Հայերեն   English   Русский  

Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը


  
դիտումներ: 936

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն հավանություն է տվել Հայաստանին 36 ամիս ժամկետով 180 մլն Փոխառության հատուկ իրավունքի չափով վարկի տրամադրմանը (շուրջ 248.2 մլն ԱՄՆ դոլար կամ ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի մոտ 139.75 տոկոս):

Խորհուրդը հաստատում է, որ 25.714 միլիոն ՓՀԻ-ն (համարժեք է մոտ 35.5 միլիոն ԱՄՆ դոլարին) անմիջապես է տրամադրվում Հայաստանին, իսկ մնացած գումարը կտրամադրվի վեց կիսամյակային գնահատականների հիման վրա:

Հայաստանի իշխանությունները նշել են, որ ՎՄ-ն դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում նոր ՎՄ-ն օգտագործել, եթե շոկերով պայմանավորված՝ չեն ծագի վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ: Ի լրումն ցնցումներից ապահովագրելուն ուղղված նպատակի, ՎՄ-ն կսատարի ՀՀ իշխանությունների՝ տնտեսական հիմնարարներն ու իրականացվող քաղաքականությունն ամրապնդելու ջանքերը: Այն կնպաստի նաև կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես կառավարման եւ գործարար միջավայրի բարելավմանը:

Գործադիր խորհրդի քննարկումից հետո Կառավարիչ-տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար Միցուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանը վերջին տարիներին շարունակում է առաջընթաց արձանագրել մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության պահպանման, ինչպես նաեւ տնտեսական աճի խթանման համար կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու գործում: Տնտեսական ակտիվությունը բարձրացել է, իսկ պետական պարտքը սկսել է նվազել: Գնաճը վերահսկվում է, ֆինանսական համակարգը մնում է կայուն, իսկ միջազգային պահուստները գնահատվում են համարժեք: Այնուամենայնիվ, բարեփոխումներին ուղղված ջանքերն անհրաժեշտ է շարունակել ավելի հավասարակշռված եւ ընդգրկուն աճ ապահովելու համար` կրճատելով անհամամասնությունները, բարելավելով գործարար միջավայրը եւ կառավարումը, ինչպես նաեւ հետագա ջանքեր գործադրելով աղքատությունն ու գործազրկությունը նվազեցնելու համար: Երեք տարի ժամկետով տրամադրվող ՎՄ-ն կսատարի իշխանությունների՝ ավելի դինամիկ, կայուն եւ ներառական տնտեսության անցնելու խնդրի իրագործմանը: ՎՄ-ի կանխարգելիչ բնույթը կծառայի արտաքին շոկերից ապահովագրության նպատակին: Իշխանությունները շարունակում են ֆիսկալ կանոնի գործադրմամբ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ ստեղծելով ենթակառուցվածքների եւ սոցիալական ծախսերի խթանման համար պահանջվող միջավայր: Այս խնդիրների իրագործումը պետք է ուղեկցվի հարկային վարչարարության բարելավմամբ եւ գույքի հարկման արդիականացմանն ուղղված միջոցառումներով: Դրամավարկային քաղաքականության հետագա ամրապնդումը կնպաստի նրան, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետությունը կբարձրանա եւ գնաճը կվերադարձվի միջնաժամկետ նպատակին: Միջոցներ կձեռնարկվեն նաեւ ֆինանսական համակարգը պաշտպանելու, կապիտալի շուկաները է՛լ ավելի զարգացնելու եւ ֆինանսների հասանելիությունը դյուրացնելու ուղղությամբ: Կառուցվածքային բարեփոխումների կուռ փաթեթով նախատեսված գործողությունների վճռական իրականացումը կնպաստի կայուն եւ ներառական աճի ապահովմանը, ինչին կարելի է հասնել մասնավոր հատվածի զարգացմամբ, ավելի մեծ թվով ուղղակի ներդրումներ ներգրավելու եւ դիվերսիֆիկացիայի խորացմանը նպաստող միջոցառումներով: Մարդկային կապիտալի բարելավման եւ աշխատուժի մասնակցության ավելացմանն ուղղված քայլերը նույնպես կարող են օգտակար լինել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: