Հայերեն   English   Русский  

Վարչապետը մարդկանց մղում է հանցագործության. Աղասի Ենոքյան


  
դիտումներ: 141

Անցումային արդարադատության և դատական համակարգի անկախացման համար դատարանների արգելափակումն ու բողոքի ակցիաների անցկացումը իշխանությունների կողմից շատերին է մտահոգել:

Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գործողություններում ու հայտարություններում քաղաքագետ Աղասի Ենոքյանը երեք հիմնական մեսիջ է տեսնում:

«Առաջին մեսիջը այն է, որ վարչապետը չի կարողանում վերահսկել դատարաններին, և դա պետք էլ չէ, քանի որ գործ ունենք իշխանության տարբեր ճյուղերի հետ: Երկրորդ, որ չի կարողանում վերահսկել Արցախի իշխանություններին, և սահմանադրորեն իրավունք էլ չունի: Եվ երրորդը, որ կա պատերազմի վտանգ և որոշակի քայլերով վարչապետը փորձում է իրեն ապահովագրել: Մենք միշտ գիտենք, որ պատերազմի վտանգ կա, և այն իրական է, վերջին շրջանում անընդհատ զորավաժություններ են իրականցվում Ադրբեջանում, բայց այս ամենից ենթադրություն անել, որ պատերազմի կլինի և Արցախի ղեկավարությունը կարող է հողեր հանձնել ու այդ ամենի մեջ կարող են մեղադրել Հայաստանի իշխանություններն, ես սա անհեթեթություն եմ համարում, քանի որ մարդիկ չեն կարող իրենց արյան գնով ազատագրած հողերը հետ հանձնել և դրա մեջ մեղադրել Նիկոլ Փաշինյանին: Այս երեքը մեսիջները միասին փաթեթավորվեցին ու տեղի ունեցավ լուրջ շոու՝ դատարանների մուտքերի արգելափակումը»,-ասում է Ենոքյանը:

Քաղաքագետը կարծում է, որ վերջին իրադարձությունները պարզապես միջոց են սքողելու ավելի լուրջ գործողությունները, որոնք հնարավոր է կատարվեն մոտ ապագայում:

«Կարծում եմ տեսել եք աճպարարություններ. սկզբում հանդիսատեսի աչքին թոզ են փչում՝ իրական գործողությունը անելու համար: Ես կարծում եմ, որ դատարանների հետ կապված գործողությունները նմանատպ թոզ փչոցի են: Խոսքը վերաբերում է Արցախում պատերազմի վերսկսմանն ու հողեր հանձնելուն, և Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն ապահովագրել՝ասելով, թե Արցախի իշխանություններն են ամեն ինչ անում, որ հետո իմանան՝ ում մեղադրել: Ներկա իշխանությունները չեն կարողանում իրական որևէ արդյունքի հասնել, չեն կարողանում տնտեսության վիճակը լավացնել, սոցիալական ռեալ հարցեր չեն կարողանում լուծել, փորձում են հեղափոխության նման փուլերով շեղել ժողովրդի ուշադրությունը և շարունակ նոր թշնամիներ են փնտրում: Այս դեպքում թշնամիները դատարաններն են»:

Ըստ Ենոքյանի հեղափոխությունը միշտ ընդդեմ գործողություն է, և որպեսզի ուժը չկորցնի նրան միշտ թշնամիներ են պետք: Սակայն նաև նշում է, որ վարչապետի հեղինակությունը գնալով անկում է ապրում:

«Եթե Փաշինյանը գնա իր խոստացած Սահմանադրության փոփոխությունների ճանապարհով, էնպիսի հոդվածների փոփոխություն լինի, որ հանրաքվեներ են պահանջում, նա չի կարողանա հաղթահարել այդ փափոխությունները, որովհետև արդեն չունի այնքան հեղինակություն, որ կարողանա քվե ապահովել»:

Անդրադառնալով երեկ՝ մայիսի 20-ին Բակո Սահակյանի և Իմ քայլը խմբակցության պատգամավորների հանդիպմանը, Աղասի Ենոքյանը նշեց, որ դժվար է ասել, ո՞րն էր փակ ձևաչափով անցկացված հանդիպման բուն նպատակը:

«Ես կարծում եմ, որ իրական նպատակը կարող էր լինել այն, որ պատերազմի հոտ են առել, հանդիպման ընթացքում գուցե դրա վերաբերյալ փորձել են մեկնաբանությունները հասկանալ, հասկանալ ինչպես կարելի է դիմակայել դրան, գուցե անդրադարձել են նաև ներքաղաքական խնդիրներին, նրան, որ Հայաստանը շատ է ուզում թելադրող լինել առաջիկայում սպասվող Արցախի նախագահական ընտրություններում: Կարծում եմ, որ հանդիպումը կարող է նաև թուլացնել վերջին օրերին Հայաստանի և Արցախի միջև ստեղծված լարված իրավիճակը»:

Ըստ քաղաքագետի՝ վարչապետի հայտարարությունները և մարդկանց բողոքի ակցիաները մի շարք օրենքներ են խախտում:

«Վարչապետը մարդկանց մղում է հանցագործության: Դատարանների դռները փակելը արդարադատության իրականացմանը խոչընդոտելն է, և անկախ նրանից, թե վարչապետը ինչ կոչ է արել, էդ մարդիկ բոլորը ունեն անձնական պատասխանատվություն նաև քրեական օրենսգրքով»:

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը անդրադառնալով՝ Ենոքյանը նշեց, որ չի բացառում, որ վարչապետը կարող էր ազդեցություն ունենալ դատավորի վրա, որովհետև իրեն անհրաժեշտ էր, որ Քոչարյանը ազատ արձակվեր և ինքն էլ այս շոուն բեմադրվեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: