Հայերեն   English   Русский  

Հայաստանը հարգում է իր հերոսներին. Աննա Նաղդալյանի ճեպազրույցը


  
դիտումներ: 155

Այսօր՝ մայիսի 21-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը անդրադարձել է

Ադրբեջանի կողմից առաջարկված բոլորը բոլորի դիմաց սկզբունքին: Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում:

«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և մարդասիրական իրավունքի խախտումները»:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ-ի զեկույցին, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկել ոչ միանշանակ գործչի հիշատակի հավերժացման ուղղությամբ՝ նկատի ունենալով Գարեգին Նժդեհին՝ Նաղդալյանը ասաց.

«Զեկույցին ծանոթացել ենք և այդ մասին կարող եմ ասել. Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդից մասնակցել են 600 հազար մարդ, զոհվել է 300 հազարը, եթե չեմ սխալվում մենք ունենք 150 սովետական հերոս, 80 գեներալ, 6 մարշալ: Երկրորդ՝ Հայաստանը պայքարել է իր անկախության, գոյատևման համար թուրքերի և կովկասյան թաթարների դեմ և հարգում է այդ պայքարում իր հերոսներին: Երրորդ՝ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը մարդու իրավունքներին մոտենում է համընդգրկուն ձևով, ունի ժողովրդավարական կարգ և բազմակարծություն: Սակայն, միաժամանակ լինելով ժողովրդավարական և իրավունքի գերակայության երկիր, Հայաստանում կան օրենքներ, որոնք սահմանափակում են երկրում ռասայական կամ այլատյացության դրսևորման ցանկացած դեպք: Եվ չորրորդ՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պայքարում է նեոնացիզմի, այլատյացության դեմ, քանի որ սեփական փորձից գիտի դրա վտանգները՝ հանդիսանալով այլատյացության զոհ: Հայաստանը նաև պայքարում է ծայրահեղականության ցանկացած դրսևորման դեմ, լինեն դրանք տարածաշրջանում այլատյացություն սերմանողները, թե սափրագլուխները»:

Ինչ վերաբերում է վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանմանը, Նաղդալյանը նշել է, որ երբ կա քաղաքական կամք, հնարավոր է որոշակի առաջընթաց արձանագրել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված քայլերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: