Հայերեն   English   Русский  

«Ո՞ր ուժերն էին, որ վարչապետին մղեցին այդ ռիսկային դաշտ». Լարիսա Ալավերդյան


  
դիտումներ: 936

Հանրային խորհրդի անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը մայիսի 20-ին բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չընդունել որոշումներ, որոնք կխափանեն դատարանների աշխատանքը, մինչև կընդունվի իրավաչափ որոշում՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին և Սահմանադրությանը համապատասխան։

Լարիսա Ալավերդյանը վարչապետին ուղղված դիմումում գրել է, որ մայիսի 19-ի երեկոյան նրա հնչեցրած կոչը՝ հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը փակելու վերաբերյալ, կարող է գնահատվել իբրև սահմանադրական կարգի տապալման փորձ։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում կգտնվի այն որոշումը, որը կարող է ցույց տալ Հայաստանի ղեկավարության հավատարմությունը միջազգային պարտավորություններին և մեր երկրի օրենսդրությանը։

«Եթե մենք մտնենք մի դաշտ ու քննարկենք՝ լավն է Սահմանադրությունը, թե վատը, ապա կստացվի, որ բոլորը, այդ թվում՝ Ազգային Ժողովը, կառավարությունը, վարչապետը, օրինական չեն ընտրվել կամ նշանակվել, որովհետև մենք գործել ենք այդ Սահմանադրության շրջանակներում։ Այսինքն, մենք պետք է զերծ մնանք ծայրահեղ գնահատականներից, որովհետև դա մեզ կտանի դեպի քաոս»։

Անդրադառնալով մայիսի 20-ին դատարանների առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների գործողություններին գնահատական տալու անհրաժեշտությանը՝ իրավապաշտպանը նշեց, որ պետք չէ խոսել քաղաքացիների պատասխանատվության մասին, քանի որ մարդիկ իրենց նախաձեռնությամբ չեն գնացել այդ քայլին, այլ արձագանքել են Վարչապետի կոչին։

«Այդ առումով շատ խոցելի է վարչապետի դիրքորոշումը, քանի որ իջեցնում է նրա ոչ միայն ներքին, այլև արտաքին լեգիտիմությունը իշխանությունը իրացնելու ժամանակահատվածում»։

Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթը՝ կապված դատական բարեփոխումների իրականացման անհրաժեշտության հետ, Լարիսա Ալավերդյանը համարում է դրական քայլ խնդիրներն իրավական դաշտ բերելու տեսանկյունից։

Արցախին վերաբերող մասով Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ այդ հայտարարության մեջ նույնպես մտահոգիչ տարրեր կան։

«Օրինակ, վարչապետի ելույթում մեղադրանք հնչեց, այն էլ պետական դավաճանության վերաբերյալ, և նշմարվեցին «որոշ» խմբեր՝ իբրև դավադիրներ։ Միաժամանակ, ելույթի այդ հատվածը պարունակում է ակնհայտ քաղաքական ռիսկեր։ Ինձ վրա այդ հայտարարությունը ծանր տպավորություն թողեց։ Ես միշտ եղել եմ մարդակենտրոն և պետականամետ մտածելակերպի կրող, հիմա էլ ցանկանում եմ, որպեսզի մենք ոչ թե վիճակը վատթարացնելու, այլ ճիշտ լուծումներ գտնելու ճանապարհներ փնտրենք»։

Լարիսա Ալավերդյանը ողջունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը վերջին դեպքերի վերաբերյալ։

ՀՀ առաջին ՄԻՊ-ին անհագստացնում է նաև այն հարցը, թե այդ ինչն էր կամ որ ուժերն էին, որ վարչապետին մղեցին այդ ռիսկային դաշտ։ «Ինձ համար մեծ ցավ է, որովհետև դա վտանգավոր է ոչ միայն վարչապետի, այլև մեր երկրի ու հասարակության համար։ Հորդորում եմ ժամ առաջ ետ կանգնել այն ռիսկային գոտուց, որտեղ հայտնվել ենք»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: