Հայերեն   English   Русский  

Ավարտվեց Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը


  
դիտումներ: 243

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Մինչ հանդիպումը նա պատասխանել է լրագրողների հարցերին և ասել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական միջնորդություն ներկայացնելիս ինքն ու Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նպատակ չեն ունեցել Հայաստանում լրացուցիչ լարվածություն առաջացնել:

«Մեր նպատակն էր հարթել լարված իրավիճակը, եթե այն կար: Մեր միջնորդության մեջ նշված էր, որ դա քայլ չէր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը կասկածի տակ դնելու, այլ քայլ էր խափանման միջոցը փոխելու համար»,-ասել է Բակո Սահակյանը:

Հանդիպումը փակ ձևաչափով էր անցկացվում: Այն ավարտվեց րոպեներ առաջ: Բակո Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկել են բոլոր առաջնային հարցերը:

«Ես շնորհակալություն եմ հայտնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին հանդիպումը կազմակերպելու համար: Մենք հնարավորություն ունեցանք անդրադառնալ բոլոր հարցերին, և ամենակարևորը փաստեցինք, որ այսուհետ հաճախ ենք հանդիպելու և քննարկելու բոլոր այն իրավիճակները, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի համար: Մենք խոսել ենք ամեն ինչի մասին. անվտանգության, միջխորհրդարանական կապերի մասին, խոսել ենք, թե ինչպես անենք, որ մեր տնտեսությունը առաջընթաց ունենա»,-նշել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ հանդիպման նախաձեռնությունը իշխող խմբակցությանն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: