Հայերեն   English   Русский  

​Նիկոլայ Բաղդասարյանը կզբաղվի՞ հոկտեմբերի 27֊ի գործի խոշտանգումներով


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 358

ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Հանրային հեռուստատեսությամբ որպես մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ասաց թե նրա նախագահության օրոք ինչ դաժանորեն խոշտանգում էին մարդկանց հոկտեմբերի 27֊ի գործով։

Այո, նա ճիշտ է ասում, բայց միայն ճշմարտության կեսը, այն կեսը որ շահավետ է «Իմ քայլին»։ Ահա ինչ է պատմում Հոկտեմբերի 27֊ի գործով ազատազրկված Էդիկ Գրիգորյանը իր նամակում.

«Իսկ այ, դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք:

Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ»:
Բացի այդ, 2009֊ին իր խցում Էդիկ Գրիգորյանը նաև ինձ էր պատմում, թե ինչպես էին ձմեռվա ցրտին լուսամուտները բաց դրսում –10 ցրտին խցում վրան սառը ջուր լցնում ու առավոտ գալիս, որ ստանան իրենց ուզած պատասխանը` թե Քոչարյանն է պատվիրել ահաբեկչությունը: Ու Գագիկ Ջհանգիրյանի ներդրած բոլոր ջանքերին հակառակ, բոլոր խոշտանգումներին դիմանալով ինքը մնում է անկոտրում ու չի ասում էն ինչ իրենից պահանջում էին։

Էդիկ Գրիգորյանը մահացել է, բայց կան նրա հարազատները, այս գործով անցած կասկածյալները, նաև դեռ բանտում են հոկտեմբերի 27֊ի գործով ցմահ ազատազրկվածներ։ Այդ տարիներին 1999-2001֊ին երկրի վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էր, Վազգեն Սարգսյանի ընկերներն էին գլխավոր դատախազը՝ Բորիս Նազարյանը, և զինվորական դատախազը՝ Գագիկ Ջհանգիրյանը։
Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին կոչ եմ անում որպես պատգամավոր հետաքննություն անցկացնել հոկտեմբերի 27֊ի գործով կալանավորվածների նկատմամբ խոշտանգումների փաստով և դահիճներին պատասխանատվության ենթարկել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: