Հայերեն   English   Русский  

Հանրապետության մի շարք դատարանների առջև բողոքի ակցիաներ են


  
դիտումներ: 61

Երեկ՝ մայիսի 19-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյկսբուքյան իր էջում հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում այսօր ժամը 8:30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:

Վարչապետի կոչից հետո այսօր առավոտից մի խումբ մարդիկ հավաքվել են դատարանների առաջ և թույլ չեն տալիս, որ դատարանների աշխատակիցները ներս մտնեն:

Բողոքի ակցիա է իրակացվում նաև Սահմանադրական դատարանի մոտ: Հավաքված ցուցարարներին միացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նա նշեց, որ պետությունը գտնվում է անցումային արդարադատության փուլում, և դրա համար քայլեր են ձեռնարկվում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը լցրեց մարդկանց համբերության բաժակը և այսօր բողոքի ակցիաները արվում են հանուն արդարադատության համակարգի ազատականացման:

Նիկոլ Փաշինյանի կոչն ու այսօրվա բողոքի ակցիաները միանշանակ չեն ընդունվել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ մյուս խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը և մի շարք այլ պետական մարմիններ ու քաղաքական գործիչներ կոչ են արել Փաշինյանին վերահսկել իրավիճակը և չեղարկել նախօրեի հայտարարությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: