Հայերեն   English   Русский  

​700 000 եվրո`12 նոր մեքենա 12 նախարարի համար. ծառայողական էլեկտրամոբիլներ կգնեն


  
դիտումներ: 395

Բնապահպանական դրամաշնորհի գումարով Հայաստանի կառավարությունը որոշել է նոր, էկոլոգիապես մաքուր ծառայողական ավտոմեքենաներ գնել։

Կառավարությունը որոշել է նախարարների ծառայողական ավտոմեքենաները փոխարինել էլեկտրամոբիլներով։ Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաները ձեռք կբերվեն բնապահպանական դրամաշնորհային գումարներով։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։

Այստեղ հրապարակված տեղեկատվության համաձայն` Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն այդ նպատակով տրամադրել է 700 000 եվրո։ Այդ գումարով կառավարությունը նախատեսում է գնել 12 ավտոմեքենա` ըստ նախարարների քանակի։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, սակայն, չի բացառում, որ մեկ այլ ծրագրով համապատասխան ֆինանսավորման դեպքում էլեկտրամոբիլներով կփոխարինվեն նաև վարչապետի ու փոխվարչապետի ծառայողական ավտոմեքենաները։

«Նախագահը ևս հետաքրքրություն է հայտնել»,– նշում է նախարարը` հավելելով, որ նոր գնվող ավտոմեքենաները շքեղ չեն լինելու, լինելու են հարմարավետ։

էլեկտրամոբիլների ներկրումը Հայաստան տարեցտարի ավելանում է։ Եթե 2016թ. Հայաստան է բերվել էլեկտրական շարժիչով 5 ավտոմեքենա, ապա այսօր դրանց թիվը Երևանում արդեն 100-ն է։ Մարզերում էլեկտրամոբիլ վարողներ դեռ չկան։

Կառավարությունը հուսով է, որ իր նախաձեռնությունը խթան կհանդիսանա նաև հանրության համար` վառելիքով ավտոմեքենաները էլեկտրագնացներով փոխարինելու։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: