Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը


  
դիտումներ: 317

Այսօր՝ մայիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով առաջին դատական նիստը։

Մինչ դատական նիստի սկսվելը՝ Երանոսյանը լրագրողներին փոխանցել է գրավոր հայտարարություն, որում նշված է, որ ինքը մեղադրանքը չի ընդունում։

Հենց դատական նիստի սկզբում նախկին փոխոստիկանապետի պաշտպան Տիգրան Սաֆարյանը միջնորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի քրեական գործով որպես վկաներ հարցաքննելու առնչությամբ։ Դատարանը որոշեց նշված միջնորդության քննարկումը հետաձգել և դրան անդրադառնալ դատաքննության ընթացքում, քանի որ թե դատախազը, թե տուժող կողմի ներկայացուցիչները դեմ էին արտահայտվել միջնորդությանը՝ նշելով, որ հստակ չէ, թե ինչ փաստի, հանգամանքների վերաբերյալ պետք է ցուցմունք տան նրանք:

Հիշեցնենք, որ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լևոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: