիկները, եթե չեն մարզվում 1 ամիս կամ անգամ 10 օր, միանգամից հոգնածություն են զգում: Ուրախ եմ, որ ինձ մոտ ամեն ինչ ստացվեց:

-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք պատրաստվում մասնակցել:

-Եվրոպական խաղերից առաջ ուսումնամարզական հավաքաների կմասնակցենք Ծաղկաձորում, հետո Օլիմպավանում: Հավաքականի կազմը հայտնի կդառնա ավելի ուշ: Այս նվաճումը շատ կարևոր էր ոչ միայն ինձ համար, այլև բոլորի: Կարևոր է, որ ձեռնունայն չվերադարձա: Մարզընկերներս, մարզիչները, լրագրողները համոզվեցին, որ դադարը դեռևս ոչինիչ չի նշանակում: Սա մեծապես ոգևորում է թե՛ ինձ, թե՛ սպորտը սիրողներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: