Հայերեն   English   Русский  

​Արթիկ քրեակատարողական հիմնարկում փորձել են դանակահարել Վարդան Ղուկասյանի եղբորորդուն


  
դիտումներ: 148

Արթիկ քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջև: Այս մասին հայտնում է News.am կայքը:

17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանին, ով Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, կալանավայրում փորձել են դանակահարել։

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների միջև։ Մայիսի 19–ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Դատապարտյալներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։

Փաստի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. հուլիսի 22-ին, Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) և դատապարտել 17 տարվա ազատազրկման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: