Հայերեն   English   Русский  

«Ընտրողն ավելի շատ էմոցիաներով, բնազդներով է առաջնորդվում, քան ծրագրերով և քաղաքական նախասիրություններով»


  
դիտումներ: 689

Ինչո՞վ է առաջնորդվում ժամանակակից հասարակությունն առաջնորդ ընտրելիս, ինչո՞ւ են աշխարհի մի շարք երկրներում ավանդական կուսակցություններն ու քաղաքական գործիչներն ընտրություններում զիջում նորեկներին, որոնք ունեն ոչ ստանդարտ մոտեցումներ․ այս և մի շարք հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքական PR տեխնոլոգիանեի մասնագետ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, վերջին տարիներին շատ երկրներում ավանդական քաղաքական գործիչներն ընտրություններում զիջում են նորեկ, ոչ ստանդարտ գործիչներին։ Ինչո՞վ է պայմանավորված այս միտումը։

-Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կա որոշակի հիասթափություն ավանդական քաղաքական հոսանքներից, որովհետև աշխարհը վերջին 20-30 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ չի դարձել ավելի անվտանգ ու բարեկեցիկ և, որ ամենակարևորն է ընտրողի համար, ավելի արդար։ Այս պարագայում ոչ միայն ընտրողներն են իրենց նախասիրությունները փոխում, այլ նաև տարբեր երկրների էլիտաները, որոնք ընտրողներին առաջարկում են այլ թեկնածուներ և այլ մոտեցումներ։ Էլիտաները սովորաբարզգում են, թե հասարակությունների, ընտրազանգվածների մոտ ինչ պահանջներ են սկսում ձևավորվել, և իրենք էլ են սկսում առաջարկել այլընտրանքային տարբերակներ։

Եթե ավելի պարզ խոսենք, ընտրողները, սովորական քաղաքացիները, հասարակական շերտերը հոգնել են քաղաքական հոսանքներից, ավանդական քաղաքական կուսակցություններից ու մոտեցումներից, իրար ժամանակ առ ժամանակ փոխարինող նույն կուսակցություններից։ Եվ ստեղծված իրավիճակն ըստ էության հասարակության մոտ բունտի դրսևորում է։ Եթե նկատել եք, սկսել են ընտրել ոչ քաղաքաան գործիչների՝ դերասարնների, շոուբիզնեսի ներկայացուցիչների, կամ բիզնեսի ներկայացուցիչների, բայց էպատաժային, ոչ թե տրադիցիոն բանկիրների ու ֆինանսիստների, որոնք ուղղակիորեն կապված են ֆինանսաօլիգարխիկ կապիտալի հետ։ Ընտրում են մարդկանց, որոնք իրենց աշխատանքով են ինչ-որ բանի հասնում, որոնք կարողանում են շփվել ժողովրդի հետ, որոնք էպատաժային են։

-Հասարակությունը մի կողմից փոփոխություններ է պահանջում, բայց չի հստակեցնում, թե ինչպիսի փոփոխություն է ուզում։ Նորեկ գործիչներն էլ փոփոխություն են առաջարկում, կրկին չհստակեցնելով, թե ինչն են փոխելու և ինչպես։ Ինչո՞վ է պայմանավորված ակնկալիքների և խոստումների անորոշությունը և այդ պայմաններում արդյո՞ք ինչ-որ բան փոխվելու է։

-Եթե վերլուծությունը շարունակենք այսօրվա միտումների տեսակետից, քանի որ ապրում ենք բավականին լուրջ ինֆորմացիոն դարում, ցանկացած ինֆորմացիա մոտավորապես կարող է 15 րոպե նորություն մնալ։ Այս պարագայում ընտրողները ոչ թե խորանում են գործընթացների, երևույթների մեջ, այլ առաջնորդվում են էմոցիաներով, համակրանքով։ Այստեղ շատ կարևոր է դառնում քաղաքական գործչի կամ քաղաքական հավակնություններ ունեցող շոուբիզնեսի ներկայացուցչի, սպորտսմենի կամ լրագրողի խարիզման, և այն, թե ինչպես է ինքը կարողանում ամենատրիվիալ մտքերը ներկայացնել հանրությանը։ Հանրությունը նախ և առաջ այդ ամենն ընկալում է էմոցիոնալ առումով, որից հետո հանրության միայն մի մասը փորձում է հասկանալ, թե դա ինչ էր, իսկ մնացած մասը շարունակում է զուտ էմոցիայով առաջնորդվել։

-Այսինքն ներկայում քաղաքականությունում գաղափարական, ծրագրային պայքարը զիջում է էմոցիաների՞ն։

-Կարծում եմ, որ բոլոր վերջին միտումները ցույց են տալիս, որ հիմա ընտրողը ինֆորմացիոն տեխնոլոգիաների արագ զարգացող դարում ավելի շատ էմոցիաներով, բնազդներով է առաջնորդվում, քան ծրագրերով, քաղաքական նախասիրություններով և այլն, և այլն։

Սա ինֆորմացիոն հասարակության հետևանքներից է։ Ինֆորմացիոն նման ծավալի հոսքերի պայմաններում ամեն մարդ չէ, որ հնարավորություն, ցանկություն և ժամանակ ունի ողջ ինֆորմացիան վերլուծել, կեղծն ու իրականը զատել։

Պատկերացրեք, որ սովորական քաղաքացին, որ 4-5 տարին մեկ ունի ընտրողի ֆունկցիա, ժամկետի ավարտին պետք է գնահատի՝ լա՞վ էր, թե՞ վատ։ Գնահատականներն էլ են հիմա փոխվել, ոչ թե խորացած վերլուծություն են անում, այլ ասում՝ լավ էր կամ վատ։

Պատահական չէ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ դեպքերում իրենց խոսքը միշտ ավարտվում են այսպես՝ «լավ է լինելու», «սիրում եմ բոլորիդ»։ Իրենք չեն ասում, թե ինչն է լավ կամ վատ լինելու, պարզապես դրական էմոցիաներ են առաջացնում։ Ու կա շատ մեծ խավ, և խոսքը ոչ միայն Հայաստանի մասին է, որը գնում է դրա վրա։ Նույն Վլադիմիր Զելենսկու ֆենոմենը․ նրա նախընտրական քարոզարշավի հիմքում ընկած էր իր սերիալը, որտեղ ներկայանում էր որպես ժողովրդից ծնված նախագահ։ Ըստ էության նույն բանն է խաղում հիմա։ Ինքը նույն բանն արեց, ինչ արել էր սերիալում։ Եվ քանի որ մարդիկ սիրեցին սերիալի հերոսին, էմոցիոնալ մակարդակում ընդունեցին, իսկ ինքը զուտ սերիալայինքայլերով առաջ գնաց, էկրաններից իջավ կյանք, սիրված սերիալը դարձավ իրականություն։ Բնականաբար այդ ամենը ֆինանսավորվել է, մտածվել ու մշակվել, տեխնոլոգիաներ են կիրառվել, այս ամենը հասկանալի է։ Բայց մարդկանց ընտրությունն է դա եղել։

-Ավանդական քաղաքական ուղղությունների մոտեցումները արդյո՞ք պետք է փոխվեն ժամանակակից միտումներին հարմարվելու և մրցունակ լինելու համար։ Եթե այո, ինչպե՞ս։

-Իմ կարծիքով՝ որոշ ժամանակ հասարակությունը կզմայլվի նոր քամիներով։ Ժամանակի ընթացքում, եթե չարդարացվեն ակնկալիքները, նորից թրենդային կդառնան ավանդական ուղղություններն ու գաղափարները։ Բայց կարծում եմ, որ որոշակի սիմբիոզ կլինի, ավանդական կուսակցությունները կփորձեն նոր քամիները, միտումները զգուշորեն ներառել իրենց գործունեության մեջ՝ փորձելով այսպես ասած հակառակորդից ընտրազանգված փախցնել։ Ընդհանրապես, այս գործընթացները ցիկլիկ են։ Այն, ինչ հիմա հատակին է, թվում է, թե վերջ, որոշ ժամանակ անց պահանջված է լինում։ Հայաստանում էլ է այդպես, այն քաղաքական գործիչները, որոնք 10 տարի առաջ մերժվում էին, մարդիկ պահանջում էին կախաղան հանել, մեկ էլ 10 տարի անց դառնում են պահանջված․ սերունդ է փոխվում, որը չի հիշում, թե ինչ է եղել 10 կամ 20 տարի առաջ։ Այդ սերնդի հետ ճիշտ աշխատելու դեպքում, համապատասխան էմոցիա, ռոմանիզմ հաղորդելու դեպքում կարելի է հաջողել։ Այդպես եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում 2008-ին․ նոր սերունդ էր եկել, որը չէր հիշում անցյալը։

Զարգացած, քաղաքական ավանդույթ ունեցող երկրներում, եթե մերժված քաղաքական ուժը նորից ասպարեզ է գալիս և ձգտում է իշխանության, նոր լիդերներով է գալիս, մեզ մոտ այդպես չի լինում։ Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, անցած 30 տարիներին Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ նախկին 3 նախագահների բերմունդյան եռանկյունուց։ Ոչ ոք չի ասում, որ ՀՀԿ-ն մի քանի տարի հետո չի կարող կամ ժամանակին ՀՀՇ-ն չէր կարող վերադառնալ կամ լավ արդյունք ունենալ, խնդիրն այն է, որ ուզում են վերադառնալ այն լիդերներով, որոնք տապալվել են։ Դրսում նման բան չկա, ձախողված առաջնորդն անմիջապես հրաժարական է տալիս։

Ասեմ, որ նախադեպերը քաղաքական մշակույթում շատ կարևոր են։

-Պարոն Հակոբյան, ապագայի քաղաքականությունը և քաղաքական գործիչը ինչպիսի՞ն են լինելու։ Օրինակ, մոտ 10 տարի անց։

-Հիմա աշխարհը բավականին արագէ փոխվում, հիմա մեկ սերունդը 7-10 տարին է։ Նոր սերունդը տարբերակվում է ինֆորմացիայի և տեխնոլոգիաների ընկալմամբ։

10 տարուց հույս ունեմ, ու կլինի խարիզմայի և գաղափարի միաձուլում, որովհետև նույնիսկ ոչ ավանդական, էպատաժային դեմքերից մարդիկ ինչ-որ ժամանակ հոգնելու են, անգամ եթե հաջողություն գրանցած լինեն։ Պատահական չէ ժողովրդավարական երկրներում առկա պահանջը, որ 8-10 տարի անց ղեկավար դեմքերը պետք է փոխվեն։ Մարդիկ ժամանակ առ ժամանակ փոփոխություն են ուզում։

Կարծում եմ՝ 10 տարի անց համադրվելու են էպատաժը, խարիզման, տեխնոլոգիաներին տիրապետելու արվեստը և ինչ-որ գաղափարներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: