Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 439

Անցնող շաբաթը Հայաստանում բացառիկ էր և չափազանցություն չի լինի ասել՝ պատմական, քանի որ գրվեց մեր պատմության ամոթալի էջերից մեկը:

Շաբաթին գումարեցինք այս շաբաթվա առաջին օրը, քանի որ այն նախորդ օրվա ուղղակի շարունակությունն էր, հնարավոր չէր ամփոփել այն՝ առանց երեկվա իրադարձությունների:

Եվ այսպես, շաբաթվա հենց առաջին օրը՝ մայիսի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննությունը: Դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, նախ սկսեց քննել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Դատավարության ողջ ընթացքում դատարանի շենքի բակում ընթանում էին երկու հակառակորդ խմբերի՝ Քոչարյանին աջակցողների և նրա հակառակորդների ցույցերը:

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր ներկայացրին դատարան։ Նրանք երաշխավորում էին, որ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությունը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և չի կատարի քրեական օրենսգրքով չթույլատրվող արարք։ Մինչ այդ Արցախի նախագահները նույն բովանդակությամբ միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը մերժել էր երաշխավորագիրը՝ պատճառաբանելով, որ նախաքննությունն ավարտվել է, գործը հանձնվել է դատարան, ուստի այդ հարցն այլևս իր իրավազորությունից դուրս է: Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։

Եվ մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինում մասնակցում էր «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին՝ արանքներում տիկնոջ հետ բադ և այլ ճաշատեսակներ վայելելով ռեստորաններում, իսկ նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում մասնակցում էր տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին, բացահայտվեց, որ դատախազության ներկայացրած մեղադրականը հիմնված է մի վկայի ցուցմունքի վրա, իսկ մնացած տասը վկաների ցուցմունքները, որոնք չէին համընկնում տվյալ ցուցմունքի հետ, դատախազությունն անտեսել է: Այդ միակ վկան ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, 2016 թ. ապրիլին պաշտոնից հեռացված գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, որի անվան հետ էին կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված լուրջ բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Նշված ցուցմունքը տալուց հետո Արշակ Կարապետյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

դատարան

Մայիսի 16-ին նախագահները ներկայացան դատարան և հաստատեցին իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Եվ մայիսի 18-ին դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Այս բավական բնականոն իրադարձություններին հետևեց վարչապետի, մեղմ ասած, տարօրինակ արձագանքը: Մայիսի 19-ին նա իր սիրելի ժողովրդին մղեց բառի բուն իմաստով հանցագործության՝ կոչ անելով արգելափակել բոլոր դատարանների դռները: «Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը` այնպես, որ ոչ ոք ներս չմտնի»,-գրեց նա իր ֆեյսբուքում:

Ակնհայտ էր, որ այս ավելի քան անտրամաբանական քայլին նրան դրդել էր դատարանի նախորդ օրվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Դատարանը չէր ենթարկվել վարչապետի կամքին և անփոփոխ չէր թողել Քոչարյանի խափանման միջոցը, և հենց այդ ժամանակ վարչապետը հիշեց, որ դատական համակարգը կոռումպացված է և չի վայելում ժողովրդի վստահությունը: Այսպիսով վարչապետը ցույց տվեց, որ այդպես էլ վարչապետ չի դարձել, մնացել է ընդվզումների առաջնորդ, ուստի դիմեց իր հին մեթոդին՝ հանրությանը կոչ անելով գնալ դատարաններ և իրականացնել իր կամքը՝ խոչընդոտել դատարանների բնականոն գործունեությունը:

Վարչապետի կոչին հաջորդեցին տարբեր քաղաքական կուսակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի, բարձրագույն դատական խորհրդի, փաստաբանների պալատի, քաղաքագետների ու իրավաբան փորձագետների հայտարարությունները, որոնք դատապարտում էին այդ քայլը: Դրանցից մի քանիսը բավական խիստ էին և բացահայտ հայտարարում էին, որ այդ քայլով հանցագործություն է կատարվում: Շատերը հարց էին տալիս, թե կա՞ արյոք աշխարհում որևէ երկրորդ երկիր, որի ղեկավարը կոչ անի ժողովրդին ոտնձգություն անել իշխանության թևերից մեկին:

Էլ ավելի զարմանալի և վրդովեցնող էր հաջորդ օրը վարչապետի ելույթը կառավարությունում, որը խուճապի հասնող տագնապ առաջացրեց հանրության մեջ: Բացի այն, որ դատարանների վրա գրոհը փաստացի նշանակում էր սահմանադրական կարգի ոտնահարում, որով իշխանությունը բաժանված է երեք անկախ և իրար հակակշռող ճյուղերի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, արձանագրվեց, որ վարչապետը չբավարարվելով այն իրողությամբ, որ խորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ իր կամակատարն է, իր կցորդը, այժմ էլ փորձում է հպատակեցնել դատական իշխանությունը՝ հիշեցնելով նրա կոռումպացված լինելը, հորդորելով դատավորներին հրաժարական տալ, սպառնալով այնտեղ դիմել «վիրահատական միջամտության» և այսպես կոչված վեթինգի (իմա՝ զտման): Եթե դա նրան հաջողվի, իսկ նա ասաց, որ գնալու է մինչև վերջ, ապա զտումների արդյունքում կմնան միայն այն դատավորները, որոնք հլու-հնազանդ կկայացնեն վարչապետահաճո որոշումներ, թքած օրենքի վրա էլ, իրավունքի վրա էլ, սահմանադրության վրա էլ, կարևոր է, որ վարչապետը հասնի միանձնյա իշխանության: Միայն թե անհայտ է, թե այսուհետ ինչպես է Հայաստանը միջազգային հանրության առջև ներկայանալու որպես իրավական և ժողովրդավարական երկիր:

Եվ խորհրդարանը, որ ուրիշ բնականոն երկրներում անմիջապես նիստ կհրավիրեր քննարկելու համար վարչապետի նոր ձեռնարկման օրինականությունը, գրեթե դատարկվեց: Մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության անդամները զորակոչվեցին, որպեսզի տեղերում ապահովեն դատարանների դռները փակող ակտիվիստների գլխաքանակը: Եվ սա իհարկե, զարմանալի չէր, քանի որ խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրից հստակ էր, որ այն միաձայն համաձայնություն կտա վարչապետի յուրաքանչյուր կամայականությանը: Այդքանից հետո անգամ, ինչպես արձանագրեց հեղափոխական ակտիվիստներից մեկը, ընդհանուր հաշվով 1100 մարդ հետևեց վարչապետի կոչին:

Վարչապետի կոչին ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվեց և ուղարկվեց Սահմանադրական դատարան:

Այսուհանդերձ հանրությանն ամենից շատ անհանգստացրեց վարչապետի ուղերձի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախին:

Մինչ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ 10-հազարանոց զորավարժություններ էին անցկացնում, մեր վարչապետը նշեց, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձում են տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, որպեսզի կոծկեն իրենց կոռուպցիոն հանցագործությունները: «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- ասաց նա՝ դա որակելով «պետական դավաճանություն» և խոստանալով ձեռնարկել ամենակոշտ միջոցներն այդ դավադիր մտադրություններն արմատախիլ անելու համար:

Թե ինչ դավադիր ուժերի մասին է խոսքը, վարչապետը չնշեց, սակայն Արցախի ժողովրդին ուղղված կոչից պարզ դարձավ, որ դավադիր, պառակտող, ընդհուպ պետական դավաճան կհամարվի յուրաքանչյուր ոք կամ յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը կհամարձակվի չհամաձայնել վարչապետին և չենթարկվել նրա կամքին. «Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:

Այսու պետք է նկատի ունենանք, որ վարչապետն իր այս վերջին ինքնախոստովանանք-ուղերձով փորձում է վերացնել ոչ միայն իշխանության թևերից վերջինի՝ դատական իշխանության անկախությունը, այլև ամայացնել ընդդիմադիր դաշտը: Չկան այլևս ընդդիմադիր ուժեր, այլ կան հակահեղափոխականներ, դավադիր ուժեր, պառակտողներ ու պետական դավաճաններ, ինչպես ժողովրդի թշնամիներ կային պատմությունից մեզ հայտնի հետհեղափոխական «բարի» ժամանակներում:

Վիտալի Բալասանյան

Նշենք, որ այս ամենին զուգահեռ տեղի ունեցան որոշ ուշագրավ դիպվածներ: Ոստիկանությունը ճանապարհին կանգնեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և փորձեց խուզարկել նրա ավտոմեքենան՝ չունենալով խուզարկության դատարանի թույլտվությունը: Հետագայում ոստիկանությունը հայտարարեց, որ դա տեղի է ունեցել պատահաբար, իբր իրենք չեն էլ իմացել, որ տվյալ ավտոմեքենան Վիտալի Բալասանյանինն է: Ազատության հրապարակում Քոչարյանի հակառակորդ ցուցարարները հարձակվեցին թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի վրա: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին, երբ փորձում էր պատուհանից մուտք գործել իր աշխատավայր, ցուցարարները քաշքշեցին և ապա հրելով վայր գցեցին: Եվ թեպետ դեպքի տեսագրությունը տեսել են բոլորը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հավաստեցին, որ դատավորն ինքնիրեն է ընկել, տվյալ ցուցարարները նույնպես հավատացրին, որ իրենք դատավորին չեն կպել և բռնություն չեն գործադրել, ընդհակառակը՝ օգնել են, որ գետնից բարձրանա:

Դատարանների շենքերի շրջափակման ակցիայից հետո վարչապետը շնորհակալություն հայտնեց ցուցարարներին՝ չմոռացավ ասել, որ սիրում է նրանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: