Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը մեկնաբանում է քրգործը ՍԴ ուղարկելու դատարանի որոշումը


  
դիտումներ: 406

Սահմանադրական դատարանը կարող է գործը քննել շուրջ 2 ամիս։ Առաջին ատյանի դատարանն այդ ընթացքում որևէ գործողություն չի կատարի։

Դատարանը կարող է որևէ գործողություն չկատարել` մինչև Սահմանադրական դատարանի որոշման կայացումը։ Մեկնաբանելով մարտի 1-ի գործը ՍԴ ուղարկելու որոշումը, Sputnik Արմենիային ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նրա հաշվարկով այդ պրոցեսը կարող է շուրջ 2 ամիս տևել։

«Այսինքն գործի վարույթը կասեցված է մինչև Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության որոշումը ՍԴ–ի կողմից։ Սահմանադրական դատարանի առջև 300.1 հոդվածի սահմանադրականության հարցն է դրված»,– ասաց Ալումյանը` հիշեցնելով, որ Քոչարյանն այդ հոդվածով մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար։

Քանի որ նշված հոդվածը ուժի մեջ է մտել 2008թ–ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, ՍԴ–ն պետք է պատասխանի` արդյոք Սահմանադրությանը չի հակասում այն փաստը, որ հոդվածը կիրառվում է այնպիսի գործողությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել մինչև այդ հոդվածի քրեական օրենսգրքում ներառվելը։

Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի և նախկին ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Արմեն Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը մեղադրվում են 300.1 հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: