Հայերեն   English   Русский  

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար


  
դիտումներ: 132

Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նիստում որոշում է կայացվել հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար անցկացնում են ստորագրահավաք։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է արել ԱԺ «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ ստորագրահավաքին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը։ Կոչից հետո այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել հանրապետության տարբեր դատարանների առաջ: Նրանք թույլ չեն տալիս, որ դատարանների աշխատակիցները մտնեն դատարաններ: Վարչապետը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց ցուցարարներին ու խնդրեց ժամը 13:30-ին բացել բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: