Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Լոնդոնում


  
դիտումներ: 105

Լոնդոնում՝ Քենզինգթոնի Միացյալ ռեֆորմիստական եկեղեցում, Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կազմակերպմամբ տեղի ունեցավ ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՄԹ Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի պատվավոր քարտուղար, Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանը՝ հրավիրելով ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Իր խոսքում Վ.Ուզունյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին, պատմական իրողություններին, մշակութային ցեղասպանությանն ու Կոմիտասի անգնահատելի ավանդին հայ երաժշտության զարգացման գործում: Նա կարեւորեց հայկական մշակութային ժառանգության, կրոնի ու լեզվի պահպանումն ու տարածումը մասնավորապես Սփյուռքում եւ միասնության կոչ արեց աշխարհասփյուռ հայերին՝ հզորացնելու Հայոց բանակը, սատար կանգնելու հայրենիքին, պահպանելու ու շենացնելու այն՝ սերունդների համար կերտելով պայծառ ապագա: Վ.Ուզունյանը հույս հայտնեց նաեւ, որ Արմեն Սարգսյանի նախագահությամբ էլ ավելի կամրապնդվի Հայաստան-Սփյուռք համագործակցությունը, նպաստելով երկրի տնտեսության զարգացմանը:

Իր ելույթում դեսպան Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ մեծն Կոմիտասը՝ հայ ժողովրդի ազգային ինքնությունը խորհրդանշող գործիչներից մեկը, հանճար է ոչ միայն աշխարհասփյուռ հայերի, այլեւ ողջ առաջադեմ մարդկության համար, եւ պատահական չէ, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում: Դեսպանը մեջբերեց մեկ այլ հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի խոսքերը. «Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը: Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ»:

Դեսպանը հավելեց, որ այս տողերի տակ կարող է ստորագրել յուրաքանչյուր հայ մարդ, ով երբեւիցե լսել է Կոմիտասի անմահ ստեղագործությունները:

Շարունակելով դեսպանի խոսքը, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրեց Կոմիտասի՝ հայկական դասական երաժշտության հիմնադրի, կյանքն ու ստեղծագործական ուղին, հատկանշելով, որ նրա ստեղծագործություններին անդրադարձ են կատարել ոչ միայն հայ երաժիշտների բոլոր հետագա սերունդները, այլեւ բազմաթիվ այլազգի երաժիշտներ, իսկ արվեստում Կոմիտասին պատկերում են որպես ցեղասպանության հիմնական խորհրդանիշներից մեկը, հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու տխուր ճակատագիրը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Շվեդիայից զեկույց էր ուղարկել ՀՀ նախագահի մրցանակի արժանացած թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան, Նոբելյան մրցանակի նոմինանտ, հրատարակիչ Ռագըպ Զարաքօլուն, ով Թուրքիայում բազմիցս բարձրաձայնել եւ գրքեր է հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի հետեւանքով մշտապես ենթարկվել է թուրքական իշխանությունների հետապնդումներին եւ բանտարկվել է: Ձեկույցը, որն ընթերցեց Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի հոգաբարձու Բերնարդ Նազարյանը, մասնավորապես ներկայացնում էր Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը, պատճառները, իրականացման կառուցակարգն ու հետեւանքները:

Ելույթով հանդես եկավ նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ հայ ժողովրդի մեծ բարեկամը: Նա միշտ կանգնել է հայ ժողովրդի կողքին,

կիսել նրա ցավն ու տառապանքը, սատարել արդար պայքարին՝ հանուն ազատության ու անկախության եւ իր ձայնը բարձրացրել մարդու իրավունքների ոտնահարման ու բռնությունների դեմ: Նրա միջոցով բազմաթիվ օտարերկրացիներ ճանաչել են Արցախը, ճշմարտացի տեղեկություններ են ստացել երկրի հիմնախնդրի մասին: Բարոնուհին խոսեց հայ ժողովրդի նկատմամբ կատարված դաժանությունների մասին, ընդգծելով, որ պետք է պայքարել բոլոր նրանց դեմ, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, եւ թույլ չտալ եւս մեկ ցեղասպանության փորձի Ադրբեջանի կողմից, որը ձգտում է վերացնել հայերին իրենց պատմական հողից՝ Արցախից:

Հիշարժան երեկոն շարունակվեց համերգային ծրագրով. մատուցվեց բարձրաճաշակ եւ բարձրարվեստ մշակույթ: Տաղանդաշատ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանը կատարեց Կոմիտասի եւ Կ.Առքելյանի աստեղծագործություններից, իր գեղեցիկ ձայնով հիացնելով հանդիսատեսին: Բուռն ծափողջյուններով դահլիճը դիմավորեց նաեւ ճանաչված ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում մենահամերգներով հանդես եկած Անի Բատիկյանին. հնչեցին Կոմիտասի, Ա.Խաչատուրյանի, Շումանի եւ Ա.Կռոլի ստեղծագործություններից: Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի խմբավար, կոմպոզիտոր, երգիչ Գրիգոր Նաջարյանն իր հզոր ձայնի անկրկնելի հնչողությամբ կատարեց Կոմիտաս:

Հաջորդիվ եղան Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախմբի կատարումները ջութակահարուհի Անժելա Նաջարյանի եւ դաշնակահարուհի Հաո Զի Յոհի նվագակցությամբ: Ելույթ ունեցավ նաեւ Վոկալ Տրիոն՝ ի դեմս Զվարթ Կարեյանի, Ցուզել Մանուչարովայի եւ Ֆեյրուզ Թորոսյանի: Երեկոյի ընթացքում հնչեցին նաեւ Գ.Նաջարյանի, Ռ.Պետրոսյանի, Ա.Մարկոսյանի ստեղծագործություններից: Բանաստեղծուհի Լիանա Հայրապետյանն ընթերցեց «Երգ Կոմիտասին» ստեղծագործությունը՝ իր եւ Փիթեր Սաթոնի բանաստեղծությունների նոր հավաքածուից, որը կոչվում է «Հայկական պատերազմի եւ խաղաղության պոեմներ»:

Ձեռնարկն իրականացվեց ՄԹ-ում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի բարձր հովանու ներքո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: